29 10 2022

Արկածախնդրության հետևանքն ու հեռանկարը. «Փաստ»

Արկածախնդրության հետևանքն ու հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում Հայաստանում հակառուսական տրամադրությունները նոր թափ են հավաքում։ Հայաստանի իշխանություններն էլ իրենց սատելիտների ու քարոզչամեքենայի միջոցով հատուկ բորբոքում են այն։ Դե, «գրանտային» արևմտամոլների մասին խոսելն անիմաստ է, նրանք հիմա էքստազի մեջ են: Իսկ թե ինչու են Հայաստանի համար այս ծանր պահին իշխանությունները նման ծայրահեղ քայլի դիմում, թերևս պայմանավորված է Արևմուտքի առաջարկներով, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» տարբերակով։ Թե ինչ է ամփոփված պայմանագրի այդ տարբերակում, արդեն հայտնի է դարձել առկա արտահոսքերից, ու եթե հաշվի առնենք, որ այդ տարբերակին անդրադարձ է կատարվում նույնիսկ Պուտինի մակարդակով, նշանակում է, որ գործ ունենք ոչ թե սոսկ «սլիվի», այլ պաշտոնական հաստատման հետ։

Փաստացի, այդ տարբերակով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, որը հանձնվում է Ադրբեջանի քմահաճույքին, այսինքն՝ կանխորոշվում է Արցախի հայաթափման հեռանկարը։ Հասկանալի է, որ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակով Ռուսաստանը դուրս է թողնվում հակամարտության կարգավորման գործընթացից, և Մոսկվան համապատասխան քայլեր է ձեռնարկելու իր շահերը պաշտպանելու համար։ Իրավիճակն այլ կլիներ, եթե խաղաղության պայմանագրի առաջարկությունը լիներ համատեղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Սակայն Ռուսաստան-Արևմուտք դիմակայության խորացման պայմաններում Մինսկի խմբի համանախագահությունը, որպես միասնական մարմին, դադարել է գործելուց։ Իսկ մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, թե կոնկրետ ինչ կարգավորման տարբերակ է առաջարկում հենց Ռուսաստանը։

Ռուսաստանի նախագահը նախ և առաջ փորձում է քննարկել թեման Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որից էլ կարող են կախված լինել նաև հետագա զարգացումները և ռուսական առաջարկների տրամաբանությունը։ Բայց «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում Պուտինի ելույթն իր մեջ որոշակի ուղերձներ էր պարունակում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Ուշագրավ է, որ Պուտինն ընդգծեց, թե Հայաստանին չի պարտադրի խաղաղության պայմանագրի իր տարբերակը, ՀՀ ղեկավարությունն ազատ է ընտրելու «վաշինգտոնյան» տարբերակը, որը նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում Ղարաբաղի նկատմամբ, և այդ դեպքում իրենք կաջակցեն այդ ընտրությանը։

Միևնույն ժամանակ «ձեռքի հետ» Պուտինը որոշակիորեն ակնարկեց նաև խաղաղության պայմանագրի հետ կապված ռուսական տարբերակի առավելությունների մասին։ Նա նշեց, որ եթե հայ ժողովուրդն ու հայկական ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, պետք է հաշվի առնել այդ առանձնահատկությունները, և ինչ-որ կերպ դա պետք է քննարկել ապագա խաղաղության պայմանագրում։ Այլ կերպ, կամ՝ ավելի պարզ ասած՝ Ռուսաստանը համաձայն է պայմանագրի իր առաջարկած տարբերակում դիտարկել Արցախի առանձնահատկության, այսինքն՝ կարգավիճակի հարցը, որը «վաշինգտոնյան» տարբերակում ընդհանրապես չի շոշափվում։ Սակայն շատ հետաքրքիր է, որ պայմանագրի պայմանների հարցը դեռ ՌԴ նախագահի հետ վերջնականապես չքննարկած՝ Հայաստանի իշխանությունները արդեն Սոչիի հանդիպման նախօրյակին այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք նույնիսկ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության տպավորություն են ստեղծում։

Ներողություն, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերջնական փուլի տպավորություն, որովհետև այդ գիծը նկատելի է եղել Փաշինյանի՝ իշխանությունը վերցնելու առաջին իսկ օրերից: Հիմա անգամ իշխանական պատգամավորներն են նախքան Սոչիի հանդիպումը դրա վերաբերյալ հոռետեսական կան խ ա տ ե սում ներ անում։ Օրի ն ա կ ՝ քպական Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, թե ոչ մի լավ սպասելիք չունի Ռուսաստանում Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպումից։ Դժվար է ասել՝ իշխանական այս դիրքորոշումը անհեռատեսությո՞ւն է, անխոհեմությո՞ւն, թե՞ «երկու քարի արանքում» մնացածների «հոգեվարքի» կամ փրփուրներից կառչելու դրսևորում։ Հնարավոր է՝ բոլորը միասին: Արդյունքում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Հայաստանից բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ արդեն զգուշացնում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վտանգավորության մասին։

Օրինակ՝ տնտեսագետները ահազանգում են, որ Ռուսաստանից երես թեքելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հատկապես տնտեսության ու էներգետիկ ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ և քաղաքագետներ զգուշացնում են, թե Ռուսաստանից հրաժարվելու դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա նաև անվտանգային և քաղաքական առումով, այդ թվում՝ Արցախի մասով։ Կարճ ասած՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը բոլոր առումներով կատաստրոֆիկ հետևանքներ է խոստանում Հայաստանի համար։ Դա շատ լավ գիտակցում են Ռուսաստանի հետ առնչություն ունեցող մարդիկ, այդ թվում՝ գործարարները։ Դրանով է պայմանավորված, որ մասնավորաբար Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայ-ռուսական հարաբերությունների անհանգստացնող միտումների մասին հայտարարությամբ՝ ընդգծելով, որ տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և «պատմական ինքնաոչնչացման» քայլին։

Կարապետյանը ահազանգում էր նաև այն մասին, որ հակառուսական քայլերը կարող են հանգեցնել Արցախի վերջնական կորստին։ Ահազանգող հայտարարությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, թե հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը։ Փաստորեն, այսօր այնպիսի ճակատագրական փուլում ենք գտնվում, երբ Հայաստանի ու Արցախի ապագան ուղղակի մազից է կախված։ Ուստի այսօր կարևոր է գործել ողջախոհությամբ, ծանրութեթև անել իրերի իրական դրությունը՝ լսելով այն մարդկանց, ովքեր պատկերացնում են անցանկալի զարգացումների հնարավոր հետևանքները։ Ու ընդհանրապես, սթափ լինել: Դե, գոնե դատողությամբ... Հ.Գ.- Այս կոնտեքստում ուշագրավ է Սոչիից առաջ ու Պուտինի վերոնշյալ ելույթից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի գրառումը:

«Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին», - երեկ թվիթերյան միկրոբլոգում գրել է նա: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը լրիվ խճճվել է աշխարհաքաղաքական լաբիրինթոսում... Բարդ օրեր են սպասվում առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ