«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպին, «Հանրապետություն» կուսակցության և նրա անդամների արձագանքներին։ Նա ընդգծել է, որ «Հանրապետություն»-ը շանտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանին, որ եթե հեռացնեն իրենց կուսակցության պաշտոնյային, ապա իրենք կոալիցիայից դուրս կգան, այն կփլուզվի, ՔՊ-ն էլ կզրկվի այն իշխանությունից, որը զոռով էր ձեռք բերել։
«ՔՊ-ն իրեն կցել է «Հանրապետություն» կուսակցությանը, դիմացը խոստացել են թալանի իրավունք։ Արամ Սարգսյանը հենց այդ թալանի իրավունքն է պաշտպանում՝ աշխարհաքաղաքական ձևակերպումների ներքո։ Հետո ՔՊ-ն տեսել է, որ այդ կցորդը դեռևս բավարար չէ իրենց աթոռը պահելու համար, գործարքի է գնացել, ստվերային պրոցեսների մեջ է մտել «Հանրային ձայն» խմբակցության հետ և պաշտպանել է իրենց թալանելու իրավունքն՝ արդեն կոլեկտիվ ձևով։ Հիմա Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասում է՝ եթե դուք իմ թալանի իրավունքը չպաշտպանեք, ես այնպես կանեմ, որ ճգնաժան առաջանա Երևանում, և դուք ստիպված գնաք արտահերթ ընտրությունների, ինչից Փաշինյանը սարսափում է։ Այս շանտաժի լեզվով խոսելով՝ Արամ Սարգսյանը ցույց է տալիս, որ արդեն ոչ թե ինքն է Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կցորդը, այլ Նիկոլ Փաշինյանն է իր կոալիցիոն կցորդը Երևան քաղաքում։
Հիմա գնդակը Նիկոլ Փաշինյան-Տիգրան Ավինյան զույգի դաշտում է, և եթե նրանք պաշտոնանկ չեն անում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ուրեմն ընդունում են, որ իրենք բացառապես զրո են»,- ասել է Թևանյանը։