12 12 2024

Ընկերոջը աջակցելու համար՝ նվաստացում. ՔՊ արժեհամակարգը

Ընկերոջը աջակցելու համար՝ նվաստացում. ՔՊ արժեհամակարգը

Սկանդալային պաշտոնանկությունների շուրջ կրքերը դեռ չմարած՝ նոր կրքեր բորբոքվեցին արդեն նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի շուրջ, ով երեկ՝ դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ին անդամակցությունը՝ հաջակցություն իր ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի, ապա փոշմանեց:

Ասլանյանը փոշմանեց, բայց ուշ էր, արդեն նախկին կուսակցական ընկերները հասցրել էին հարձակման անցնել, իսկ վերջում էլ որոշեցին՝ «դե եթե դու չես գնում, մենք կհեռացնենք»:

Մի քանի օրինակով ներկայացնենք ՔՊ «միասնական և համերաշխ» թիմի արձագանքները ընդամենը մեկ օր առաջ իրենց կուսակից ընկերը համարվող Հակոբ Ասլանյանի հայտարարությանը:

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյան. «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան. «Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշումով հեռացվեց խմբակցությունից: Եվ ցանկացած մարդ, ով կաջակցի Հովիկ Աղազարյանին, պետք է արժանանա այս ճակատագրին»:

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյան. «Հակոբ Ասլանյանի գլխում, թե ինչ է կատարվում՝ չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել համապատասխան մասնագիտական որակավորում չունենալու պատճառով»:

Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Արմեն Ղալեչյան. «ՔՊ-ից դուրս եկող պատգամավորները հիշեցնում են սեզոնային աշխատողներ, ովքեր իշխանության տաք օրերին վայելում են բոլոր առավելությունները, իսկ քաղաքական պատասխանատվության ձմեռը վրա հասնելուն պես փախչում են»:

Հայտարարություններից զատ աչքի ընկավ նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի և Հակոբ Ասլանյանի նամակագրությունը, որից պարզ էր դառնում, որ Ասլանյանի «մեղայականը» գրել էր հենց Հայրապետյանը, իսկ որպես պարզաբանում ԲՏԱ նախարարի խոսնակը հայտարարեց.

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: Այսքանը»:

Բայց ինչպես իրեն հարգող ցանկացած ՔՊ-ականի պարագայում, այնպես էլ Մխիթար Հայրապետյանի պարագայում պարզաբանումը ևս պետք է պարզաբանել:

Այսպիսով. Մխիթար Հայրապետյանը Երևանի թիվ 127 դպրոցն ավարտել է 2007 թվականին, իսկ Հակոբ Ասլանյանը այդ նույն դպրոցում, ըստ իր պաշտոնական կենսագրության, դասավանդել է 2010-2015 թվականներին:

Դե էլ ինչ ՔՊ-ական հայտարարություն, առանց ստի համապատասխան չափաբաժնի:

Ի վերջո երեկ երեկոյան ՔՊ նիստում Ասլանյանին հեռացրեցին խմբակցությունից, իսկ այսօր մամուլը գրեց, որ հեռացումն այնքան էլ պատշաճ կարգով չի եղել:

Մասնավորապես «Ժողովուրդը» գրել է. «ՔՊ խմբակցության երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել: Կարճ ասած՝ ստորացրել են ու հեռացրել»:


Թերևս սա ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ «միասնական» թիմի և արժեհամակարգի մասին մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ