Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ

18 Մայիսի, 2026

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում: Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 13-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն: Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։

Մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ՝ օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։

«Խուզարկության ընթացքում հայտնաբերեցինք, որ որոշ անձանցից, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին հենց այդ խմբի կազմում, վերցրել էին անձնագրերը, իսկ նմանատիպ գործունեությունը բնորոշ է նաև մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներին։ Ներկայումս քննություն է իրականացվում` պարզելու, թե հափշտակությունից բացի կա՞ թրաֆիքինգին բնորոշ հանցավոր արարք»,-նշում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոջառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես՝ խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո և փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։

Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ՝ կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված «կեղծ գեմբլինգը» (fake gambling)։ Հատուկ ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։

Ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը․ «Ի՞նչ է կեղծ գեմբլինգը։ Հանցավոր խմբերի կողմից ստեղծում են առցանց կեղծ խաղատներ, որոնց միջոցով հափշտակում են քաղաքացիների միջոցները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություն է իրականացրել։ Այդ խաղատներում վճարումները կարող են կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։ Օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։ Ավելին, հանցագործները ստեղծել էին նաև USDT-ի նման կեղծ կրիպտոմիավորներ՝ մարդկանց մոլորեցնելու և հափշտակություններն իրականացնելու համար»։

Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը․ լրացվող

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը․ լրացվող

Ժամը 09։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ Կապանի 35/2 ընտրատեղամասի մոտակայքում փակցված են ՔՊ-ի պաստառները։ ————————————————— Ժամը 08։30-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 8/9 տեղամասում խախտված է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Վանաձորի 23/51 տեղամասում...

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Big brother տելեգրամյան ալիքից։ Երևանի 7/40 ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են, ինչի պատճառով քվեարկությունը...

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել և քաղաքացիական պարտքը մատուցել մինչև...

Հայաստանում այսօր կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Հայաստանում այսօր կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Այսօր Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք մասնակից բոլոր քաղաքական ուժերը ճակատագրական են անվանում։ Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։ Երկրից դուրս քվեարկություն չի...