11 06 2021

Ի՞նչ է սպասվում բիզնեսին Փաշինյանի մնալու դեպքում

Ի՞նչ է սպասվում բիզնեսին Փաշինյանի մնալու դեպքում

Արդեն հինգ օր է՝ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Այս օրերի ընթացքում մենք իմացանք, որ «ապրում ենք դրախտում, ՀՀ-ն բիզնեսի համար դրախտավայր է, Սինգապուրը մեզ նախանձում է, իսկ մեր երկրում էլ կաթ ու մեղր է հոսում»: Այդ մասին քարոզարշավի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է ասում: Դրախտի համար էլ, իհարկե իրենց ենք պարտական: Այդպես է ամենը ներկայացվում։

Պատերազմի արհավիրքների, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, մենք իհարկե չենք լսի այս օրերին այս ուժի հավաքներին: Դրա համար էլ ներկայացնենք, թե «դրախտավայր» Հայաստանում ինչպիսի իրավիճակ է, մասնավորապես տնտեսական առումով, ավելին, ինչ  է սպասվում Փաշինյանի մնալու դեպքում:

Աղքատության գրեթե կրկնակի աճ, գործազուրկների թվի ավելացում, գյուղատնտեսության ոլորտի շարունակական անկում, տուրիզմի ոլորտի վերջնական բնաջնջում: Որպես այս ամենի տրամաբանական արդյունք. եկրում գրանցվեց տնտեսական անկում և երեք տարում (2018-2021թթ.) 30%-ով կամ 2մլրդ ԱՄՆ դոլարով ավելացավ պետական պարտքը:

Այս տարվա ապրիլի դրությամբ այն կազմում է 8.77 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքը հասել է համախառն ներքին արդյունքի 70 տոկոսին, որը համարվում է բարձր ռիսկայնություն։

Նախկինում երբևէ Հայաստանը պետական պարտքի այդպիսի բարձր ցուցանիշ չէր ունեցել, ինչպիսին ունի հիմա։ Այս աննախադեպ իրավիճակի համար Փաշինյանի կառավարությունը գտել է նույնքան աննախադեպ լուծում:

Տարեվերջին Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նախատեսվում է կառավարության հարկային մուտքերում, վերը նշվածի արդյունքում, առաջացած և խորացող ճեղքվածքը լրացնել նոր պարտք վերցնելով և հարկերը բարձրացնելով:

Ըստ արդեն ստորագրված որոշումի, իջեցվել է շրջանառության հարկի շեմը, ասյինքն երկրի տնտեսության համար այս ճգնաժամային իրավիճակում տնտեսվարողների մի զգալի մաս անցնելու է ԱԱՀ-ով հարկման ռեժիմի և վճարելու է ավելի շատ հարկ քան նախկինում: Դրանք են փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունները։ Այս փոփոխությունը պայմանավորված է Արժույթի միջազգային հիմնադրամի «Պահուստային եռամյա ծրագրի» առաջընթացի 3-րդ գնահատման շրջանակներում հաստատված` Տնտեսական և Ֆինանսական քաղաքականությունների Հուշագրի 13-րդ կետով:

Հիմա փորձենք հասկանալ, թե ո՞ւմ վրա է սա ազդելու, ով է տուժելու այս փոփխությունից:

  1. Այս խնդիրը առնչվելու է ավելի քան 95,000 ակտիվ հարկ վճարողների գերակշիռ մեծամասնությանը և բերելու է նրան, որ շատ փոքր և միջին ձեռնարկություններ փակվելու են և ազատելու են իրենց աշխատողներին:
  2. Առողջապահական ծառայությունները ևս հարկվելու են ԱԱՀ-ով, մոտ 20%-ով թանկանալու են բոլոր ծառայությունները` դիագնոստիկա, բուժում, վիրահատություններ և այլն: Սա բնականաբար վատթարացնելու է բնակչության առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
  3. 2022 թվականի հունվարից կբարձրացվեն նաև կիրառվող բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների մեծ մասի դրույքաչափը՝ 30%-ով: 

Այս փոփոխությունը գործելու է 2022 թվականի հունվարից: Ինչպես հասկացանք, տուժելու են բիզնեսը, սպառողները, աշխատողները, մեծ հաշվով՝ հանրությունը, ՀՀ քաղաքացին: 

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Փաշինյանի «թեթև ձեռքով» հաստատած այս փաստատղթով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է վերը ներկայացված և այլ պարտավորություններ, որոնք շարունակելու են աղքատացնել մեր բնակչությանը և բիզնես համայնքին: Փակվող բիզնեսն ու գործազրկությունն էլ ճանապարհ են հարթելու արտագաղթի համար: 

Արժույթի միջազգային հիմնադրամն էլ որպես «փոխհատուցում», ավարտել է Պահուստային ծրագրի շրջանակում Հայաստանի առաջընթացի երրորդ գնահատումը և 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատել է 25.714 միլիոն փոխառության հատուկ իրավունքների (SDR) կամ մոտ 37մլն ԱՄՆ դոլարի հատկացումը, որը համաձայն «օդում կախված լուրերի» Փաշինյանը ուղղել է իր և միայն իր թիմակիցների պարգևավճարներին:

Ի դեպ, այս առումով, տարեսկզբին անդրադառնալով ստեղծված իրավիճակին Փաշինյանն ասել էր.

«Պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպանները լցնենք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»:

Այս և այլ թեմաներից, քարոզարշավի ընթացքում իշխանության թեկնածուն, իհարկե չի խոսա, սակայն սա է իրականությունը։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ