06 03 2021

Թշնամին խոսում է «պատմական ձեռքբերումից», թշնամու տեղական կամակատարները լռում են

Թշնամին խոսում է «պատմական ձեռքբերումից», թշնամու տեղական կամակատարները լռում են

Մեծ հաշվով, արտառոց ոչինչ չկա նրանում, որ Հայաստանի իշխանություն համարվող «թավշյա» խմբակը հիմնականում լռությամբ է արձագանքում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հակահայ ու Հայաստանի դեմ հնչեցրած հոխորտանքներին: Արտառոց ոչինչ չկա դրանում, եթե ելակետ վերցնենք այն հիմնավոր ենթադրությունը, որ այն խմբակը, որը Հայաստանի իշխանություն է համարվում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թշնամու կամակատարն է:

Ահավասիկ, Ալիևն էլի հոխորտացել է, թե... «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, սակայն դա նրանց չի հաջողվի, մենք կստիպենք նրանց»: Ի դեպ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում ունեցած այդ ելույթում Ալիևը մասնավորապես սա էլ է ասել. «Զանգեզուրի միջանցքը պատմական ձեռքբերում է: Այն, որ հարցն արտացոլված է եռակողմ հռչակագրում, մեզ համար մեծ քաղաքական հաղթանակ է»:

Խոսքն, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված «Մեղրու միջանցքի» մասին է, այսինքն՝ Հայաստանի տարածքով Նախնջևանի ինքնավարությանը դեպի Ադրբեջան տրանսպորտային ուղի տրամադրելու: Դա Ալիևը, իրավամբ, իր ու իր թյուրքական ցեղախմբի համար «պատմական ձեռքբերում» է համարում: Սա այն պարագայում, ի դեպ, որ վկայակոչվող հռչակագրում, պարզ ասած՝ Հայաստանի կապիտուլյացիայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ գաղտագողի ստորագրած հայտարարության մեջ միջանցքի համար կոնկրետ աշխարհագրական տարածք նշված չէր: Բայց դա այս ամենի հետ կապված ամենից խոշոր հանգամանքը չէ:

Տեսեք. Ալիևն օրնիբուն զավթողական բնույթի, նաև վիրավորական, ռազմատենչ, կոնկրետ Հայաստանն ու ՀՀ ղեկավարություն համարվողներին նվաստացնելու նպատակ ունեցող հայտարարություններ է անում, իսկ հայ ժողովրդի վրա սնայպեր բերող, հայ ժողովրդի ցույցը գնդակահարել սպառնացող «քայլոները» ձայն-ծպտուն չեն հանում: Լուռ-լուռ են:

Մյուս կողմից, Ալիևը շարունակ «միջանցքային» հարցեր է արծարծում, չնայած, ի տարբերություն իր նշածի, օրինակ Հայաստանն Արցախին կապող Բերձորի կամ Լաչինի միջանցքի հարցն, օրինակ, շատ ավելի որոշակի է նշված: Սակայն ինչ-որ չենք մտաբերում, որ փաշինյանական «իշխանությունը» այս 4 ամսվա ընթացքում երբևէ այդ հարցն արծարծած լինի՝ Հայաստանի, Արցախի, հայության շահերի տեսանկյունից: մասնիավորապես նկատի ունենք այն, որ ի հակառակ հիշատակվող եռակողմ հայտարարության տրամաբանության, ոչ մի կերպ ապահովված չէ Հայաստանն Արցախին կապող նեղլի՜կ ավտոմոբիլային միջանցքի (5 կմ լայնությամբ, ըստ համաձայնության) ապահովությունը և այդ միջանցքով շարժվող քաղաքացիների անվտանգույթունը: Այստեղ-այնտեղ մեկ-երկու ռուսական խաղաղապահների տեղակայումը խնդիր չի լուծում: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակաբար ու հետևողականորեն անում է ամեն ինչ, որպեսզի միմիայն իր լիարժեք վերահսկողության տակ գտնվի նաև Լաչինի միջանցքը, իրենք որոշեն, թե ով պետք է այնտեղով մեկնի Արցախ կամ հակառակը՝ Արցախից մեկնի Երևան: Ու բնութագրական է, որ ՀՀ իշխանություն համարվողները բացառապես ոչ մի կերպ, գոնե արտաքուստ, գոնե ձևական ինչ-որ հետաքրքրվածություն չեն դրսևորում՝ Հայաստանի, Արցախի ու հայության շահերը պաշտպանելու տեսանկյունից:

Չնայած, ումի՜ց ինչ ակնկալես, եթե Հայաստանում «իշխանություն» է կոչվում մեկը ու մի խմբակ, որի «թավշապետն» ու նրա «ուսապարկերը», փրփուրը բերաններին, վրա են տալիս հասարակության վրա, հայտարարելով, թե Սյունիքի այս կամ այն գյուղը... ադրբեջանական է, թե՝ այսինչ գյուղից այն կողմ «ադրբեջանական տարածք» է, թե՝ այսինչ գյուղի կեսը ադրբեջանական է, թե՝ Շուշին ադրբեջանական է, թե...
Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները, կատաղի եռանդով պաշտպանում են միմիայն Էրդողանի ու Ալիևի շահերը:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ