18 01 2022

Ինչու է նիկոլական քարոզչամեքենան վերստին ակտիվացրել աղանդավորա-կռապաշտական թեզերը

Ինչու է նիկոլական քարոզչամեքենան վերստին ակտիվացրել աղանդավորա-կռապաշտական թեզերը

Այն, որ Նիկոլ Փաշինյանի «թիմը» հիմնականում գործում է տոտալիտար աղանդներին բնորոշ սխեմաներով, մեղմ ասած՝ նորություն չէ: Շատերն են նկատել: Այն, որ նիկոլական քարոզչությունը որոշակիորեն հենվում է կռապաշտական, անձնապաշտական, Նիկոլ Փաշինյանին որպես «փրկիչ»՝ «մեսիա» ու այդօրինակ չգիտես, թե է՛լ ինչ ներկայացնելու թեզերի վրա, նույնպես նկատվել ու արձանագրվել է դեռևս 3, արդեն գրեթե 4 տարի առաջ:

Առհասարակ, նիկոլական քարոզչության «զինանոցը» բավականին հարուստ է ամենատարբեր եղկելի «գործիքներով». սուտ, կեղծիք, նենգամտություն, խեղաթյուրում, անվանարկում, թիրախային ատելության սերմանում և տարածում, «հիշողության կորուստ», փաստերի և իրողությունների խեղաթյուրում, մանիպուլյացիա: Բայց տվյալ դեպքում խոսքը, այսպես ասենք՝ ուղեղալվացման ու զոմբիացման «աղանդավորա-կռապաշտական թեզերի» մասին է: Կրկնենք, այդ «գործիքը» մինչև այժմ էլ եղել է նիկոլական զազրելի քարոզչության «զինանոցում», ակտիվորեն կիրառվել է՝ զուգահեռված շարփյան «ցուցումների» հետ: Սակայն նկատելի է, որ հատկապես վերջին օրերին այդ, կներեք արտահայտության համար՝ թեզերը ինտենսիվ վերաշրջանառության մեջ են դրվել:

Գուցե կարելի էր կողքով անցնել՝ առանց ուշադրություն դարձնելու: Բայց մյուս կողմից, նիկոլական ստերը ժամանակին խիստ ու կոշտ ուշադրության չարժանացնելը այն գործոններից մեկն է, որը հանգեցրեց երկրաքանդական աղետի, որը դեռ բուռն ընթացքի մեջ է: Իսկ ուշադրություն արժե դարձնել, մանավանդ, որ դրսևորումը եզակի չէ և արտացոլված է վերջին օրերին սոցցանցային լրահոսում:

Ահավասիկ, Նիկոլի ՔՊ-ի հետ կապված մեկը Աշտարակից «հաղորդում» է, թե. «Նիկոլը կապում է մեզ Աստծո հետ»: Դաժան բան է, իհարկե, եթե մեկնումեկի «կապը» Աստծո հետ «չերեզ Նիկոլ» է: Ըստ այնմ, ստացվում է, որ Նիկոլը ՔՊ-ի համար ոչ թե կամ ոչ միայն «քաղաքական առաջնորդ» է, պարգևավճարատու և ստնտու, այլև՝ գերագույն քուրմ, քրմապետ:

Լավ, Աստծո հետ Նիկոլի միջոցով կապակցվածին հանգիստ թողնենք, մանավանդ, որ նիկոլական քարոզչամեքենան շարունակում է նորանոր ցածրունքներ նվաճել: Չէ, ինչ-որ նոր բան չեն մտածել, պարզապես վերցրել են  Հիսուս Քրիստոսի պատկերով նկարը, կենտրոնում, Քրիստոսի նկարի վրա ճպպացրել են Նիկոլի պատկերն ու Հիսուս Քրիստոսի անունից գրել. «Ես եմ նրա պաշտպանը»: Հզո՛ր է, որպես ցնդաբանություն: Անեկդոտային է, ինչպես հոգեբուժարանային այն մնրապատումը, երբ նոր պացիենտը մյուսներին ասում է, թե ինքը Նապոլեոնն է, մեկը հարցնում է, թե՝ ո՞վ քեզ ասաց, սա պատասխանում է՝ տեր Աստված: «Ես նման բան չեմ ասել»,-արձագանքում է պալատի անկյունում նստած մեկ ուրիշ պացիենտ: Հիմա սրանցն է:

Այ, եթե Նիկոլին դժոխքի կամ սատանաների ֆոնին պատկերեին՝ «Նա մեր դեսպանն է Հայաստանում» գրառմամբ, ապա դա ոչ մի կասկած չէր հարուցի, այնքան միանշանակ ու աներկբա է համապատասխանում իրականությանը:

Բայց աղանդավորա-կռապաշտական թեզերի վերաշրջանառման հարցում մի թարմ մեխ էլ նիկոլական իշխանության կարկառուն ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը բաց թողեց, թե՝ Նիկոլն իրեն դարձի է բերել և ստիպել է համոզվել, որ «ժամանակին Քրիստոսը եղել է»:
Սա արդեն ոչ միայն պաթոլոգիա է, որը կարոտ է առողջապահական ոլորտի ներկայացուցիչների անհապաղ օգնության, այլև ցցուն վկայություն, որ աղանդավորա-կռապաշտական թեզերի վերաշրջանառումը իշխանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ և ցուցումներով է իրականացվում: Այսպես ասած «քարոզչական օպերացիա» է:

Հարց է ծագում. ինչու է նիկոլական քարոզչամեքենան վերաակտիվացրել այդ կռապաշտական թեզերը: Բացի ընդհանուր զոմբիացման նպատակներից, որպիսիք մշտապես հետապնդվում են նման «թեզերով», բացի անձի պաշտամունքի արմատավորումից, ինչը բացահայտ է այնքանով, որ բոլոր հիմնարկներում ստիպողաբար կախել են  տվել նրա դիմապատկերը, իսկ որոշ նախարարներ էլ, ասում են իրենց կրծքավանդակներին Նիկոլի պրոֆիլն են տատու արել, նման քարոզչական շեշտադրումն ունի նաև զուգահեռ նպատակներ:

Ամենից առաջ, դա հուշում է, որ շատ մոտ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը պատրաստվում է կատարել Հայաստանի պետականության աստիճանական ոչնչացմանն ուղղված նոր քայլեր: Այնպիսի քայլեր, որ նույնիսկ իր նոսրացող (մի փոքր մասը սթափվել է, մեծ մասը՝ «ապագա կա» ընտրել ու արագորեն փախել Հայաստանից) կողմնակիցները կարող են ինչ-որ հարցեր տալ, որոնց այլևս դժվար է լինելու «նախկիններն են արել» տխմարագույն և միայն անուղեղ կենսաբանական օրգանիզմների համար նախատեսված կաղապարով պատասխանել: Հետևաբար, այդ զանգվածին ինչ-որ նոր բանով է պետք կերակրել: Իսկ «նոր բաներ» չկան, սակայն «Նիկոլ-փրկիչ» կարգի թեզերը միշտ ձեռքի տակ են, ինչպես Հովիկ Աղազարյանի նման մեկը, ով պարզվում է՝ մի 60 տասնամյակ գլորել է, բայց միայն Նիկոլին տեսնելով է ստիպված եղել ընդունել, որ ինչ-որ ժամանակ Հիսուսը եղել է: Ենթադրվում է, որ Նիկոլը Աղազարյան Հովիկին դարձի է բերել, երբ Սևանի թերակղզու կառավարական կեցավայրում հյուրընկալել է նրան և առանց թիկնապահների ու Գնել Սանոսյանի օգնության՝ քայլել Սևանա լճի վրայով, ապա «Իջևանի խոզի» խորոված 1 չալաղաջը կիսել ու կիսել է, բազմապատկելով այնքան, որ Աղազարյանի հետ այնտեղ գնացած բոլոր ՔՊ-ներին մի բան հասել է: Ու քանի որ Աղազարյանը դարձի է եկել, Նիկոլը, ասում են, խոստացել է, որ նրա ճաղատը նորից գանգուրներով է պատելու, առանց կեղծամի ու լուսապայծառ գլխին «մազ կրակելու»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանի քարոզչության՝ «փրկչա»-կռապաշտական թեզերը հուշում են, որ ծրագրավորվել և շուտով իրականացվելու են նոր աղետալի որոշումներ:

 

Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ