16 03 2022

Հայաստանի իշխանությո՞ւն, ո՛չ, «Ալիևի վկաներ», տեղ-տեղ՝ Էրդողանի

Հայաստանի իշխանությո՞ւն, ո՛չ, «Ալիևի վկաներ», տեղ-տեղ՝ Էրդողանի

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարության, ասենք, նաև՝ անմիջական ներկայացուցիչները, ի դեմս ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի, ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի ու Մարիա Կարապետյանի բավականին ակտիվ խոսում ու խոսում են:

Ի՞նչ կա նիկոլական իշխանության հիշատակված ներկայացուցիչների եռաձայն, բայց անսուրբ ու բովանդակային առումով բացարձակ սև «երգերի» տողատակերում: Չնայած, ի՜նչ տողատակ, երբ ամենը գրեթե լիարժեք ակնհայտ է:

Փաշինյանին ներկայացնող ու Չավուշօղլուի հետ խանդավառված ողջագուրվող Արարատ Միրզոյանը, իբրև թե արձագանքել էր ադրբեջանական կողմի ներկայացրած 5 նախապայմաններին: Այո, խոսքը ադրբեջանական հակահայ ռեժիմի այն «առաջարկությունների» կամ նախապայմանների մասին է, որոնց իմաստային հանրագումարը կարելի է բավականին հակիրճ վերաձևակերպել. «Խաղաղությո՞ւն եք ուզում, հարց չկա. հայտարարեք, որ Հայաստանը որպես պետություն դադարում է գոյություն ունենալ, դուք էլ թլպատվեք, թուրքական անուն-ազգանուններ ընդունեք, թե չէ՝ «բայրակթարն» էնտեղ սրած…»:

Ի՞նչ են պատասխանում Հայաստանի այսպես կոչված իշխանության ներկայացուցիչները: Չենք նշում՝ ինչպես են հակադարձում, քանի որ թե՛ Արարատ Միրզոյանի, թե՛ Էդուարդ Աղաջանյանի, թե՛ Մարիա Կարապետյանի ասածները անհնար է բնորոշել որպես հակադարձում: Ավելի շուտ, նրանք, որը՝ ձևականորեն «դիվանագիտական» ֆրազներով, որը՝ «դի-ջեյ»-ական մոտեցումներով, որն էլ՝ թոթովախոս, բայց երկարաշունչ արտահայտություններով գրեթե նույնն են ասում: Իսկ կոնկրետ. իրենք ընթանում են «խաղաղության օրակարգով», չնայած Ադրբեջանի ագրեսիվ, զավթողական հայտարարություններին (այնպես են նշում՝ «հայտարարություններ» կամ «հռետորաբանություն», կարելի է կարծել, թե այդ հենց իրենց ներկայացրած նիկոլական իշխանության անգործունակության հետևանքով չէ, որ այսօր Ադրբեջանը ոչ միայն զավթել է Արցախի 75-80 տոկոսը, այլև փաստացի օկուպացրել է ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ 40 քառակուսի կիլոմետրը ու շարունակում է զավթումները, օրինակ, Սյունիքի մարզում):

Ամենի՛ց կարևորը, Արցախի մեծ մասը թուրքին հանձնածների իշխանության նշված երեք ներկայացուցիչների ասածներն ու դրանց տոնայնությունն ուղղակիորեն հուշում են, որ իրենք պատրաստ են բանակցել՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ: Հիմնական տպավորությունը, որ ձևավորվեց նիկոլական իշխանության նշված երեք  նկատելի ներկայացուցիչների վերջին հարցազրույցներից, այն է, որ իրենք գործնականում ոչ միայն արդեն ընդունել, այլև իրագործում են Ալիևի ներկայացրած վերոակնարկյալ 5 նախապայմանները: Երևի տեղին կլներ ասել՝ շարունակում են իրագործել: Իսկ այս հարցազրույցներն էլ օվերտոնապատուհանային տարբերակով հանրության «լսեցնելն» է կամ «նախապատրաստելը»:

Ըստ այնմ, ովքե՞ր են Արարատ Միրզոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը: Հայաստանի «իշխանությո՞ւն»: Ո՛չ: Նրանց խոսքուզրույցը հուշում է որ իրենք ավելի շուտ «Ալիևի վկաներ» են, տեղ-տեղ՝ Էրդողանի:

Մյուսը, ինչ կրկնվում է բոլոր երեքի ելույթներում, այն ապուշ թեզն է, թե 1991-ին ԱՊՀ-ին անդամակցելիս, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ի լրումն՝ նախկինները բոլոր բանակցային փուլերում, այսպես ասենք՝ չեն ընդվզել, երբ միջնորդները նշել են, որ խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության (ընդվզման շարժառիթը) և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:  

Թե այս կամ այն միջպետական կամ միջազգային կազմակերպությանն անդամակցելիս Հայաստանն ու Ադրբեջանը ինչեր են ընդունել կամ չեն ընդունել, առավել ևս՝ 1991 թվականին, դնենք մի կողմ: Դա, առհասարակ անկապ թեմա է, իսկ նման «միջազգային փաստաթղթերի» հղում անելը կանխամտածված նենգախոսություն: Ոչի՞նչ, որ այդ 1991-ից հետո եղել է ԵԱՀԽ, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորում, ապա այդ խմբի համանախագահության ձևավորում, որպես խնդրի կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնողներ: Ոչի՞նչ, որ եղել է 1994թ. Մայիսին հայկական ուժերի հաղթական դրությամբ հրադադարի ստորագրում, ոչի՞նչ, որ էլի շատ բաներ են եղել:

Այդ շատ բաների թվում, ի դեպ, արժե հիշեցնել, որ ժամանակին Հայաստանն ընդունել է օրենք (այն տակավին ուժի մեջ է), որի համաձայն, ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի ստորագրել որևէ բան, որը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում: Իսկ Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն համաձայնողներին, կամ թեկուզ մտքի ծայրով նման բան անցկացնողներին, ոչ թե ըստ օրենքի, այլ դրա չգրված տրամաբանությամբ, քաղաքականապես «ցից հանելն» էլ է մեղմ պատիժ համարվում:

Երկրորդ. նիկոլականնե՛ր, մոռացե՛ք, թե ձեզանից առաջ որևէ իշխանություն ի՛նչ է բանակցել կամ ինչ չի բանակցել: Դուք, այսինքն՝ ձեր առաջնորդ և կուռք Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը բանակցություններն սկսել է ի՛ր կետից, միաժամանակ՝ զրոյացնելով կամ ջուրը նետելով, օրինակ, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի ունեցած դիվանագիտական որոշակի ձեռքբերումները: Դուք ձե՛ր առաջնորդի ու կուռքի վարած բանակցություններից խոսեք, էն որ «ինչ ուզում՝ էն էլ բանակցում էիք», դուք  նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից խոսեք, Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի գյուղեր ու ու կարևոր տարածքներ թշնամուն հանձնելուց խոսեք: Դուք այդքան չկաք, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանի ժամանակվա «փուլայինի» որևէ կետից խոսեք:

Երրորդ. ո՛վ ու ինչի՛ մասին է խոսում, առհասարակ: Այսպես կոչված՝ «ներկաների» կողմից «նախկինների բանակցածներին» որևէ հղում առհասարակ ցինիզմի դրսևորում է, առնվազն հետևյալ պարզ պատճառով: Բոլոր նախկինները բանակցել են ադրբեջանական ագրեսիային դիմագրաված ու պարտության մատնած ղեկավարների դիրքերից: Իսկ դո՛ւք, նիկոլականնե՛րդ, հանդես եք գալիս որպես Ալիևի առաջ կզած, Ալիևի ու Էրդողանի չստերը լիզած, Հայաստանն ու հայկական Զինուժը միտումնավոր պարտության մատնած, թշնամուն պարտված ղեկավարի դիրքերից, ամբողջ աշխարհի առաջ Հայաստանի ժողովրդին, հայ ազգին նվաստացման, արհամարհանքի ու ծաղրի առարկա դարձրածների դիրքերից:

Հիմնական խնդիրը այն չէ. կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը Ադրբեջան է և վերջ: Դա առհասարակ խնդիր չէ, քանզի թե՛ Փաշինյանը՛ թե՛ նրա ՔՊ-ականները, թե՛ նիկոլականներն առհասարակ, հատուկ հանձնարարությունների նորանշանակ կատարողով հանդերձ, թուրքերի ասածները ընդունած ու կատարած ունեն, առավել ևս, նրանք խորապես ու զգայական մակարդակի վրա ատելով ատում են Արցախն էլ, Հայաստանն էլ, հայ ժողովրդին էլ: Այնպես որ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, Հայաստանում «ապագա կա» միմիայն թուրքերի ու թշնամիների համար:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Ի դեպ, 101 տարի առաջ, Բեռլինում, Սողոմոն Թեհլիրյանը շանսատակ է արել Թալեաթին: Պարզապես, հիշեցման կարգով:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ