Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքը» ստեղծելու փորձը,- Tasnim-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նրա խոսքով՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր։ Այս հզորության հստակ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին։
«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Վելայաթին։
Նա հավաստիացրել է, որ Ջո Բայդենն ինքը՝ ԱՄՆ նախագահ եղած ժամանակ, խոստովանել է, որ ամեն ինչ պատրաստ է միջանցքը գործարկելու համար, սակայն հենց Իրանն է խանգարել այդ նախագծի իրականացմանը։
«Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ խելացի դիվանագիտության միջոցով, և կանխել ՆԱՏՕ ներթափանցումը»,- ասել է Վելայաթին։
Նա նշել է, որ Իրանի հմուտ և ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանություն է, այլև ամուր պատնեշ՝ տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ։
Վելայաթին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը։ Սակայն այդ նախագիծը նույնպես ձախողվել է։