Հայաստանի վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համար ու իրեն հարմար հարցեր էր գրել կամ ընտրել, որոնց նախօրեին «լայվով» պատասխանում էր: Չնայած, տվյալ դեպքում բառերը երևի չակերտատանջ պիտի լինեին, քանզի չակերտավորել կարելի է և՛ այսպես կոչված հարցերը, և՛ այսպես կոչված պատասխանները, և՛ վարչապետը, և՛ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է վերջինին, ապա «ֆեյսբուքահայությունը» տեղյակ է անշուշտ, որ վերջին օրերին Նիկոլի ֆանատներից մի կնոջ արած այն գրառման «սքրինն» էր, թե իբր իրենց պաշտամունքի առարկային թուրքերը հափշտակել են ու փոխարինել նմանակով: Խնդալու բան է, եթե Նիկոլ Փաշինյանի ու նրա «պայծառամիտ» ադեպտների համատեղ ուժերով եփված չլիներ այս արնաշաղախ մղձավանջափլավը, որ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ թափվում է Հայաստանի ու հայության գլխին:
Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվից» պարզ դարձավ, որ տակավին կան նիկելապատ ու պողպատակուռ նյարդեր ունեցող հայրենակիցներ, որոնք հետևել են նրա «վիրտուալ ասուլիսին»: Չնայած, սոցցանցային առավել տիրապետող արձագանքները այն տիրույթում են, որ այստեղ մեջբերելու ենթակա չեն: Թափանցիկ ակնարկենք, որ արձագանքների գրեակշիռ մասը այնպիսին է, որ եթերային լրատվամիջոցները դրանք մեջբերում են՝ «տու-տու-տուուու»-ի ձայնով խլացնելով միայն:
Ինչ վերաբերում է նրա արած հայտարարություններին, ապա առավել վրդովեցուցիչ է այն արտահայտությունը, թե իր՝ Նիկոլ Փաշինյանի համար ամենածանր հարվածը եղել է... մաքսային ծառայության աշխատակցին դրոշի համար գործից հանելու հանրային վիրտուալ արձագանքը։ Ու մի քանի անգամ էլ շեշտեց՝ «ամենամեծ հարվածն ինձ համար եղել ա էդ...»:
Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ ինքնախոստովանական ցուցմունք: Փաստորեն, իր վարած «ոչմիիզմի» վայրիվերո «քաղաքականությամբ» Արցախն ու Հայաստանը պատերազմի տարած, իր տակուգլուխ որոշումներով ու հայտարարություններով Հայաստանն ու Արցախը պարտության մատնած, Հայոց բանակի հազարավոր զինվորների, մի քանի սերնդի մարտունակ երիտասարդությանը կոտորածի մատնած, տասնյակ հազարավոր հայ մարդկանց տնազրկած ու երկրազրկած, հազար-հազարների հաշմվելու անմիջական պատճառ ու մեղավոր, Հայաստանը կտոր-կտոր թուրքերին տվող Նիկոլի համար ամենածանր հարվածը... ընկած դրոշի համար գործից մի մաքսավորի ազատելու «վիրտուալ բունտն» է եղել: Ի դեպ, մաքսատան ծառայողին «գործից հանելու» նրա կապրիզն ինքնին կամայականություն էր, բայց դա չէ հարցը:
Հարցն այն է, որ «Եռաբլուրը» հազարավոր դրոշներով պատած, հազարավոր մայրերի որդեկորույս դարձրած, հայությանը չդադարող մղձավանջի մատնած այս անձնավորության համար այդ ամենը «ամենածանր» կամ «ամենամեծ հարված» չեն:
Հարց է ծագում (հռետորական). ո՞վ է նա, որ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնի, է՛լ ավելի հռետորական հարց է ծագում, թե ո՞վ ենք մենք, եթե նա դեռ զբաղեցնում է այդ պաշտոնը:
Նա, ով «երկրի հակառակ կողմն» էր գնում կամ այնտեղից էր գալիս: Իսկ երկրի հակառակ կողմը, ի դեպ, չ-երկիրն է: Ու նա այդ չ-երկիրն է ստանում գործնականում, այսինքն՝ երկրի ոչնչացումը, «զրոյական կետը»: Նա, որ ցինիկաբար հպարտանում է Հայաստանի ու Արցախի պարտությամբ և մեր դեմ մեր թշնամիների հաղթանակով:
Ու նա մեկ էլ հարց է հնչեցնում, թե՝ «Թուրքիան և Ադրբեջանը... ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետություն ոչնչացնե՞ն, իրենք ուզում են շարունակե՞լ ցեղասպանության քաղաքականությունը...»:
Չէ՛, չեն ուզում, այլ ոչնչացնում են: Չէ՛, չեն ուզում շարունակել, այլ շարունակո՛ւմ են ցեղասպանության քաղաքականությունը: Ու գիտե՞ք ինչու: Թուրքիան և Ադրբեջանը ոչնչացնում են հայկական պետություն(ներ)ը, ոչնչացնում են հայ ժողովրդին, անպատիժ շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը, որովհետև ունեն Նիկոլ Փաշինյանի նման սուպեր-դաշնակից, ունեն իրենց առնվազն հոգեհարազատ, եթե ոչ՝ արյունակից «քայլոներ» և նրանց կռապաշտի նման ընտրողներ: Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում և գործնականում իրականացնում են Հայաստանի ոչնչացումը (բան չի մնացել), որովհետև ՀՀ վարչապետի պաշտոնում նստած Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու որոշումներն այնպիսին են, որ ավելի շուտ կվայելեին «Երևանում Թուրքիայի հյուպատոսին» կամ «ՀՀ-ում Ադրբեջանի գործերի հավատարմատարին»:
Ով դրանում կասկածում է, թող մեկ անգամ էլ ծանրութեթև անի ա) ինչպես Փաշինյանն ու նրա «զինակիցները» 3 տարվա մեջ մսխեցին նախորդ 25-27 տարիներին անասելի զրկանքների գնով ստեղծածը, բ) ինչպես Փաշինյանն ու նրա «քպ»-ները ծծեցին ժողովրդի լավատեսությունն ու պարգևավճարներով մզեցին բյուջեի միջոցները, գ) ինչպես պարտության ու կոտորածի մատնեցին Հայոց բանակի սպաներին ու զինվորներին: Եթե էլի կասկածներ մնան, հիշեք, թե ո՛վ է ասել, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ Տեղ գյուղից այն կողմ ադրբեջանական տարած է, հիշեք, թե իր իսկ հրահրած արնաշաղախ մղձավանջից հետո Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ, ո՛րն է իր վարչապետության համար «ամենածանր հարվածը»...
Մեկ բան ակնբախ է. Նիկոլ Փաշինյանը և նրա կույր պաշտամունքը ամենածանր հարվածն են հայ ժողովրդին, որը, փաստորեն, գերադասում է «ապագակա» ասելով ոչնչանա՛լ: Նման ընտրություն կատարող ժողովուրդն, օբյեկտիվորեն, չի կարող չկոտորվել և չի՛ կարող պետություն ունենալ: Եվ Նիկոլ Փաշինյանի ու նրա «քպ»-կիցների շնորհիվ, արդեն գրեթե չունի: Չունի՛ պետություն, չունի՛ ապագա, չունի ո՛չ մի իրավունք:
Ինչպես ասվում էր՝ «ծա՛փ տվեք, արա՜...»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը