26 01 2023

Իսկ ո՞րն է Հայաստանի պլանը

Իսկ ո՞րն է Հայաստանի պլանը

Սերնդակիցներս կհիշեն «80 օրում՝ աշխարհի շուրջը» ավտրալիական մուլտսերիալի բացասական հերոս միստր Ֆիքսին, որ Ֆոգի ճանապարհորդությունը խափանելու համար շարունակ ինչ-որ պլաններ էր մշակում: Ու միստր Ֆիքսն ինքն իրեն հարցնում էր. «Իսկ դուք պլան ունե՞ք,-ապա թեթև դադարից հետո բացականչում,- ես հրաշալի պլան ունեմ...»:

Ըստ քպ-ականների ու նրանց ընտրողների՝ ՀՀ վարչապետ, անկասկած՝ մտքի գիգանտ և հայկական «դեմոկարատեի» պանծալի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, մեր մեջ ասած, այնքան էլ նման չէ մուլտիպլիկացիոն միստր Ֆիքսին: Բայց իր կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, թե իրենց տեղեկություններով... «Բաքվի պլանը հետևյալն է․ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան՝ մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը...»:

Բա, որ ասում ենք՝ մտքի գիգանտ է, քմծիծաղում եք: Մի՞թե որևէ մեկը, իհարկե, Նիկոլ Փաշինյանից բացի, կարող էր կռահել կամ թեկուզ մտքի ծայրով անցկացնել, թե որն է «Բաքվի պլանը»: Մի՞թե ուրիշ մեկը կարող էր անալիզ անել, թե Ալիևի հանցավոր կլանն ու հակահայ ադրբեջանական իշխանությունն ինչ նպատակներ է հետապնդում: Իսկ այ, Նիկոլ Փաշինյանը, միայն իրեն բնորոշ խորաթափանցությամբ, պարզել է ու կառավարության նիստում հայտարարեց. «Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը»:

Ախր, էս խաղա՜ղ, օրակարգվա՜ծ, քիրվայացա՛ծ աշխարհում ո՞ւմ մտքով նման բան կանցներ:

Ընդ որում, ադրբեջանական իշխանությունների նպատակը բացահայտելիս, Նիկոլ Փաշինյանը համեստություն է արել, մասնավորապես, «մոռացել» է նշeլ, որ Բաքուն այդ նպատակները հետապնդում է իր՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբոնի գործնական ու մեծ աջակցությամբ: «Մոռացել» է նշել, որ ադրբեջանական իշխանությունը, որը մշտապես է հետապնդել այդ հակահայ նպատակը, դրանում բավականին հաջողել է մի՛միայն իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ իշխանությունը գրավելուց հետո, իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ակնհայտ քայքայիչ, տնաքանդ, երկրաքանդ, բանակաքանդ որոշումներ կայացնելու և քայլեր կատարելու հետևանքով:

Ի դեպ, «Բաքվի պլանն» իմանալու մասին:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե որն է «Բաքվի պլանը»: Ավելին, իրենք գիտեն, թե որն է Ռուսաստանի պլանը, գիտեն, թե ինչ պլաններ ունեն Եվրամիությունն ու Սպիտակ տունը, անգամ գիտեն, թե որն է Թեհրանի պլանը:

Մեծ հաշվով, որ Փաշինյանին հարցնեն, կարող է հայտարարել, թե սատանայի պլանն էլ գիտի (ԱԱԾ-ն է բռնել, ստիպել որ սատանան «պրիզնատ գա»):
Բայց մի փոքր հարց, այնուամենայնիվ, մնում է: Իսկ ո՛րն է Հայաստանի պլանը: Ի՞նչ է ուզում, ինչի է ձգտում Հայաստանը: Չէ, իսկապես, որն է Հայաստանի, կամ այսպես ասենք՝ Երևանի պլանը: «Խաղաղության օրակարգ»-ի մասին բլբլալով՝ երկիրը կտոր-կտոր հանձնել թուրքերի՞ն, Արցախի հայությանն ու առհասարակ հայրենաբնակ հայության անվտանգությունն ու պաշտպանությունը թողնել «միջազգային հանրության» պաշտպանության մածուցիկ հույսի՞ն: Թեպետ... Ում ինչի մասին ենք հարց ուղղում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև հանրահայտ իրողությունների մասին, մասնավորապես, որ «Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով...»:

Հասկանալի է, որ կառավարություն կոչվող խմբավորման անդամներից ոչ մեկը Նիկոլ Փաշինյանին չի հարցնի կամ հանդիմանի, թե՝ հետպատերազմյան ավելի քան 2 տարվա ընթացքում՝ 2020-2022թթ միջակայքում Արցախի կենսապահովման հիմնական ենթակառուցվածքներից, օրինակ, էլեկտրական հոսանքի գծերը, բնական գազի խողովակաշարը ինչո՞ւ չեն վերակառուցվել այնպես, որ չլինեն ադրբեջանական մարդակերների վերահսկողության տակ: Ինչո՞ւ այդ երկու տարվա մեջ միլիոնավոր դոլարներ մսխող փաշինյանական կառավարությունը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Ու մի՞թե այդ անգործությունը հենց ամենաուղիղ հիմնավորումը չէ այն մեղադրանքի, որ Նիկոլի իշխանության և «Բաքվի պլանը» նույնական են:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ