Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:
168.am-ի տեղեկություններով՝ վերջինս ինքնասպանություն գործելուց առաջ գրություն է թողել: Դեպքի մանրամասներին կանդրադառնանք այլ հրապարակմամբ:
Մինչ այդ հիշեցնենք, որ Ծովինար Թադևոսյանի՝ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվելուց ի վեր՝ 2.5 ամսում, սա կարծես թե ինքնասպանության 4-րդ դեպքն է քրեակատարողական հիմնարկներում: Նույն «Արթիկ» ՔԿՀ-ում ինքնասպանության դեպք էր գրանցվել նաև հունվարի 10-ին:
Նկատենք, որ իր ասուլիսի ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընկերուհու նշանակումն այդ պատասխանատու ու անչափ բարդ պաշտոնում հիմնավորել էր վերջինիս աշխատանքային ցուցանիշներով:
Հիշեցնենք, որ ՔԿԾ կենտրոնական մարմնում Ծովինար Թադևոսյանը պատասխանատու էր սոցիալ-հոգեբանական աշխատանքների համար, ու ըստ Սրբուհի Գալյանի՝ նա փայլուն է կատարել իր պարտականությունները վերասոցիալականացման հարցում:
Սակայն մինչ Ծովինար Թադևոսյանը հինգշաբթի օրն իր 4 տեղակալների, գլխավոր քարտուղարի ու Ծառայության իր ընկերուհիների հետ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի եղբոր նշանակումն էր նշում ռեստորաններից մեկում, իսկ ուրբաթ՝ գրեթե նույն կազմով, երկու օրով մեկնում Գորիս՝ հույժ կարևոր գործով, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց վերասոցիալականացումն արտառոց ցուցանիշներ է գրանցում: