02 07 2021

Ի՞նչ այլևս չունի Հայաստանը Նիկոլի ու նրան ձայն տվողների շնորհիվ

Ի՞նչ այլևս չունի Հայաստանը Նիկոլի ու նրան ձայն տվողների շնորհիվ

Ում հարցնես, գիտի, թե ինչ է ուզում, օրինակ, Չինաստանը, ինչ է ուզում Իրանը, ինչ են ուզում Անկարան կամ Բաքուն: Ոմանք վստահ են, որ Պուտինից ավելի լավ գիտեն, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Կապ չունի՝ «իմացողները» տնաբույս կամ ավելի ճիշտ՝ ֆեյսբուքաա՞ճ «քաղաքագետներ» են, բեսեդկայի՞ «էքսպերտներ», թե՞ բարձրագույնավարտ, դիպլոմավորված քաղաքագետներ: Կարևորը, որ գիտե՛ն:

Փոխարենը, ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում, օրինակի համար, Հայաստանը: Չնայած, այդ մի չիմանալն օրինաչափ է. որպեսզի իմանաս, թե ինչ է ուզում որևէ պետություն, այն առաջին հերթին պետք է գոյություն ունենա: Իսկ Հայաստանն այսօր, որպես պետություն, գոյություն չունի: Հայոց պետականությունը բարեհաջող ու ծրագրավորված ոչնչացրել են դրսի թշնամական ուժերի կողմից իշխանության բերված բախտախնդիր դատարկախոսներն ու բացահայտ օտարահպատակները:

Մյուս կողմից, միանգամայն վստահ, գրեթե առանց սխալվելու կարելի է ասել, թե ի՛նչ է ուզում դեռևս Հայաստան կոչվող երկրի տարածքում բնակվողների մի որոշակի մասը, պաշտոնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների մոտ 25 տոկոսը: Նրանք ուզում են ոչնչանալ, կոտորվել, միգուցե նաև՝ թլպատվել, հավատափոխ լինել…: Համենայն դեպս, հայտարարված թվերի համաձայն, երկրում ապրողների 25 տոկոսը քվեարկել է հանուն Հայաստանի վերացման, հանուն պետականության վերջնական ոչնչացման:

Այլ կերպ դժվար է մեկնաբանել այն տխմարագույն, բայց ակնհայտ իրողությունը, որ մի 600 հազար հոգի գնացել ու ձայն է տվել Արցախը թուրքին նվիրած, Շուշին դժբախտ ու դժգույն, ի լրումն՝ թուրքական համարող, մեր զոհված տղաներին «50 էս կողմ, 50 էն կողմ»-ով նշող, թշնամուն պարտվելով հպարտացող, պետության ամեն ինչը վարի տվող արկածախնդիր, անպատասխանատու, պաթոլոգիկ ստախոս ու մարդատյաց, մի ամբողջ սերնդի հազարավոր զավակների արյունը հեղած նենգադավ սուբյեկտին:

Թե ինչ է ուզում Թուրքիան, մեծ հաշվով, պարզ է: Ավելին, Թուրքիան հիմնականում հասել է այն միջանկյալ նպատակներին, որոնք թույլ են տալու իրականացնել նաև գլխավոր նպատակները, այն է՝ վերացնել Հայոց պետականությունը, այն լավագույն դեպքում վերածելով գործնականում թուրքական վիլայեթի՝ էթնիկ հայ փոքրամասնությամբ, որպես էթնոգրաֆիկ-թանգարանա-տուրիստաբեր նմուշի, այդ նմուշը պահել այնպիսի աքցանների մեջ, որ այլևս երբեք չկարողանա ոտքի կանգնել տնտեսական, ռազմական, ազգային առումներով: Հիմնականը Թուրքիայի համար, իհարկե, հաստատուն կոմունիկացիոն կապակցումն է Ադրբեջանի ու այդպիսով՝ միջինասիական թյուրքալեզու պետությունների հետ: Մի բան, որ ներկա իրավիճակում թվում է արդեն զուտ տեխնիկայի հարց: Թուրքիան բավականին հաջող առուտուր է անում Կրեմլի հետ, որքան էլ որ նրանց աշխարհաքաղաքական շահերը հակամետ են: 

Ռուսաստանը, չնայած այդ շահերի հակադրությանը, շարունակում է Թուրքիայի հետ առուտուրը, և քանի որ ինքնիշխան Հայոց պետականությունը խոչընդոտ է թվում այդ առևտրական համակարգում, Մոսկվային էլ է ձեռնտու, որ Հայաստանում լինի Նիկոլի նման խամաճիկային մեկը, մի բացարձակ կամակատար, որը հպարտանալով կկզի ու կանի այն, ինչ իրեն հրամայվում է:
Այնպես որ, «ինչ է ուզում Հայաստանը» հարցն ինքնաբերաբար հանված է օրակարգից: Հայաստանը հիմա թուրքական յաթաղանի, ռուսական սալի ու շիզիկ ձևացող չաքուջի արանքում է:

Հայաստանը մինչև կեսօր «ուզում» է այն, ինչ Նիկոլին կհրամայի Էրդողանը, կեսօրից մինչև երեկո Հայաստանն «ուզում» է այն, ինչ Նիկոլին կհրամայի Պուտինը, իսկ երեկոյան Հայաստանը, նարկոզի տակ մորթի տարվող կենդանու նման, կա՛մ երևանյան բացօթյա պանդոկներում է վեր ընկած, կա՛մ բացքամակ շրջում է տապից ու տոթից հեղձուկ փողոցներում:

Հայաստանը, Նիկոլի ու նրան ձայն տվողների շնորհիվ, այլևս չունի բանակ: Ունենար, ծնկաչոք չէր խնդրի, որ դեռևս երկրի սահման համարվող արևելյան բնագծերը ռուսական զորքը պահպաներ:
Հայաստանը, Նիկոլի ու նրան ձայն տվողների շնորհիվ, չունի ԱԳ նախարարություն, քանի որ արդեն չունի նաև արտաքին-քաղաքական որևէ ուղեգիծ:

Հայաստանը, Նիկոլի ու նրան ձայն տվողների շնորհիվ այլևս չունի նաև տնտեսություն։

Հա, ասում են, ֆիննախը հայտարարել է, թե Հայաստանի արտաքին պարտքը հատել է կառավարելի միջակայքի շեմը: Էհ, հետո՞ ինչ, թե չի հատել, կարևորը, որ «ազատության» քարոզչաասեղի վրա նստած քայլող «բարձրախոսների» մաղձն ու անմտությունը չհատնի:

Իրականում, իհարկե, այն ինչ ասում է Նիկոլի անձնական սպասարկման ֆիննախը, խիստ վտանգավոր բան է: Բայց ո՛ւմ է դա հետաքրքիր, չէ՞:  Կարևորը՝ դուխո՛վ, չաքուջո՛վ, ապուշություններ դուրս տալով… ամեն ինչ վարի տալն է:

Չէ՛, բայց իսկապես, որքան ապուշ պետք է լինի որևէ հասարակություն, որ կարծի, թե որևէ հեղափոխական «իշխանություն» կարող է անել այլ բան, քան քանդելը, ավերելը, փշրելը, սպանելը, բռնություններ ու բեսպրեդել հովանավորելը, սեփականություն խլելն ու ամեն ինչում ուրիշներին մեղադրելն է: Իսկ հասարակությունը, որի պապերը նման մի բանի միջով անցել են, բայց որն էլի նման «հավատներ» ունի, ոչ միայն պարզապես ապուշ է, այլև՝ անհուսորեն անուղղելի: Ու նաև անապագա, որքան էլ ոմանք ծղրտան, թե՝ «ապագա կա»:

Արմեն Հակոբյան

 

    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ