Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ադրբեջանը տարիներ շարունակ բավական հետևողականորեն արհամարհում է միջազգային իրավունքի պահանջները և միջազգային կառույցների կոչերը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների խնդրի վերաբերյալ, սակայն դա չէ այդ խնդրի ամենացավոտ կողմը, այլ Հայաստանի կրավորականությունը։
Շատ է քննարկվել, թե ինչու է այս հարցում Ադրբեջանն արհամարհում միջազգային հանրության գնահատականներն ու բանաձևերը, իսկ կոչերին ականջալուր չէ, քանի որ քաղաքական ու տնտեսական հզոր լոբբին և գազային գործարքներն աշխատում են Ադրբեջանի օգտին։ Եվրոպական երկրները, հատկապես Ուկրաինական պատերազմից հետո, կախվածության մեջ են ընկել ադրբեջանական խողովակով մատակարարվող գազից, ինչի արդյունքում չեն ցանկանում կոշտ ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի չվնասեն էներգետիկ շահերին։ Օրինակ՝ 2022թ. Եվրոպական միությունը Ադրբեջանի հետ ստորագրեց գազի մատակարարման ընդլայնման համաձայնագիր, ինչը ևս նվազեցրեց եվրոպական ուղղակի ճնշման ռիսկը։
Իսկ ՄԻԵԴ-ի կամ ՄԱԿ-ի որոշումները հաճախ հարկադրանքի մեխանիզմներ չեն պարունակում, ավելին՝ բացակայում են պատժամիջոցները կամ պատժիչ քայլերը դրանց չկատարելու դեպքում։ Ադրբեջանն էլ, այդ առումով իրեն թույլ է տալիս խախտել ու գին չվճարել։ Այսքան ժամանակ լուրջ պատժամիջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի դեմ, իսկ հայտարարությունները շարունակում են մնալ «դատարկ կոչերի» մակարդակում։
Բացի սրանից, Ադրբեջանն իրեն ապահովագրել է Հայաստանից կորզած պահանջի կատարմամբ, ըստ որի Հայաստանը պարտավորվում է հետ կանչել միջազգային հայցերն ընդդեմ Ադրբեջանի։ Ահա թե ինչու սայլը տեղից չի շարժվում»։