Այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ոչ իրենց կողմից, ոչ մեր կողմից չկա և չի քննարկվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հնարավորության մասին հարցին։
«Իսկ այն, ինչ որ մենք լսում ենք, այդ թվում և «արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք գրավյալ տարածքներից հետ չեն քաշվելու, Արարատ Միրզոյանն ասաց. «Քաղաքական շատ հայտարարություններ են եղել երկու կողմից, փաստը այն է, որ կա համատեղ կանոնակարգ երկու սահմանազատման հանձնաժողովների կողմից, այդ երկու հանձնաժողովները ստորագրել են փաստաթուղթ, այդ փաստաթուղթը անցել է ներպատկական համաձայնեցում և վավերացում։ Մեր կողմից անցել է Սահմանադրական դատարան, և իրենք աշխատում են այդ փաստաթղթի համաձայն։ Իսկ այդ փաստաթղթում գրած է, որ սահմանազատման սկզբունքը Ալմա–Աթայի փաստաթուղթն է և դրանով ենթադրվող Սովետական Միության փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները։ Հիմա ով ինչ հայտարարի-չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց, այդ թղթով է գնում։ Կապրենք, կտեսնենք։
Իսկ որ շատ տեսական հարցնում եք՝ իսկ կարա՞ սենց լինի, իսկ կարա՞ նենց լինի, դուք հուսով եմ՝ գոնե համաշխարհային լուրերին հետևում եք, այդպես չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ եղած կանոններով է, տարբեր բաներ են տեղի ունենում այսօր աշխարհում, մեզ մոտ, հուսով եմ, և մեր ջանքերը դրան են ուղղված, որ տեղի կունենան կանխատեսելի տրամաբանական միջազգային իրավունքի համապատասխան ձևերով զարգացումներ»։
Մանրամասն՝ տեսանյութում։