21 10 2019

Բացարձակապես անիմաստ զբաղմունք է ինչ-որ բան բացատրելը

Բացարձակապես անիմաստ զբաղմունք է ինչ-որ բան բացատրելը

Ժողովրդավարության, իրավունքների ու ազատությունների խայտաբղետ դրոշակներով իշխանության եկածների հրահանգով ԱԱԾ-ն փաստացի ճնշում է գործադրում իշխանության թիվ 1 թշնամի հռչակված ՍԴ նախագահի վրա... տարեց հոր ու երեխաների միջոցով: Սանիկներից չպրծած, անցան ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին, այլ մերձավորներին: Այդպես վարվել և վարվում են բացառապես աբսոլյուտ բռնատիրական, հյուսիսկորեական երկրները, ստալինյանի տիպի ռեժիմները, այն էլ, նկատենք, ոչ միշտ: Իսկ Նիկոլ Փաշինյանը չի խորշում դիմել նման՝ բոլշևիկաֆաշիստական մեթոդների:

Ի՞նչ է սա: Կերպարանափոխությո՞ւն: Այսինքն, անձը նախքան իշխանության հասնելը մի արժեքագաղափարական տիրույթում էր, իսկ իշխանության գալուց հետո ու իշխանավարելու ընթացքում ձեռք է բերել ու բերում նո՞ր մոտեցումներ, դիտանկյուն, այլ արժեքագաղափարական կողմնորոշո՞ւմ: Առաջ դեմոկրատ պոպուլիստ էր, հետո դարձավ ավտոկրա՞տ պոպուլիստ: Անհնարին բան չէ, կերպարանափոխություններ լինում են ոչ միայն գրական-գեղարվեստական ստեղծագործություններում կամ բեմի վրա:

Բայց ընթացիկ իրադարձությունների ամբողջական պետկերը հերքում է կերպարանափոխության վարկածը: Ոչ, դա կերպարանափոխություն չէ, այլ իրական նկարագրի ու բնութագրի դրսևորում կամ «ցոլարձակում»: Իսկ ո՞րն է այդ իրական նկարագիրը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության կամ իշխանության դեպքում: Դա ցանկացած այլ տեսակետի ու քննադատության հանդեպ պաթոլոգիական անընկալունակությունն է ու ընդհուպ՝ ֆիզիոլոգիական հարթության վրա դրսևորվող մերժողականությունը, անհանդուրժողականությունը: Ֆիզիոլոգիական հարթության, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանիկները ոչ միայն անկարող են լսել որևէ քննադատական խոսք, այլև այդ քննադատության հեղինակներին ընկալում են որպես իրենց անձնական թշնամի և ունեցած բոլոր ռեսուրսներով (իսկ իշխանության գալով, այդ ռեսուրսները դարձել են անսահմանափակ) «կենաց-մահու» պատերազմի են նետվում քննադատողների, քաղաքական հակառակորդների, իրենց չխոնարհվողների դեմ:

Իրական նկարագիրը այն համատարած կեղծավորությունը, երեսպաշտությունը, երկերեսանիությունն է, որը բնութագգրական է ինչպես առանձին վերցրած նոր նշխանավորների, այնպես էլ իրենց աջակից-ադեպտների ճնշող մեծամասնությանը:

Նրանք, որ իշխանության էին եկել իբր թե օրինականության, ժողովրդավարության, խոսքի ազատության երաշխավորման և նման այլ վառվռուն դրոշակներով, թույլ են տալիս, իսկ ադեպտների դեպքում՝ միահամուռ արդարացնում են ցանկացած ապօրինություն, խոսքի ազատության դեմ ամենաքստմնելի ու ստոր ոտնձգություն, ժողովրդավարություն ասվածի ամենալկտի բռնաբարում: Դա հենց երեսպաշտությունն է:

Նրանք, որ իբր դեմ էին նախկին «հանցավոր ռեժիմի» մեթոդներին, դրանից ավելի վատ, ավելի ցինիկ ու կեղտոտ մեթոդների են դիմում: Խնդիրը տվյալ դեպքում «նախկին հանցավոր ռեժիմը» չէ: Նրանք, ասենք թե, հրեշներ էին, ինչպես ներկայացնում էր արդար ու անկաշառ, սրբից կամ հրեշտակից «5 պակաս» Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում կամ իր տիկնոջ խմբագրած թերթոնում («դեղնության» իմաստով՝ թերթոն):

Բայց իրե՞նք ովքեր են:

Նրանք, որ բյուջեի մսխումներից էին խոսում, շատ մեծ հաճույքով մսխում են այդ նույն բյուջեն, օրինակ, ԱՄՆ ուղևորության վրա չարդարացված խոշոր գումար ծախսելով: Նրանք, որ նախկին պետպաշտոնյաների գործուղումային մեծ ծախսերից էին խոսում, մեկ տարվա մեջ արդեն երրորդ անգամ վերանայում են գործուղումների ծախսերը, որոնք նախատեսվածից 3 անգամ համարյա ավելացրել են, ինչպես կայքերից մեկում էր նշվել, անցնելով 1 միլիարդ դրամից էլ: Նրանք, որ արտաքին պարտքից մեծ չափից էին խոսում, հիմա իրենք են պատրաստվում մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքեր անել:

Շարանը երկար կարելի է շարունակել:

Օրինակներն էլ շատ են: Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկուկես տարվա կարճ ժամանակահատվածում ոչ իշխանական լրատվամիջոցների ու հարթակների վրա արդեն այնքան հարձակումներ են իրականացվել և իշխանության կողմից կիսաթաքուն խրախուսվել, ամենակարևորը՝ մնացել անպատիժ, որ կհերիքեին ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ մի տասնամյակի զեկույցներ կազմելուն: «Հայելի»-ի վրա իշխանության բացահայտ կողմնակիցների հարձակումն ու չձերբակալվելը կարելի է վերցնել որպես վերջին թարմ նմուշ և օրինակ, բայց միայն դա չէ:

Կամ հեղափոխություն-անարյուն հեղաշրջման «իկոնաներից» Դավիթ Սանասարյանը: Ոչ, քրեական գործը չէ՝ վերահսկողական պաշտոնավարման հետ կապված: Այլ վերջին սկանդալային պատմությունը մի երեխայի վերաերթի ենթարկելու հետ կապված: Նախ, ասաց թե որևէ բան չի եղել, հետո ինքն էլ հաստատեց, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ եղել է, վնասված երեխա էլ է եղել: Ու՝ ի՞նչ: Ոչ մի բան: Ձևականության համար ոստիկանությունը, կամ այն, ինչը համարվում է ՀՀ ոստիկանություն, նյութեր էր ուսումնասիրում, ըստ որում, ոչինչ չասելով այն մասին, թե ինչպես կարող է լինել, որ նման վնասվածքներով երեխա հայտնվի հիվանդանոցում ու ոստիկանությանը ոչ մեկը տեղյակ չպահի:

Ոմանք փորձում են այս նոր իշխանավորներին ինչ-որ բաներ բացատրել, հասկացնել, որ անցնում են գրված ու չգրված օրենքների վրայով: Փորձում են հուշել, որ իրենց իշխանությունն էլ, ինչպես ամեն ինչ այս արևի տակ, անցողիկ է ու գալու է հատուցման պահը: Դա բացարձակապես անիմաստ զբաղմունք է՝ նրանց ինչ-որ բան բացատրելը: Անիմաստ է, որովհետև նրանք իրենց չեն դրսևորում որպես քաղաքական պայքարի սուբյեկտ, այլ դիրքավորվում են որպես թշնամի: Նրանց պայքարը հանուն երկրի կամ հասարակության բարելավման չէ, այլ նույն երկրի ու հասարակության դեմ է, վրիժառություն է, տարիներով իրենց կուտակած աբիժնիկության ռեալիզացիան է՝ լրացված բոնապարտիստական հակումներով ու փուչիկ-ամբիցիաներով, բռնապետիկական անհեթեթ կապրիզներով: Այդ խեղկատակությունը, իհարկե, կարող է երկար տևել, բայց հետևանքները սոսկալի են լինում, երբեմն՝ ճակատագրական, առաջին հերթին՝ պետությունների ու ժողովուրդների համար:

Որքան երկարի այս ամբողջ շիլաշփոթը, այնքան ավելի է նվազելու նորմալ Հայաստան ունենալու բոլորիս շանսը:

Հարութ Մինասյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ