29 08 2019

Ինչպե՞ս կփոխվեն ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերը

Ինչպե՞ս կփոխվեն ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերը

Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսության մեջ միակ քիչ թե շատ աշխուժություն ապահովող գործոնը ներկա պահին ավտոմեքենաների ներմուծումն է։ Խոսքը՝ մասնավորապես ամերիկյան, եվրոպական և ճապոնական ավտոմեքենաների այս տարվա ընթացքում զանգվածային ներմուծման մասին է։ Բանն այն է, որ սկսած եկող տարվանից՝ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության տարածքում ևս սկսում են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների համար։ Պարզաբանենք ավելի մանրամասն, թե խոսքն ինչի մասին է։

2015 թ․-ին, երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), այդ երկրներում բազմաթիվ՝ շուրջ 780 ապրանքների մաքսային դրույքաչափերը էապես ավելի էին Հայաստանում գործող դրույքաչափերից։ Երկարատեւ բանակցություններից հետո Հայաստանի նախկին իշխանություններին հաջողվեց համաձայնություն ձեռք բերել միության անդամ գործընկեր երկրների հետ Հայաստանում ԵԱՏՄ դրույքաչափերը հետաձգված ներդնելու մասին։ Վերոնշյալ ապրանքների մեծ մասի համար 5 տարի ժամկետ տրվեց, ինչը նշանակում էր, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2020 թվականից։ Սա վերաբերվում էր նաեւ ավտոմեքենաներին։ Այսինքն, արձանագրենք, որ 2015 թ․-ին, Հայաստան ավտոմեքենա ներմուծողների համար բացառիկ հնարավորություն էր ստեղծվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկներից ավելի էժան գնով ձեռք բերել ավտոմեքենաներ եւ դրանք ավելի շահավետ գնով վերավաճառել միության անդամ երկրներում։ Հենց այդ արտոնության շնորհիվ էլ այժմ Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելու բում է։ Արձանագրենք նաեւ, որ թեեւ արտոնությունը գործում է արդեն 5 տարի, բայց դրանից առավել ակտիվորեն հայ ավտոներմուծողները սկսեցին օգտվել վերջին երկու տարիներին։

Ի՞նչ է տեղի ունենալու 2020 թվականից սկսած։ Եթե հիմա գրեթե բոլոր տեսակի և հզորության մեքենաների համար մաքսատուրքը 10 տոկոս է, ապա ԵԱՏՄ դրույքաչափերի ընդունումից հետո բոլոր տեսակի նոր մեքենաների համար սահմանվելու է 17 տոկոս մաքսատուրք: Մինչեւ 7 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար գործելու է ավելի բարձր՝ 22 տոկոս մաքսատուրք, սակայն մաքսատուրքի չափը չպետք է պակաս լինի որոշակի շեմից։ 7 տարուց ավելի մաշվածություն ունեցող մեքենաների համար սահմանված է խիստ բարձր մաքսատուրք, որը հաշվարկվելու է շարժիչի ծավալով: Այս դեպքում մաքսատուրքը կարող է ավելանալ ընդհուպ մի քանի տասնյակ անգամ։

Օրինակ՝ 2000 թ․-ի արտադրության 2100-2300 եվրո արժողությամբ եվրոպական արտադրության մեքենայի մաքսատուրքը ներկայիս 70 եվրոյի փոխարեն կազմելու է նրա շուկայական արժեքը գերազանցող գումար՝ 2500 եվրո։ Կամ՝ 2010 թ․-ի արտադրության ճապոնական արտադրության մոտ 7000-8000 եվրո արժողությամբ մեքենայի մաքսատուրքը ներկայիս 235 եվրոյի փոխարեն կդառնա մոտ 2900 եվրո։ Այսինքն, ոչ ԵԱՏՄ երկներից ներմուծվող ավտոմեքենարի շուկայական գինը կթանկանա ամենաքիչը 2-3 անգամ։ Սա դժգոհությամբ է ընդունվում ավտոմեքենա ներմուծողների՝ հատկապես ֆիզիկական անձ հանդիսացող ներմուծողների կողմից։ Սակայն, դա ԵԱՏՄ փոխհամաձայնեցված դրույքաչափ է եւ Հայաստանին արդեն տրված է եղել 5 տարվա արտոնյալ ժամկետ։ Ի՞նչ կարող է անել այս կացության մեջ Հայաստանի իշխանությունը։

Առավելագույնը, որ կարող է անել ներկայիս իշխանությունը՝ հասնել նրան, որ եւս մեկ տարով հետաձգեն ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերը Հայաստանի նկատմամբ կիրառելը։ Հենց այստեղ է, որ բացահայտվում է «թավշյա» իշխանության եւ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի անզորությունն ու կառավարման ոլորտում անկարող լինելը։ ԵԱՏՄ գործընկեր երկրները, մեր իսկ իշխանավորների հավաստմամբ, լսել անգամ չեն ցանկանում Հայաստանի համար այդ արտոնության երկարացման մասին։ Արդյունքում, արձանագրում ենք փաստը, որ նախորդ «թալանչի», «վատ» իշխանությունը կարողացավ մեր երկրի և ժողովրդի համար 5 տարվա արտոնություն ձեռք բերել, իսկ «ժողովրդական» վարչապետին ու նրա կառավարության ներկայացուցիչներին գործընկեր երկրները չեն ցանկանում անգամ մեկ տարով արտոնությունը երկարացնելու մասին բանակցել։ Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ «ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը» արտահայտությունը առավել քան ճշգրտորեն է արտացալում Հայաստանի ներկայիս կացությունը։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ