10 05 2022

44-օրյա պատերազմի զոհերի ծնողները հարցաքննության են հրավիրվել. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի զոհերի ծնողները հարցաքննության են հրավիրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել եւ մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար:

Ինչպես հայտնի է, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների ներկայացրած գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին:

Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով իրավիճակին լուծում կտրվի, սակայն Հակակոռոպցիոն կոմիտեն որեւէ կերպ գործին ընթացք չտվեց եւ, դեռ ավելին, զինվորների ծնողներին տուժող չճանաչեց: Ասել է թե՝ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մատը մատին չտվեց կամ չհամարձակվեց ո՛չ Փաշինյանին հարցաքննել, ո՛չ էլ զոհվածների ծնողներին տուժող ճանաչել:

Արդյունքում քրեական գործը Գլխավոր դատախազը վերցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից եւ ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն տուժող ճանաչված ծնողներին կանչել է հարցաքննության: Մայիսի 12 -ին 12 ծնող եւս կներկայանա հարցաքննության: Ի դեպ, ծնողները նախաքննական մարմնին դիմում են ներկայացրել հարցաքննության հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու համար՝ ի վերջո ՀՀ քննչական կոմիտեն կոնկրետ քայլեր կանի, թե Հակակոռուպցիոն կոմիտեի նման մի երկու տարի էլ գործը կքնեցնի:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ