16 11 2021

Նիկոլի «իշխանության» ամեն մի վայրկյանը ահագնացնում է Հայաստանի վերացման ռեալ վտանգը

Նիկոլի «իշխանության» ամեն մի վայրկյանը ահագնացնում է Հայաստանի վերացման ռեալ վտանգը

Իր ընտրազանգվածին Նիկոլ Փաշինյանի խոստացած «ապագան» ու «խաղաղության դարաշրջանը» վրա հասան այնպիսի կայծակնային արագությամբ, որ նույնիսկ առհավետ նզովյալ որևէ պոպուլիստ-հողատու չէր երևակայի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «քայլական» ու «քպ»-ական իրարահաջորդ կառավարությունների անգործության և անպիտանության հետևանքով, եթե ոչ՝ ներքին պայմանավորվածությամբ դեռ մայիսի կեսերից Հայաստանի տարածք ներխուժած ու դիրքավորված ադրբեջանական զինուժը անցել է նախահարձակ գործողությունների: Թշնամու այդ գործողություններին ինչ-որ կերպ երևի փորձում են դիմադրել դեռ երեք-չորս տարի առաջ տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային գործոն եղած, և Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանաբար կազմաքանդված Հայկական բանակի բզկտված մնացորդները:
Գործնականում ակնհայտ է հետևյալը. Այն, ինչը կոչվում է «ՀՀ կառավարություն» և «ՀՀ իշխանություն»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ի դեմս նրա մանկլավիկների, այլևս ոչ մի իշխանություն էլ չէ: Այն, ըստ էության, լուծարված է առկա իրողությունների ուժով: Դա «իշխանություն» չէ ամենից առաջ այն պարզ պատճառով, որ բացահայտորեն չի՛ կարողանում, ամենայն հավանականությամբ՝ չի էլ ցանկանում կատարել իր անմիջական պարտավորությունը, որն է՝ պետության անվտանգության և տարածքային ամբողջականության, բնակչության կյանքի անվտանգության ապահովումը:
Պարզից էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը, եթե 150 տոկոս «ձայներով» էլ վերարտադրվեր, եթե 666 անգամ էլ «վերընտրվեր», միևնույն է, չէր կարող ու չի կարողանալու ոչինչ անել, բացի Հայաստանի իսպառ վերացումից, Հայաստանի բնակչության թշնամական օկուպացիայի տակ դնելուց:
Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ընտրություններից առաջ կոնկրետ բաներ է խոստացել Հայաստանի ու հայության թշնամիներին, ի դեմս իր սիրելի Ալիևի ու Էրդողանի, հիմա վախենում է կատարել իր «վիզ վերցրածները» (վախենում է կորցնել իշխանությունը և հայտնվել իր երազած «գնդակահարության պատի տակ»), իսկ թշնամիներն էլ, ահա այսպես՝ նախահարձակ գործողություններ են իրականացնում: Թշնամու հիմնական նպատակները, պետք է ենթադրել,  ա) Նիկոլի կապիտուլյանտ իշխանությանը կոնկրետ փաստի առաջ կանգնեցնելն ու նոր պայմաններ թելադրելն է, բ) գործնականում Հայաստանը մասերի բաժանելը և մաս առ մաս զավթելը:
Առաջնահերթ թուրքական օկուպացիայի իրական վտանգի տակ են Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, ապա նաև՝ թունդ նիկոլապաշտ Վարդենիս, Մարտունի քաղաքները:
Ի՞նչ կարելի է անել: Ամենից առաջ, պետք է իշխանությունից հեռացնել Նիկոլին ու նրա բախտախնդիր անգործունակ-պարազիտներին: Նիկոլի «իշխանության» ամեն մի ավել վայրկյանը երկրաչափական պրոգրեսիայով ահագնացնում է Հայաստանի բացարձակ կործանման միանգամայն ռեալ վտանգը:
Պետք է գան առողջ ուժերը, կարող մարդիկ, որոնք, հավատացեք, հաշված օրերի ընթացքում կկարողանան կայունացնել իրավիճակը, կասեցնել այս գահավիժման ընթացքը և սկսել վերջապես ոտքի կանգնել:

Այլևս այն իրավիճակն է, երբ այսպես ասած՝ «իշխանությունը» ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև բացարձակապես զրոյական ազդեցություն ունի դեպքերի ընթացքի վրա: Իսկ դեպքերն ընթանում են Հայաստանի վերացման, Հայաստանի բնակչության կոտորածի հունով:
Ի՞նչ անել, սպասել, մինչև թուրքական տանկերը մտնեն Սարյան փողոցի վրա նիկոլաիշխանավորների սիրած խմելատեղինե՞ր...

Թանկ է ամեն մի ժամը, պահանջվում են արագ, կտրուկ, կոշտ և հստակ գործողություններ:

Վաղը հաստատ ավելի ուշ է լինելու:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ