06 04 2020

Լավի մասին միայն` Փաշինյանը, վատի մասին` կառավարության մյուս անդամները

Լավի մասին միայն` Փաշինյանը, վատի մասին` կառավարության մյուս անդամները

Մեկ շաբաթ դադարից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ուղիղ եթերում էր: Նա ասաց, որ աննախադեպ ցուցանիշ ունենք կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված: 

«Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել»,- ասաց նա:

Նրա խոսքով, հույսեր կան, որ դրական դինամիկա կարձանագրվի և արդեն հնարավոր կլինի մտածել երկուշաբթի օրվանից խստացումները թուլացնելու մասին: 

Հիշեցնենք, որ նախորդ լայվը Նիկոլ Փաշինյանն արել էր մարտի 31-ին՝ հայտնելու համար, որ արտակարգ դրությամբ պայմանավորված խստացումները կշարունակվեն: Իսկ մինչ այդ ամեն օր Փաշինյանը ուղիղ եթերում խոսում էր վիրուսի մասին, նոր տվյալներ ներկայացնում, խորհուրդներ տալիս:

Այդ ընթացքում կորոնավիրուսի դեպքերը գնալով ավելանում էին` օրական երկնիշ թվերով, արձանագրվեցին մահվան դեպքեր:

Իսկ Փաշինյանի էջում մենք տեսնում էինք լուսանկարներ և տեսանյութեր, թե օժանդակության ինչ ծրարգրեր է առաջարկում կառավարությունը, թե ինչ լավ բան է հեռավար ուսուցումը։ Այլ կերպ ասած, ինչ դրական բան գտնում, Փաշինյանը տեղադրում էր էջում: 

Իսկ հիմա վիճակագրության մասին մենք տեղեկանում ենք պաշտոնական այլ աղբյուներից, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության միջոցով: Այնպես, ինչպես որ պետք է լիներ, ըստ էության: 

Ստացվում է` վարչապետը վատ լուրեր հայտնել չի սիրում, երևի վատ մեկնաբանությունների տարափից է խուսափում կամ էլ չի ուզում, որ վարկանիշը տուժի, կամ պարզապես պատասխանատվություն ստանձնել այդպես էլ չի սովորել: 

Այնպես որ, դրականի մասին, միայն Նիկոլ Փաշինյանի մոտ, բացասականի` կաավարության ներկայացուցիչների`«ոլորատային պատասխանատուների»: 

Ի դեպ, փոքրիկ նկատառում, աննախադեպ էր նաև թեստավորվողների թիվը` 263, մինչև հիմա, աեմն օր արվել են ավելի շատ թետեր: 

Այս պահին, դատելով իրողություններից, կորոնավիրուսի թվի աճը պայմանավորված է զուտ թեստերի քանակից․ շատ թեստի դեպքում վարակվածների թիվը մեծանում է, ինչն ապրիլի 2-ի ասուլիսում «բացահայտեց» առողջապահության նախարարը։

Թվի պակասն էլ կարող է լինել իրականություն, բայց նաև կարող է լինել տնտեսական սահմանափակումները շուտ վերացնելու և աշխատանքի անցնելու մեծ ցանկության արդյունք։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ