12 11 2022

Անարդարության մթնոլորտ՝ ՔՊ-ի ներսում․ «Ժողովուրդ»

Անարդարության մթնոլորտ՝ ՔՊ-ի ներսում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում անարդարության մթնոլորտը շարունակում է թեւածել՝ պայմանավորված կուսակցության վերջին համագումարին հաջորդած վարչության ընտրություններով։ Այս ընտրությունը՝ նախապես գրված ցուցակներով, պլանավորված կեղծվել է:

Նախ՝ հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ ՔՊ-ն նոր էր իշխանության եկել, համագումարին հրավիրել էին լրագրողներ, ավելին՝ վարչության անդամների ընտրությունների հաշվարկը ուղիղ եթերով հեռարձակվում էր։ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների գործողությունները ավելի քան թափանցիկ էին, եւ որեւէ կասկած չկար, որ իշխող կուսակցությունը կարող է ունենալ ոչ լեգիտիմ վարչություն:

Սակայն հիմա ՔՊ-ն աշխատում է նախկիններից ավելի վատ ու մերժելի կանոններով, բարքերով. խուսափում են լրագրողների հետ շփումներից, առանձին ներկայացուցիչներ վիրավորում են հրապարակավ լրագրողներին: Բացի այդ, այսօր ՔՊ-ն աշխատում է զրո թափանցիկությամբ:

Կեղծված վերջին ընտրություններից հետո շատ ՔՊ-ականներ միմյանց հետ զրույցներում պնդում են, որ եթե կուսակցության վարչության կազմի ընտրությունները կեղծող իշխանականները չպատժվեն, ուրեմն մեր երկիրը չի կարող գնալ զարգացման ուղիով:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ական պատգամավորները հայտնում են, որ թեեւ Արսեն Թորոսյանն իրենց կուսակցության ամենաչսիրված կերպարներից է, այնուամենայնիվ, նրա նկատմամբ իրականացված կեղծիքը եթե մարսեցին ՔՊ-ականները, ուրեմն բոլորը մտածելու խնդիր ունեն:

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կոորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը:

Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Կոնկրետ հրահանգ է եղել Նիկոլ Փաշինյանի անունից՝ ում ընտրել, ում ոչ մի դեպքում չընտրել: Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը եղել են սեւ ցուցակում:

Կայացած խայտառակ վերահաշվարկի արդյունքում միայն Արսեն Թորոսյանը ընտրվեց ՔՊ վարչության անդամ, իսկ Համբարձում Մաթեւոսյանը եւ Հայկ Կոնջորյանը դուրս մնացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ