13 12 2021

Լուծարված ընկերություններ, սուպերմարկետի պահեստ. Ի՞նչ գործունեություն է ծավալել նորանշնակ ՊՎԾ ղեկավարը

Լուծարված ընկերություններ, սուպերմարկետի պահեստ. Ի՞նչ գործունեություն է ծավալել նորանշնակ ՊՎԾ ղեկավարը

Նիկոլ Փաշինյանն շաբաթ օրով հերթական գրառումն արեց: Այդ անգամ թիրախում պետական ինստիտուներն են: Հետպատերազմական երկրի առանցքային խնդիրն՝ ըստ երկրի վարչապետի պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է: Իսկ առաջիկայում Փաշինյանի հիմնական անելիքը լինելու է պետականության և պետական ինստիտուտների զարգացումը:

Այս գրառմանը հետևող մեկնաբանություններից արդեն կարելի է հասկանալ, թե ինչ են մտածում այս մասին մեր քաղաքացիները: Բայց առաջարկում ենք մեկ օրինակով հասկանալ, թե ինչ լրջությամբ է մոտենում պետական ինստիտուտներին ինքը Փաշինյանը, ինչ կադրեր է նշանակում: Այսպես, Պետական վերահսկողական ծառայությունը, որ մինչ այդ նախագահի վերահսկողականն էր, ձևավորվել է 2018-ին, այսինքն այն նոր էր ստեղծվել և «նախկինները չէին հասցրել դեռ փչացնել»:

Նիկոլ Փաշինյանն այս կառույցի ղեկավար սկզբում նշանակեց իր հեղափոխական ընկեր  Դավիթ Սանասարյանին, որը մինչ այդ ոչմի տեղ չեր աշխատել, Երևանի ավագանու անդամ էր եղել միայն, իսկ նշանակվելուց հետո, շատ արագ, կոռուպցիոն մեղադրանքներով պաշտոնանկ արվեց: Գործն էլ դատարանում է: Այդ գերատեսչությունում, մի կարճ ժամանակով ղեկավար դարձավ Արգիշտի Քյարամյանը, որի հեռանալուց հետո երկար ժամանակ այդ պաշտոնը ժամանակավոր զբաղեցրեց Տիգրան Ուլիխանյանը, որն էլ հետո դարձավ ղեկավար: Օրեր առաջ էլ վերջինս ազատվեց պաշտոնից, և ՊՎԾ ղեկավար նշանակվեց, մեկ այլ հեղափոխական ընկեր՝ Ռոմանոս Պետրոսյանը: ՊՎԾ նախկին ղեկավարների իհարկե կարելի է առանձին-առանձին անդրադառնալ, բայց անդրադառնանք նորանշանակ ղեկավարին:

Ռոմանոս Պետրոսյանը 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ: 2003-2006թթ. աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում:  2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում: Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ սա միակ սուպերմարկետը չէ, որտեղ աշխատել է Ռոմանոս Պետրոսյանը: Նա, ըստ տեղեկությունների Երևանի սուպերմարկետներից մեկում եղել է պահեստի աշխատակից:

Պահեստից հետո Պետրոսյանի կարիերայում կտրուկ շրջադարձ է կատարվել: Նա, ըստ իր պաշտոնական կենսագրության, 2007-2008թթ. ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում: Ի դեպ, Yerevan.Today-ը հարցում է ուղարկել այս ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ գործունեություն է ծավալել վերջինս այնտեղ: Պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք:

Հետո նորից շրջադարձ: Նորից ըստ պաշոտնական կենսագրության՝ նա 2009-2014թթ. վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ աշխատել է վաճառքի բաժնում: Ստացվում է՝ ղեկավարից անցում է կատարել վաճառքի մասնագետի, համաձայնե՛ք, փոփոխությունը խիստ ուշագրավ է: Այնուհետև նորից վերադարձել ղեկավար պաշտոնի՝ զբաղեցնելով «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգում, Կոմերցիոն բաժնի ղեկավարի պաշտոնը: Թե ինչ հոլդինգ է սա, ինչով է զբաղվում, ինչ ծառայություններ է մատուցել, որևէ ինֆորմացիա հնարավոր չեղավ գտնել համացանցում: Այս ընկերությունը որոնելիս գտնում ենք միայն ինֆորմացիա, որ Ռոմանոս Պետրոսյանն է աշխատել այստեղ: Փնտրեցինք պետռեգիտսրում, պարզվեց, որ այդ կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը:

2017-2018թթ․ Ռոմանոս Պետրոսյանը զբաղեցրել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենի պաշտոնը, որը ըստ մամուլի տեղեկություների, պատկանել է իրեն: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ, նորից համացանցում փնտրելիս որևէ տեղեկատվություն չենք ստանում, թե ինչ գործունեություն է ծավալել, կամ ծավալել է արդյոք, երբևէ: Սփյուռ տեղեկատվական համակարգում գրված է, որ այս պահին այն չի գործում: Հերթական մասնավոր կազմակերպությունը, որը Ռոմանոս Պետրոսյանի կենսագրությունում ֆիքսված է, բայց դադրեցրել է գործունեությունը։

Դե 2018-ից հետո էլ Ռոմանոս Պետրոսյանի մասնագիտական վերելքները մեր աչքի առաջ են եղել: Սկզբում Կոտայքի մարզպետ, հետո՝ Շրջակա միջավայրի նախարար, հիմա էլ ՊՎԾ ղեկավար:

Նշենք, որ նորաստեղծ այս ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: Այսինքն, այն պետք է վերահսկի պետական կառույցների ֆինանսական հոսքերը, ծախսերը, կանխի կոռուպցիոն սխեմաները և այլն:

Թե ինչպես է այդ ֆունկցիան իրագործելու Ռոմանոս Պետրոսյանը, ով տարօրինակ վայրիվերումներով աշխատանքային գործունեություն է ծավալել, դժվար է ասել հուսանք որ նրա հեռանալուց հետո դրանք չեն փակվի, ինչպես այն մասնավոր ընկերությունները, որտեղ աշխատել է: Իսկ Փաշինյանն որը, իր պաշտոնավարման 4-րդ տարում, «ագոռայով» սկսել, հիմա հիշել է պետական ինստիտուտների կայացածության կարևորության մասին, ընդամենը մեկ օր առաջ էր կարևոր պաշտոնի նշանակում մի մարդու, որի կենսագրությունն ու նախկին գործունեությունը ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ոլորտներում խիստ կասկածելի է, բայց ասում է՝ պետական կառույցները կայացած չեն եղել:

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ