Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Ապր 29, 2025

News.am-ը գրում է. Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով անցնող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ով դատավորի պաշտոնին է շուրջ 22 տարի,  հանրությանը հայտնի է մի քանի տասնյակ աղմկահարույց քրեական գործերով: NEWS.am-ը առանձնացրել է Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը և դրանից հետո քննված առավել հայտնի քրեական գործերը, կայացրած դատական ակտերն ու կիրառած խափանման միջոցները:

ՊՊԾ գնդի գրավման գործը

2016 թվականին հուլիսի 17-ին  «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Ի սկզբանե գործը քննվել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն 2017 թվականին նա  որոշում էր կայացրել գործից մասեր անջատել և փոխանցել այլ դատավորի։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գաբրիելյանն իր վարույթում քննվող գործով կալանքից ազատել էր խմբի անդամներից 15-ին՝ չնայած այն հանգամանքին, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները դեմ էին նրանց ազատ արձակմանը։

«Երրորդմասցի Լյովիկի» և նրա երկու ընկերների սպանության գործը

Երրորդմասցի Լյովիկ անունով հայտնի Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերները սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, 2018 թվականի օգոստոսի 27-ին այս գործով ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանին, Ծըգլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանին և  Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանին դատապարտվել էր 18 տարի ժամկետով ազատազրկման:

2018 թվականի իշխանափոխությունից հետո Արտուշ Գաբրիելյանին են մակագրվել մի շարք աղմկահարույց գործեր, որոնք առնչվում են նախկին պաշտոնյաներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական, քաղաքական գործիչներին:

Այսպես.

Վահագն Հարությունյանի կալանավորումը

2018 թվականի դեկտեմբերի 30-ին դատավոր Գաբրիելյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սակայն այս որոշումը կայացվել էր առանց պաշտպանական կողմի մասնակցության, ինչը հետագայում հանգեցրել էր կարգապահական վարույթի հարուցման: Հարությունյանը մեղադրվում էր ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. նրա նկատմամբ Հայաստանում հետախուզում էր հայտարարվել 2018թ. հոկտեմբերին, այնուհետև նա 2020թ. մարտի 15-ին  Ռուսաստանում ձերբակալվել է, իսկ հաջորդ օրը նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատ արձակվել։

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում

2020 թվականի մայիսի 6-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել  Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Մինասյանը մեղադրվում էր ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ: Սակայն ավելի ուշ՝ 2020 թվականի հունիսին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, վերացրել է Արտուշ Գաբրիելյանի կայացրած կալանավորման որոշումը։ Իսկ արդեն 2022 թվականի հուլիսի 7-ից Ինտերպոլը դադարեցրել էր Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը։

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը

2020 թվականի հունվարի 24-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը։ Ըստ պաշտպանակա կողմի՝ այդ կերպ խախտվել էր Թովմասյանի գործառութային անձեռնմխելությունը:

Նորայր Փանոսյանի կալանավորումը

Արտուշ Գաբրիելյանը ժամանակին բավարարել է նաև Հրայր Թովմասյանի սանիկի՝ ՀՀ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Թովմասյանի սանիկին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք էր առաջադրվել: Նրան կալանավորել էին, ապա ազատ արձակել, ապա կրկին կալանավորել։

Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարաձգումներ

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ին բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշում կայացրել երկարաձգել ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը: Ուշագրավ է, որ գործի նախաքննության ընթացքում մի շարք միջնորդություններ մշտապես մակագրվել են դատավոր Գաբրիելյանին, ինչը պաշտպանների մոտ կասկածներ է առաջացրել մակագրման օբյեկտիվության վերաբերյալ։

Սամվել Մայրապետյանի գործը

2020 թվականի մարտի 9-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ բավարարվել էր 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Նարեկ Մութաֆյանի գործը

2019 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ երկրորդ նաագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Ամիսներ անց՝ դեկտեմբերի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Մութաֆյանն ազատ էր արձակվել: Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում էին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Նարեկ Սամսոնյանի գործը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում է քննվել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործը: Նարեկ Սամսոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար:

Փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քննել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործը: Լոռեցյանը մեղադրվում էր կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել էր Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակել, որը սակայն Գաբրիելյանը մերժել է: 2022 թվականի հոկտեմբերին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը՝ թույլատրելով Լոռեցյանին ազատ արձակել 4 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։

Զոհված զինծառայողի հոր կալանավորում

Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ  զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը 2023թվականի սեպտեմբերի 9-ին երկու ամսով կալանավորվել էր: Գարիկ Գալեյանը մեղադրվում է խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար: Մեկ ամիս անց Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, նրա նկատմամբ կիրառեց համակցված խափանման միջոց:

Նշենք, որ նախորդ տարվանից Արտուշ Գաբրիելյանը հայտնվել էր իրավապահների և Բարձրագույն դատական խորհրդի թիրախում:

2024 թվականի սեպտեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննել էր Արտուշ Գաբրիելյանի  նկատմամբ կարգապահական վարույթ՝ կապված ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովի գործի քննության հետ։ Ըստ հաղորդումների, դատավորը նիստը նշանակել էր ձերբակալման 72 ժամյա ժամկետի լրանալուց հետո, ինչի արդյունքում Նեֆեդովը կարողացել էր խուսափել պատասխանատվությունից: ԲԴԽ-ն բավարարել էր արդարադատության նախարարության միջնորդությունը և Գաբրիելյանի նկատմամբ հայտարարել խիստ նկատողություն։

Իսկ արդեն 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը  վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

5 անշարժ գույք.

4 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

62 միլիոն 811 հազար դրամ.

1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

Ի դեպ, Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։

Ավելի ուշ Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»:

Նմանատիպ նյութեր

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի...