09 05 2023

Իշխող կուսակցությունը թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել․ «Ժողովուրդ»

Իշխող կուսակցությունը թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կուսակցությունների, լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության մասին խոսող, պահանջներ ներկայացնող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական սկանդալի մեջ է ընկել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ աուդիտորական եզրակացություն է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվին՝ հայտնաբերելով աղաղակող ֆինանսական խախտումներ: Իշխող կուսակցությունը թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ վարձակալել եւ նվեր ստացել գրասենյակի տարածքներ, որոնք պարզ չէ՝ ով է տվել, ինչ ծառայության դիմաց եւ ինչ իրական նպատակներով:

Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն է ներկայացրել՝ համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Եվ այստեղ էլ հենց կանոններ են խախտվել, քանի որ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցությունները բոլոր դրամական միջոցները պետք է կատարեն անկանխիկ եղանակով: Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Իշխող կուսակցությունը երկու իրավաբանական անձանցից նաեւ բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել:

Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ, չկա տվյալ՝ ով, ինչու է նվեր տվել իշխող թիմին: Սա էլ դեռ ամենը չէ. կուսակցությունը մեկ անձից ստացել է 4 մլն 992 հազար դրամի նվիրատվություն այն դեպքում, երբ տարեկան մեկ անձի կողմից 2 մլն 500 հազար դրամ պետք է կազմի այն, այսինքն՝ ՔՊ-ն ստացել է նաեւ թուլատրելիից ավելի նվիրատվություն՝ գումարի տեսքով:

Նկատենք, որ ՔՊ-ի վարչության կեղծված ընտրություններից հետո այս բացահայտումները երկրորդ խոշոր սկանդալն է իշխող ՔՊ-ի շուրջ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ:

ՔՊ խմբակցությունը զբաղված է ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյայի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ