«Կիսում եմ Փաշինյանի տեսակետները, չեմ պատրաստվում մեկնաբանել վարչապետի գրառումները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, մասնավորապես, Եկեղեցուն թիրախավորելու հարցում։
Հարցին, թե ինչպե՞ս են ստուգելու՝ որևէ հոգևորական խախտե՞լ է կուսակրոնության կարգը, թե ոչ, մարզպետը պատասխանեց․ «Ո՞վ պիտի ստուգի, ես չեմ պատրաստվում ստուգել, նման տվյալների ես չեմ տիրապետում»։
Անդրադառնալով Կոտայքի թեմի առաջնորդին և հարցին, թե ճի՞շտ է, որ նա ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է, Ահարոն Սահակյանն ասաց․ «Ես նման փաստեր չունեմ, նման անպատասխանատու հայտարարություններ չեմ կարող անել»։
Կոտայքի մարզպետը հավելեց․ «Եթե ես չկիսեի այն արժեքները, ինչը արժևորում է Քաղաքացիական պայմանագիրը, ես այդ կուսակցությունում չէի լինի ուղղակի։ Շատ լավ արժեքներ են, երկիրը զարգացնող։ Խնդրում եմ, համեցեք մեր մարզ, մեր մարզի մասով ասեմ, տեսեք՝ մեր մարզը ոնց է զարգանում»։
Ահարոն Սահակյանը նաև ասաց, որ վստահ է՝ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում։