10 01 2022

«Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած… խելքի աշեցեք»

«Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած… խելքի աշեցեք»

Կա՛ այդպիսի մի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանի անձնիշխանական, հակաժողովրդավարական «բուրգում»: Բավականին նկատելի կերպար, արմատներով, ի դեպ, Արցախի հայտնի Ճարտար գյուղաքաղաքից: Այդ բարձրաստիճան «նիկոլական պաշտոնատար անձը Արմեն Գրիգորյանն է, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, հապավմամբ՝ ԱԽՔ:

Եվ ահա, սույն ԱԽ քարտուղարն, օրերս, նախկին «Հանրային», իսկ այժմ զուտ Նիկոլ Փաշինյանին սպասարկող հեռուստաընկերության եթերում, ձգտելով արդարացնել ու հիմնավորել Ղազախստանում ներքին ըմբոստությունը, ինչպես իրենք ժամանակին կասեին՝ «արյան մեջ խեղդելու նպատակով» Հայաստանից այնտեղ ՀԱՊԿ-ի շրջանակներում զորախումբ ուղարկելը, բավականին հետաքրքիր բաներ ասաց: Չզլանանք և մեջբերենք Նիկոլ Փաշինյանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի խոսքի այդ հատվածը, որպեսզի հաջորդող տրամաբանական հարցադրումներն առավել ընկալելի լինեն:

Այսպես, անդրադառնալով քննադատությանը, որ ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում, Գրիգորյանն ասաց. «Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն» (մեջբերումը՝ ընդգծված «նիկոլական» «Ազատություն» ռադիոկայանի կայքի հրապարակումից):

Ի դեպ, դրանից առաջ էլ, Արմեն Գրիգորյանը, հրաշալի հասկանալով «հեղափոխական» իշխանության համար ուրիշ երկրում «հեղափոխություն ճնշելու» համար զորք ուղարկելու՝ իրենց լիովին ոչնչացնող իրողությունը, ինքնարդարացման համար նկատել է, թե այդ պահին, որ Հայաստանից զորք են ուղարկել, արդեն Ղազախստանում ոչ թե «հեղափոխություն» էր, այլ ահաբեկչություն:
Դասականը կասեր՝ «իյա, իրո՞ք»:

Իսկ այժմ ավելի լուրջ:

Հարց 1. Ի՞նչ հիմքով է Հայաստանից առնվազն 100 հոգանոց զորախումբ ներգրավվել ՀԱՊԿ «խաղաղապահ ուժերի» զորակազմում: Կա՞ դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ համապատասխան որոշումը: Չէ՞ որ խոսքը Հայաստանի սահմաններից դուրս ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում գործուղելու, օգտագործելու մասին է:
Հարց 2. Ի՞նչ է նշանակում «նեղացած երիտասարդի կեցվածք» կամ նման մի բան, ամենից կարևորը. ի՞նչ է նշանակում «պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք ՀԱՊԿ մեխանիզմները, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի»:

Առավե՛լ կարևորը. ո՞վ է սա ասում, ո՞ր երկրի ներկայացուցիչը: Հայաստանի՞:
Նման բան ասում է ՀՀ ԱԽ քարտուղա՛րը: Ա՛յն Հայաստանի և Հայաստանի ա՛յն իշխանության, որի իշխանավարման պայմաններում և հետևանքով թշնամին՝ ադրբեջանական զինուժի տեսքով, բռնազավթել է ՀՀ սուվերեն տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր, և այդ տարածքները տակավին գտնվում են թշնամական վերահսկողության ներքո:

Հարց 3. Դե, եթե ՀԱՊԿ մեխենիզմների և դրանք աշխատեցնելու տեղն այդքան լավ գիտեք, Նիկոլ Փաշինյան և Նիկոլ Փաշինյանի ԱԽՔ, բա 2021թ. մայիսից մինչև օրս (դեռ չենք ասում՝ 2020-ի սեպտեմբերից մինչ օրս) ինչո՞ւ չեք աշխատեցնում: Թե՞ ձեզ համար, օրինակ, թշնամու կողմից Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ամբողջական հատվածների զավթումը, Հայաստանի մի քանի տասնյակ քառակուսի կմ տարածքի զավթումը չնչին ու անկարևոր մի բան է: Պակաս կարևոր կամ ընդհանրապես անկարևո՞ր է, քան նույն թշնամու հետ բարեկամական սերտ կապերի մեջ թաղված Ղազախստանի իշխող ռեժիմը նրանց ներքին խժդժություններից պաշտպանելը: Վերջինս, փաստորեն այնքան կարևոր է, Նիկոլ Փաշինյանի համար, որ նա առանց մեկ վայրկյան վարանելու, պատրաստ է հայ զինվորականների կյանքը վտանգի ենթարկել, ավելին՝ Ղազախստանում ապրող հայերի կյանքը և ունեցվածքը վտանգի տակ դնել (պարզ է, չէ՞, որ ղազախները թշնամաբար են տրամադրվելու այնտեղ գտնվող հայերի նկատմամբ՝ իրենց «ապստամբությունը» ճնշելու գործում հայկական զորախմբի մասնակցությունը):

Այս վերջին հարցը, կարելի է ասել՝ հռետորական է, քանի որ պատասխանն ակնհայտ է, առավել ևս, Նիկոլ Փաշինյանի ԱԽ քարտուղարը միանգամայն բաց տեքստով խոստովանում է, որ ժամանակին իրենց համար այդքան ատելի ՀԱՊԿ-ի «մեխանիզմներն աշխատեցնելու» հարցում աճապարանոք գործելու հիմնական շարժառիթը եղել է այն, որ եթե վաղը, մյուս օրը իրե՛նց ռեժիմը նման վիճակի մեջ հայտնվի, ՀԱՊԿ-ը իրենց էլ օգնության կգա: Պարզ ասած՝ եթե վաղը, մյուս օրը արդեն իրենց իշխանությունից հեռացնելու խնդիր լինի, հույս ունեն, որ ՀԱՊԿ զորքերը սվիններով, փողոց ելած հայերին կոտորելով կպաշտպանեն իրենց իշխանական աթոռները: Այդքան բան. սրանց միակ փորացավը իրենց հեղհեղուկ իշխանությունը չկորցնելն է:  

Հարց 4. Ժամանակակից մի «դասականի» ասածը մեջբերենք. «Էս չե՞ք, արա...»

 

Արմեն Հակոբյան

 

Հ.Գ. Ի դեպ, ՀԱՊԿ-ում այս պահին նախագահող լինելու պահով: Ո՞ւմ հասկանալի չէ, որ ՀԱՊԿ-ում ռոտացիոն կարգով նախագահելը գերազանցապես արարողակարգային նշանակություն ունի, իսկ որոշումները, որքան էլ որ ընդունվում են համատեղ, հիմնական որոշողը Կրեմլն է: Այնպես որ, ժամանակին իրենց համար այդքան մերժելի ու ատելի Պուտինն ինչ ասել է, Նիկոլ Փաշինյանը գլուխը կախ, «խելոք» արել է:

Ասել Ջիվանու. «Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած… խելքի աշեցեք»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ