15 03 2023

Ադրբեջանն ուզում է այդ ոչ պաշտոնական շփումները վերածել «ներադրբեջանական երկխոսության»․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

Ադրբեջանն ուզում է այդ ոչ պաշտոնական շփումները վերածել «ներադրբեջանական երկխոսության»․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը, թերեւս ոգեւորվելով նաեւ Նիկոլի այն տեսլականից, թե արցախահայությունը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, սկսել է վերջնագրերով խոսել Ստեփանակերտի հետ` պահանջելով «ինտեգրացվել»: Այն է` կա՛մ պետք է ընդունեն «ինտեգրացիոն քաղաքականություն» կոչվածը, կա՛մ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր: Ինչպե՞ս եք գնահատում այս հռետորաբանությունը, եւ ի՞նչ զարգացումներ են հնարավոր, հարցրինք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին, ով նախ նկատեց.

- Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ ձեւով չի փոխվում: Սա պարզ ձեւով ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր նպատակներից չի հրաժարվել ու չի հրաժարվելու, շարունակելու է ծավալապաշտական քաղաքականությունը:

Ի՞նչ ինտեգրացիայի մասին է խոսքը: Ինտեգրացիան ունի իր կանոնները, եւ որպեսզի դա լինի, նախ` այն պետք է լինի կամավոր: Այսինքն, չի կարող մի կողմը մյուսին պարտադրել ինտեգրացիա, եթե այդ մյուս կողմը չի ուզում նման բան: Բացի դրանից, կողմերը մեկը մյուսի հետ պետք է լինեն լիահավասար: Եթե կա կամավորության ու լիահավասարության սկզբունք, կարելի է քննարկել:

Արցախի պարագայում կամավորության սկզբունք գոյություն ունի՞. ո՛չ: Մենք չենք ուզում ինտեգրացիա: Հավասարության սկզբունք գոյություն ունի՞. ո՛չ: Իրենք համարում են, որ մենք ընդհանրապես պետություն էլ չենք:

Բացի դրանից, ինտեգրացիա սովորաբար լինում է բարիդրացիական հարաբերություններ ունեցող հարեւանների միջեւ: Ունե՞նք մենք այդ հարաբերությունները, իհարկե` ո՛չ: Հետեւաբար, այս ամենը ոչ այլ ինչ է, քան գաղութատիրական, ցեղասպան քաղաքականություն: Աշխարհը պետք է վերջապես կիսատ-պռատ խոսքերից անցնի գործի: Իրավիճակն այնպիսին է, որ մի ողջ ժողովուրդ ցեղասպանության եզրին է կանգնած, եւ սա կարծես թե բոլորի համար սովորական է, ինչ է եղել որ:

— Առհասարակ, Ստեփանակերտ-Բաքու շփումներն ինչ-որ արդյունք կունենա՞ն:

— Նախեւառաջ, ձեւաչափը պետք է հստակեցվի: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ, եթե այդ ձեւաչափը միջազգայնացվում է՝ դա մի հարց է: Ադրբեջանն ուզում է այդ ոչ պաշտոնական շփումները վերածել «ներադրբեջանական երկխոսության», այսինքն՝ «աբորիգեն ապստամբները» ներողություն են խնդրում Ադրբեջանից, ասում են՝ մենք սխալ էինք, աղաչում, պաղատում են, որ իրենց ներեն: Սա է իրենց մոտեցումը: Մեր մոտեցումը, սակայն, համապարփակ կարգավորումն է՝ հավասարը հավասարի հետ: Այս իրավիճակում, երբ մենք թույլ ու մասնատված ենք, ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը գնալո՞ւ է նման քայլի: Հետեւաբար, իրենց ցանկություններն ու տեսական մոտեցումները պետք է իրականությունից տարանջատենք:

Մենք տեսանք, որ Բաքու-Ստեփանակերտ հումանիտար եւ տեխնիկական քննարկումից հետո Ադրբեջանն Արցախում ահաբեկչություն իրականացրեց, որին զոհ գնաց երեք ոստիկան, որոնք Վիզաների վարչությունից էին, այսինքն՝ որեւէ կապ չունեին Զինված ուժերի հետ: Դրանից հետո նաեւ փակել են գազամատակարարումը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, իսկ աշխարհը լուռ ու կույր է, եթե չասենք՝ առհասարակ անտարբեր է: Ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհն այս կամ այն վայրում որեւէ իրադարձություն տեղի ունենալուց, եթե իր շահերից է բխում, բարձրաձայնում է, այս մեկին ասում է՝ ագ- րեսոր է, այն մեկին՝ այլ բան: Ադրբեջանն ամբողջ աշխարհի առջեւ կոտորած է իրականացնում, Միջազգային դատարանը որոշում է ընդունում, իսկ Ադրբեջանն ասում է՝ թքած ունեմ: Ավելին՝ Եվրոպան Ադրբեջանին հայտարարում է իր ռազմավարական գործընկերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ