31 08 2021

Նախագահի և Հայաստանի մեկ ամիսը

Նախագահի և Հայաստանի մեկ ամիսը

Հանրապետության նախագահը պետության գլուխն է, նա հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սա ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, ավելի կոնկրետ 123-րդ հոդվածով: Հետպատերազմյան և հետընտրական իրավիճակը բավականին լարված է, մեկ բառով ասված մենք կանգնած ենք Սյունիքը կորցնելու եզրին, երկրում տեղի են ունենում բազմաթիվ պրոցեսներ:

Թե ինչ դերակատարում է ունենում ՀՀ նախագահն այս իրավիճակում, առաջարկում ենք պարզել մի փոքր համեմատությամբ: Այսպես, առանձնացրել ենք օգոստոս ամսվա իրադարձություններն ու Արմեն Սարգսյանի հրապարակային գործունեությունը:

02 08 2021

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ նախագահ

Որևէ հայտարարություն չկա:

03 08 2021

Ադրբեջանական զինծառայողները գողացել են Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող անասուններին: ՄԻՊ-ը ահազանգում է, որ Ադրբեջանական ԶՈւ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները:

ՀՀ նախագահ- Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին, հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

06 08 2021

ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ: Ազգային ժղովում տեղի է ունեցել միջադեպ, ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հեռացրել են նիստերի դահլիճից, խոչընդոտվել է խորհրդարանում աշխատող լրագրողների իրավունքները:

Արմեն Սարգսյան՝ ընդունել է Հայաստանում Վրաստանի​ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այնուհետև ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին, որն էլ իր երախտագիտությունն է հայտնել Արմեն Սարգսյանին Ճապոնիա այցի համար:

07 08 2021

Թշնամին կրակել է Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ:

Արմեն Սարգսյանը լռել է:

11 08 2021

Ադրբեջանը Երասխի ուղղությամբ սադրանքի է դիմել` կրակել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանը հարվածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ: Վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ-ում, միջամտել են անվտանգության աշխատակիցները:

Արմեն Սարգսյան՝ շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին ծննդյան օրվա առթիվ: Ի դեպ, դրանից երկու օր առաջ հայտնել են, որ Արմեն Սարգսյանը օգոստոսի 9-ից մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում:

12 08 2021

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ նախագահը կրկին լուռ է:

14 08 2021

Ադրբեջանական զորքերը կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակահայկական հայտարարություններ է արել՝ ասելով, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

ՀՀ նախագահը կրկին լուռ է:

15 08 2021

Թշնամին մոտ 1 ժամ կրակել է Կութի դիրքերի ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, ապա շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին՝ Ազգային տոնի առթիվ, որից հետո էլ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

16 08 2021

Սահմանին 2002թ. ծնված զինծառայող է զոհվել, Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ,իսկ Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մեկ այլ հայ զինծառայող է զոհվել:

Արմեն Սարգսյանը լուռ է:

19 08 2021

Երեք ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել:

ՀՀ նախագահը չի արձագանքել:

24 08 2021

Ծեծկռտուք, «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աժ-ում:

Արմեն Սարգսյան շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

25 08 2021

Ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհի մի հատվածը: Ազգային ժողվում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու անգամ, տուժել են մի շարք պատգամավորներ:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

26 08 2021

Ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը

ՀՀ նախագահը ոչինչ չի ասել:

Իսկ օգոստոի 27-ին, 29 և 30-ին  Արմեն Սարգսյանը ցավակցել է Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ, որից հետո շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` Սահմանադրության օրվա առթիվ:

Եվ վերջում հիշեցնենք մի փոքրիկ հատված 2019-ին Արմեն Սարգսյանի ելույթից՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանին:

«Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ: Հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք իր 60 ամյակը, տասը տարի կտոնենք 70-ը, հետո 80-ը, 90-ը, 100-ամյակը, բայց նա միշտ կմնա երիտասարդ՝ 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, մեր ազգային հսկանեից մեկը»:

Լրագրողի հարցին, թե ինքն անձամբ ճանաչե՞լ է սպարապետին, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ոչ միայն ճանաչել է, այլև նաև իրենք լավ ընկերներ են եղել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իշխանության վառ ներկայացուցիչներից մեկը բոլոր հնարավոր ձևերով մեղադրում էր Վազգեն Սարգսյանին, ինչ ասես ասում էր: Վազգեն Սարգսյանի ընկեր Արմեն Սարգսյանը շարունակում էր լռել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ