«Փաստ» օրաթերթը գրում է․
Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործող առանձին շրջանակներ այս օրերին լծվել են նոր տեղեկատվական արշավի: Իմաստը Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության քարոզչական թեզերի «ամուր պաշտպանության» գործին թարմ շունչ հաղորդելն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախնական ուսումնասիրություններով պարզվել է, որ հակառուսականության թեզերը առանձնապես հաջող չեն աշխատում Հայաստանում, փոխարենը ակտիվացել է «արևմտյան գծի» հանդեպ սուր քննադատությունը:
Ըստ այդմ, որոշվել է կտրուկ հակադարձել բոլոր նրանց, ովքեր «կհամարձակվեն» հավաքական Արևմուտքի, արևմտյան երկրների կամ պաշտոնյաների «թանին թթու» ասել: Ներկայում ինտենսիվ մոնիտորինգի են ենթարկվում ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հատկապես փորձագետների (ի մասնավորի՝ քաղաքագետներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ) գրառումները, հարցազրույցները, և բոլոր այն դեպքերում, երբ որևէ ձևակերպում գնահատվում է որպես Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման հավանականություն, անմիջապես հետևում է անդրադարձ՝ առավելապես հերքումների, «սուտ բռնելու» տեսքով:
Սրան զուգահեռ ակտիվացել է նաև ֆեյքային գործիքակազմը: Հիմնականում իշխանամետ կամ վերը նշված շրջանակներին հարող «էջերի» միջոցով հարձակում է սկսվում այդ փորձագետների էջերի վրա, ինչպես նաև հայհոյախառն, վիրավորական գրառումներ են կատարվում այն հարթակներում, որտեղ նշյալ «հերքումներն» են տեղ գտնում: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այս ամենն իրականացվում է Հայաստանի իշխանությունների «բարձր հովանու» ներքո:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը