«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները սառեցնեն Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ մինչ այս պահը դիվանագիտական խողովակներով չեն կարողացել համոզել Մոսկվային, որ դրա վավերացումն իրենց եւ հատկապես Պուտինի դեմ չէ։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունն ունի 3 ամիս՝ ստատուտի վավերացման հարցն ԱԺ ուղարկելու համար։
Մինչ այս պահը չի ուղարկվել։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, եւ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել միջազգային դատարանում, այլեւ պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ ընդամենը վերջերս միջազգային դատարանը Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ որոշումից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներից հնչեցին կոշտ արձագանքներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը