«Մի քիչ էն կողմ, էլի, Դուք էն կողմ կանգնեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում թիրախավորելով Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողը հարցրեց՝ ինչո՞ւ։ Պատգամավորը պատասխանեց․ «Էդպես եմ ուզում։ Մի խանգարեք Ձեր գործընկերներին»։ Հռիփսիմե Ջեբեջյանը հարցրեց. «Ես ե՞րբ եմ խանգարել»։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Եթե չէ, ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին»։
Լրագրողը հարցրեց՝ «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Լրագրողը վրդովվեց՝ էս ի՞նչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց․ «Լրագրող չէ, տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներն այստեղ կանգնած են»։
Հռիփսիմե Ջեբեջյանը, դիմելով նրան, ասաց․ «Հոգևորականին, որ մեջբերում եք, գոնե համատեքստն էլ մեջբերեք․․․․Պարոն Քոչարյան, Ձեր պահվածքը լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, չեք կարծո՞ւմ, որ պիտի ներողություն խնդրեք։ Ձեր պահվածքը ոչ տղամարդկային է, ոչ մարդկային, ոչ պաշտոնյային վայել»։