Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

Մյս 6, 2025

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում միայն մեկ անգամ՝ 2022 թվականին է շահույթ ունեցել տարեկան կտրվածքով: Ընկերության կառավարած ֆոնդը մինչ օրս 17 մլն դոլար է ներդրել հայաստանյան ընկերություններում: Գրում է Հետքը:

Կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար պետությունը որոշել էր ստեղծել ներդումային ֆոնդ, որը պետք է մասնավոր կապիտալի ներհոսք խթաներ դեպի ՀՀ տնտեսություն եւ այդպես ապահովեր կապիտալի երկարաժամկետ ու կայուն աճ:

Այս նպատակով 2019-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ը հիմնադրել է դուստր ընկերություն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Սա էլ իր հերթին, որպես կառավարիչ, ՀՀ կենտրոնական բանկում գրանցել է տվել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը:

«Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի համաձայն՝ ոչ հրապարակային են այն ֆոնդերը, որոնց թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի: Փակ են համարվում այն ֆոնդերը, որոնք պարտավորություն չունեն հետ գնել իրենց թողարկած եւ ֆոնդի մասնակցին պատկանող փայերը վերջինիս կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պայմանագրային ֆոնդ ասելով՝ պետք է հասկանալ ակտիվների համախումբ, որը ձեւավորվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա: Իսկ մասնագիտացված ֆոնդը ֆոնդի տեսակ է, որի ակտիվներն ամբողջությամբ կամ առնվազն 30 տոկոսով ենթակա են ներդրման կոնկրետ տեսակի ակտիվներում:

Այսպիսով՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ է «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում են տարբեր ընկերություններում:

Սահմանվել է, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու է 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր են դառնալու, բացի դրանից՝ ֆոնդը պետք է ներկայացուցիչ ունենա այն ընկերության խորհրդի կազմում, որում ներդրում է կատարում:

Պետական ներդրումային ֆոնդի մասնակցության ժամկետը որեւէ ծրագրում սահմանափակ է՝ մինչեւ 10 տարի: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:

Ներդրումային ֆոնդի կառավարիչ ընկերությունն ի սկզբանե այլ նպատակ ուներ

Ինչպես ասվեց, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թ. դեկտեմբերին ԱՆԻՖ-ի կողմից: Ընդ որում՝ այն սկզբնապես կոչվում էր «Իմ տուն» ՓԲԸ:

«Հետքը» գրել է ԱՆԻՖ-ի կողմից 2019-2020 թթ. շրջանառված «Իմ տուն» ծրագրի մասին, որի շրջանակներում պետք է տներ կառուցվեին սահմանամերձ որոշ հատվածներում, այդ թվում՝ զինվորականների համար: Սակայն 2020 թ. պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվել էին, եւ սա դարձել էր կոմերցիոն ծրագիր: Այդուհանդերձ, հետագայում այն այդպես էլ իրականություն չդարձավ՝ մնալով թղթի վրա:

2020-ի ապրիլին «Իմ տուն» ընկերությունը վերանվանվել է ներկայիս անունով: Դրա փոփոխված կանոնադրության մեջ ամրագրվել է, որ այն իրականացնում է ներդրումային ֆոնդի կառավարում:

Մինչեւ անվանափոխությունը «Իմ տուն» ՓԲԸ-ի տնօրենը եղել է Դավիթ Խաչատրյանը, որին 2020-ի ապրիլին փոխարինել է ԱՆԻՖ-ի փոխտնօրեն, վերջինիս մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, որը, սակայն, մեկ շաբաթ է մնացել ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում: Նրան փոխարինել է Բելլա Մանուկյանը, որը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերությունը ղեկավարել է մինչեւ 2024 թ. մարտ ամիսը: Բ. Մանուկյանն իրավաբան Հովհաննես Մանուկյանի դուստրն է, որը 2001-2005 թթ. ՀՀ տնտեսական դատարանի նախագահն էր, 2005-2008 թթ.՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, 2011-2014 թթ.՝ Վրաստանում ՀՀ դեսպանը, իսկ 2014-2015 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարը:

2024 թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին ՓԲԸ-ն ղեկավարել է բանկային ոլորտի մասնագետ Օնիկ Գաբրիելյանը, որին փոխարինել է ֆինանսիստ Մանուկ Խուդոյանը:

Ավելին՝ սկզբնաղյուրում:

 

Նմանատիպ նյութեր

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ  Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը։  Ռիա նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը: «Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի...

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր...

Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտ կհայտարարվի․ «Ժողովուրդ»

Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտ կհայտարարվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ...