«Երևանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է Երևան քաղաքում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրման մասին, մշակվել էր միասնական երթուղի, որը պետք է կապի մի քանի վարչական շրջան: Հասարակական տրանսպորտը տվյալ վարչական շրջաններով պետք է երթևեկի առանձնացված երթևեկելի գոտով՝ ստանալով առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ: Արդյունքում՝ հասարակական տրանսպորտը պետք է դառնա ավելի հարմարավետ և արագ», — «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը մանրամասնեց. «Ավտոբուսային գիծը, որը ներդրված է մինչև Մաշտոցի պողոտա, պետք է ունենա շարունակություն մինչև Իսակովի պողոտա: Տրամաբանությունը հետևյալն է, որ Մաշտոցի պողոտայից ավտոբուսի գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, այնուհետև շարունակվելու է Իտալիայի և Բեյրութի փողոցներով, Արգիշտիով՝ դեպի Հաղթանակի կամուրջ:
Այս գծի ներդրման մասով իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ նշված փողոցներում: Եվ դրան հաջորդող շարունակություն՝ երթևեկության փոփոխություն լինելու է Սարյան փողոցում, ակնկալվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն՝ ուղղությունը Լեոյից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի ընկած հատվածը՝ մինչև Բաղրամյան պողոտա, ներդրվելու է որպես միակողմանի երթևեկություն»:
Մանրամասն՝ տեսանյութում։