09 09 2020

Հայաստանի արտաքին պարտքի հակառեկորդը՝ անցանք 6 մլրդ դոլարը

Հայաստանի արտաքին պարտքի հակառեկորդը՝ անցանք 6 մլրդ դոլարը

Հայաստանի տնտեսական անկումը ամսեամիս խորանում է, իսկ արտաքին պարտքը արագ տեմպերով աճում։ Սա երկրի ապաշնորհ կառավարման անմիջական հետևանքն է։ Կորոնավիրուսը որպես տնտեսական հեղափոխության հնարավորություն համարող և Հայաստանից արտահանումը մինչև 30 մլրդ դոլարի հասցնող Նիկոլ Փաշինյանը իրականում արտաքին պարտքը հասցրեց 6 մլրդ դոլարի, իսկ ընդհանուր՝ պետական պարտքը գրեթե 8 մլրդ դոլար է։ Այժմ ավելի հանգամանորեն այս և այն մասին, թե որքա՞ն է ավելացել Հայաստանի պարտքային բեռը նրա իշխանության ժամանակ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 7 մլրդ 939 մլն դոլար, միայն մեկ ավսա ընթացքում ավելանալով 220 մլն դոլարով։ Արտաքին պարտք կազմել է 6 մլրդ 55 մլն դոլար, մեկ ամսվա ընթացքում աճելով 73 մլն դոլարով, իսկ ներքին պարտքը՝ 1 մլրդ 884 մլն դոլար, աճելով 147 մլն դոլարով։ Հասկանալու համար, թե ի՞նչ է նշանակում միայն մեկ ամսում պարտքային բեռը ավելացնել 220 մլն դոլարով, հիշեցնենք, որ անցած տարվա վերջին ֆինանսների նախարարը հայտարարել էր այս տարի պարտքային  բեռի 490 մլն դոլարով ավելացնելու մասին։ Փաստորեն, մեկ տարվա ընթացքում նախատեսված պարտքի ավելացման գրեթե կեսը ավելացել է միայն մեկ ամսվա ընթացքում։  Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։

Արտաքին պարտքի ավելացման քննադատությունը իրենց հեռացնելու մեկ այլ ճանապարհ էլ է գտել կառավարությունը։ Այսուհետ, կառավարության երաշխիքով վերցված արտաքին պարտքը արտացոլվելու է ոչ թե կառավարության պարտքի մեջ, այլ Կենտրոնական բանկի։ Վերջինս դեռ ԿԲ նախորդ նախագահի օրոք նման հարցերում շտապում էր «օգնության հասնել», արդեն յուրային ԿԲ նախագահի դեպքում դա առավել մեծ ջանասիրությամբ է արվում։ Այժմ տեսնենք, թե ինչպե՞ս է փոխվել պետական պարտքի և մասնավորապես արտաքին պարտքի չափերը 2018 թ․-ի հունիսից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության լիարժեք գործելու ամսվանից ի վեր։

Այսպիսով, 2018 թ․ հունիսի 30-ի դրության ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 704 մլն դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 5 մլրդ 449 մլն դոլար։ Կատարենք պարզ թվաբանական գործողություններ և համադրենք հոդվածի սկզբում նշված պաշտոնական վիճակագրական ցուցանիշների հետ։ Արդյունքում կստացվի, որ ՀՀ պետական պարտքը, այս իշխանությունը երկու տարվա ընթացքում ավելացրել է ավելի քան 1,3 մլրդ դոլարով, որից միայն արտաքին պարտքը՝ ավելի քան 600 մլն դոլարով։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական պարտքը ավելացրել է տարեկան միջինը մոտ 650 դոլարով։ Նախորդ որևէ իշխանության ժամանակ պարտքային բեռի միջին տարեկան նման ահռելի բարձրացում չի եղել։  

Սրան էլ հավելենք, որ պարտքի կառուցվածքն է վատթարացել։ Դրսից վերցված գումարները չեն ուղղվում ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրագծերի, ջրամբարների և այլնի կառուցմանը, այլ ուղղվում են բյուջեի հարյուր միլիարդավոր դրամներով նվազող եկամուտների համալրմանը։ Այսինքն, չստեղծելով տնտեսական զարգացման հիմքեր, ավելացնում ենք մեր երկրի և մեր բոլորիս ուսերին դրված պարտքի բեռը։ Հիշեցնենք, որ նաև արտաքին պարտքի թեման շահարկելով Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, ապա հայտարարեց, որ չի ավելացնելու արտաքին պարտքը ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ