Հոկտեմբերի 1-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորման արդյունքում մահացավ 21-ամյա զինծառայող Գևորգ Սուրենի Հարոյանը: Դրանից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվեց 19-ամյա զինծառայող Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Դրանից 5 օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվեց 20-ամյա զինծառայող Արցախ Մհերի Հովսեփյանը: Դրանից 3 օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կրակոցից զոհվեց պայմանագրային զինծառայող, 38-ամյա Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:
Կարելի է ցավալի շարքը շարունակել, բայց դրա փոխարեն հիշենք մի կարևոր հայտարարություն․ մայիսի 12-ին, երբ Նիկոլ Փաշինյանը բանակի բարձրագույն սպայական կազմին էր ներկայացնում նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, հայտարարեց․
«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, և տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Չեմ ասում, թե մինչ այս այդպես չի եղել, բայց հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»:
Վարչապետի այս հայտարարությունից անցել է մոտ 5 ամիս, ու միայն 12 օրում ունեցել ենք 4 զոհ։ Եվ հիմա արդյո՞ք ընդամենը պոպուլիստական չեն հնչում զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար սոսկ լրահոսի հերթական վերնագիր չդառնալու, ցանկացած դեպք լրջորեն հետաքննելու, հետևություններ անելու, կանխարգելելու, նվազագույն հասցնելու մասին ճոռոմ խոստումներն ու հանձնարարականները։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետ Փաշինյանն ասաց, թե իրենց առաջին, ոչ ֆորմալ շփման ընթացքում առարկայական խոսակցություն է եղել, որի արդյունքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են իրենց պաշտպանության նախարարներին հանձնարարական տալ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու, սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ։ «Ըստ էության, կարող ենք ասել, որ Ղարաբաղ–Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ»,– ասաց Փաշինյանն ու հավելեց, որ նախորդ օրը երեկոյան արդեն համապատասխան հրաման է տվել մեր զինված ուժերին։ «Ուրախ եմ արձանագրել, որ վերջին գիշերը եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը, և հուսով եմ, որ այն տրամանաբանությունը, որ վերջին շրջանում գործում էր, և ցավոք զոհեր էինք ունենում, կորուստներ հայկական և ադրբեջանական կողմից, կդադարի»,– հավելեց վարչապետ Փաշինյանը։
Այսինքն՝ ստացվում է՝ վարչապետի խոստումը Ալիևի վրա դրած հո՞ւսյն էր, վերելակի մեջ մի քանի վայրկյան խոսելուց հետո կրթված տպավորություն է ստացել և հույս է դնում նրա խոստումների վրա՞։ Սա՞ էր կանխարգելումը։ Թշնամի երկրի ղեկավարի թողած տպավորությունն ավելի կարևոր է, քան ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություննե՞րը։
Լավ, ասենք թե Ալիևի հետ պայմանավորվեցիր ու էլ չկրակեց, ինչը խիստ կասկածելի է, իսկ բանակի ներքին հարցե՞րը, չէ՞ որ զոհերի մի մասն էլ լինում է ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում։ Այստեղ ի՞նչ է փոխվել։
Փաստենք, որ մայիսի 12-ի հայտարարություն-հանձնարարականը հերթական ոգևորիչ խոսքն էր, որը որևէ արդյունք չէր ունենալու և ասվել էր ավելի շատ որպես բարի ցանկություն։ Ամեն ինչ մնում է նույնը՝ զոհ զոհի հետևից, և նույնն է անգամ Արցախի ՊՆ հաղորդագրությունը՝ միայն անունները փոխված, իսկ վերջում՝ copy-past․ «ԱՀ ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Ցավակցություն, հավատացեք, պետք չէ։ Պետք է անել այն՝ ինչ խոստացել եք։ Իսկ խոստացել եք ցանկացած դեպքի լրջորեն հետաքննում, հետևություններ, կանխարգելում։
Պոպուլիզմը բավական է։ Իրոք։ Փորձեք աշխատել, եթե, իհարկե, կարող եք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը