27 04 2023

Հռոմի ստատուտի ճակատագիրը՝ անհայտ. «Ժողովուրդ»

Հռոմի ստատուտի ճակատագիրը՝ անհայտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը դեռ չի որոշել՝ ինչպես է վարվելու Հռոմի ստատուտի հետ: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։

Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան մտնի: Եվ, ահա, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հասկանալու համար, թե երբ է այն ուղարկվելու խորհրդարան: Հետաքրքիր է, որ կառավարությունը մեկ ամիս ժամկետ է խնդրել մեր հարցին պատասխանելու համար: Ինչպես նշեցինք, կառավարությունը երեք ամիս ուներ որոշում կայացնելու համար. մեկ ամիսն անցել է: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ». Հռոմի ստատուտի ճակատագիրը՝ անհայտ
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ