07 03 2023

Հայաստանը թողնված է բախտի քնահաճույքի․ «Փաստ»

Հայաստանը թողնված է բախտի քնահաճույքի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ժամանակակից աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Իսկ շատ դեպքերում, երբ մարդիկ սկսում են ադապտացվել որևէ իրավիճակի, իրադրությունն արդեն փոխվում է։ Կտրուկ փոփոխությունները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Մյուս կողմից՝ գործող աշխարհակարգը սկսել է քայքայվել, իսկ անցումը դեպի նոր աշխարհակարգ իր հետ ցնցումներ ու նոր սպառնալիքներ է բերում։ Աշխարհաքաղաքական մրցակցության և ցնցումների արդյունքում էլ որոշ երկրներ իրենց ներքին տնտեսական ու քաղաքական դժվարությունները քողարկելու համար ագրեսիվ գործողությունների են անցնում։

Այնպես որ, ժամանակակից աշխարհը դարձել է նախ՝ ավելի անկայուն, ապա նաև՝ ավելի անկանխատեսելի ու ռիսկային։ Իսկ սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել նոր մարտահրավերների դիմագրավելու։ Պատրաստ լինելու պահը հատկապես շատ արդիական է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում և գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն պետք է պատրաստ լինի գործ ունենալ մեծաթիվ փորձությունների հետ։ Բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու և խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է հաշվի առնել անցյալի փորձը, ստեղծել գործունեության համապատասխան բազա, անհրաժեշտ աշխատանքներ տանել հանրության հետ։

Բայց երբ Փաշինյանն իշխանության եկավ, ոչ միայն սկսեց ջնջել անցյալի փորձը, ինստիտուցիոնալ հիշողությունը ու չստեղծեց ռիսկերի կառավարման անհրաժեշտ համակարգ, այլև չափից ավելի մեծ ակնկալիքներ գեներացրեց հանրության շրջանում։ Այնինչ, իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունները ուղղակի ընդունակ չեն կամ, ավելի ճիշտ, ցանկություն չունեն պրոբլեմները լուծել: Ընդհակառակը։ Այլ ձևակերպմամբ՝ Հայաստանը թողնված է բախտի քնահաճույքին։ Ավելի ստույգ՝ Նիկոլի քմահաճույքին, որ շատ ավելի վատ է: Այդուամենայնիվ, գործող իշխանություններին դեռևս հաջողվում է մոլորեցնել մարդկանց, թե ամեն ինչ լավ է լինելու, դեռ «հաղթելու ենք», «խաղաղության ժամանակաշրջան ենք բացելու» և այլն։ Հավատացողներ կան ու, ցավոք, քիչ չեն: Բայց կան նաև ուժեր, անհատներ, որոնք կա՛մ ի սկզբանե իրավացիորեն չեն հավատացել, կամ հընթացս հասկացել են, թե ինչ է կատարվում, և ուժգին քննադատության են ենթարկում իշխանություններին:

Եվ հենց այստեղ էլ սկսվում է մանիպուլ յացիայի հերթական «սերիան»: Իշխանական ու իշխանամերձ քարոզիչները պարբերաբար նշում են, թե «այս ծանր վիճակում», «այս պահին», «այս պայմաններում» պետք է զերծ մնալ քննադատություններից, «ջուր չլցնել թշնամու ջրաղացին», «թուրքը տեսնում-ուրախանում է», պետք է համախմբվել և այլն, և այլն։ Բայց կներեք... Չորս տարուց ավելի գրեթե ամենօրյա ռեժիմով այս իշխանությունները «ծանր վիճակ», արտառոց վիճակ, պատուհաս ու աղետ են ապահովում մեր երկրին: Այսինքն, մշտապես ենք դրա մեջ։ Ու միշտ «այս ծանր վիճակն է»։ Ու ի՞նչ: Պետք է լռել ու համակերպվե՞լ այս «ծանր վիճակի» հետ:

Եթե այդ քննադատություններն էլ չլինեին, ընդհանրապես այս իշխանություններն իրենց կզգային ինչպես ձուկը ջրում, ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ ավելի մեծ արհավիրքներ կլինեին։ Իսկ տոտալ ավերումների պարագայում իշխանությունների շուրջ համախմբման կոչերը պարզապես նման են կեղծ բարեպաշտության։ Իսկ եթե ճիշտը կուզեք իմանալ՝ ֆանտաստիկայի ժանրի մանիպուլ յացիայի: Հա, ինչ վերաբերում է «թշնամու ջրաղացին ջուր լցնելուն», «թուրքի տեսնել-ուրախանալուն», ապա մեր հասարակության զգալի մասն արդեն վստահ է, որ գործող իշխանություններից լավ ոչ ոք չի կարող «ջուր լցնել», իսկ Հայաստանու նման իշխանության գոյությունը թշնամիների համար լավագույն ուրախությունն է, որ կա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ