07 10 2021

Նիկոլն ու նիկոլական «ոչնչիզմը» Հայաստանը դարձրել են բանակցային սեղանին նետված առարկա

Նիկոլն ու նիկոլական «ոչնչիզմը» Հայաստանը դարձրել են բանակցային սեղանին  նետված առարկա

Եթե ի մի բերենք տարածաշրջանում ու բանակցային գործընթացում Հայաստանի ներկայիս «դիրքավորումը», որը բավականին դիպուկ ու պատկերավոր նկարագրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում, ապա կստացվի ծնկաչոք վիճակում բանակցությունների սեղանին դրված կամ նետված առարկա (օբյեկտ), որի հետ սեղանի շուրջ նստածները ինչ ուզում, այն էլ անում են: Այդ ծնկաչոք ու ոչինչ չորոշող աննախանձելի կարգավիճակին Հայաստանը բերել են անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր «ոչնչիզմի» դատարկախոսական «գաղափարաբանությամբ», նրա անձեռնահաս ու որկրամոլ (պարգևավճարամոլ) «թիմը» և բոլոր նրանք, ովքեր այդ երկրակերներին թեկուզ որևէ հարցով աջակցել են, ասենք՝ դրանց մի բաժակ ջուր են տվել...

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս արտաքին-քաղաքական ու բանակցային վիճակին ու դիրքին, ապա պետք է նկատել, որ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի տված ախտորոշում-նկարագիրը նույնիսկ ինչ-որ առումով «լավատեսական» է: Այն իմաստով, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի նկարագրածի, Նիկոլ Փաշինյանը ծնկաչոք վիճակում է բանակցում կամ բանակցելու, իսկ Հայաստանն էլ դարձրել է բանակցությունների սեղանին դրված առարկա (օբյեկտ):

Խնդիրն այն է, որ Հայաստանը հիմա նույնիսկ բանակցային սեղանի վրա էլ չէ, այլ այդ սեղանի տակ է ընկել, ըստ որում, արդեն ոչ թե ծնկաչոք, այլ միանգամայն բերանքսիվայր, կրկնենք՝ սեղանի տակ փռված «գլխավոր բանակցողով», ի դեմս Նիկոլի: Իսկ այդ պատկերավոր ասված «բանակցային սեղանի» շուրջ նստածները, առաջին հերթին՝ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, ինչո՞ւ ոչ՝ Իրանը, մեկ-մեկ էլ անգամ Վրաստանը ինչ ուզում, այն էլ անում են: Մեկը ցեխոտ ներբաններն է վրան մաքրում՝ ճենճոտ բեղի տակ խնդալով, մյուսը պարզապես կոշիկով բոթում է, երրորդը...

Սկզբունքորեն, հիմնական խնդիրը բանակցային կողմից բանակցության առարկայի վերածվելն է, ինչը, միանշանակ ու աներբա, Նիկոլ Փաշինյանի ու նրա պարգևավճարված, այս դեպքում՝ ձրիակեր ներկայացուցիչների ցածրագույն «նվաճումն» է:

Սրանք, որ Նիկոլի գլխավորությամբ մի երկու-երեք տարի առաջ խոսում էին Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասին, իրենց միտումնավոր ափռ-ցփռ հայտարարություններով ու հակասական «քաղաքականությամբ» հասան այն բանին, որ հիմա անգամ Հայաստանը, որպես այդպիսին, բանակցային կողմ չէ: Իսկ Արցախի մասին էլ Նիկոլն ու իր «կամանդը» ոչ միայն խոսելու տեղ չունեն, այլև՝ ցանկություն:

Նիկոլական «ոչնչիզմն» արտաքին-քաղաքական ասպարեզում հանգեցրեց այն բանին, որ Թուրքիան, ըստ էության, լիարժեք հնարավորություն ստացավ իրագործելու իր վաղեմի ծրագրերի մեծ մասը, մասնավորապես՝ խորացնելու դապի Անդրկովկաս իր էքսպանսիան, դառնալով այնպիսի դերակատար, վճռորոշ գործոն, ինչի հետ նույն Ռուսաստանը ու ոչ միայն Ռուսաստանը, նաև Ֆրանսիան, ԱՄՆ-ը, մյուս խոշոր խաղացողները, ներառյալ առաջին հերթին՝ Իրանը, ապա նաև Չինաստանը հարկադրված են հաշվի նստել: Մյուս աղետալի հետևանքը նիկոլական «ոչնչիզմի» այն է, որ Ադրբեջանը էապես բարելավեց իր դիրքերը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ բանակցելու, առուտուր անելու հարթության վրա, իսկ Թուրքիայի հետ գործնականում ցամաքային կապով միանալու իրական հնարավորությունը ավելի ու ավելի է ուժեղացնում ալիևյան ոճրապետության դիրքերը:

Բանն այնտեղ է հասել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Սյունիքը զավթելու, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների կողմից Սյունիքը նվեր ստանալու իրական հավանականությունը էապես անհանգստացրել է ամերիկա-իսրայելա-թյուրքական աքցանների մեջ առնվող Իրանին: Այն կարգի, որ Իրանի որոշակի շրջանակներ խոսում են, առանց Երևանի կարծիքը հարցնելու, Հայաստանի տարածք ներխուժելու և Սյունիքի «լեզվակը» ադրբեջանաթուրքական տանդեմին չզիջելու տարբերակների մասին:

Կարելի է, իհարկե, ավելի հանգամանորեն ու գունագեղ անդրադառնալ տարածաշրջանային գործընթացներին և իրողություններին: Սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ գործընթացներում և իրողություններում Հայաստանը, որպես մասնակից, արդեն չկա: Եվ այդ իրավիճակը կարող է փոխվել մի՛միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա ձախավեր երկրակործանների հեռացումից և Հայաստանի ավերակները վերականգնելուց հետո: Բայց նախ՝ սրանց հեռացնել ու ամենակոշտ պատասխանատվության ենթարկել է պետք:

Արմեն Հակոբյան    

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ