25 01 2023

Եթե կան այդ աստիճանի ծայրահեղ «հարիֆներ», ապա՝ միայն նիկոլական իշխանության կազմում

Եթե կան այդ աստիճանի ծայրահեղ «հարիֆներ», ապա՝ միայն նիկոլական իշխանության կազմում

Նույնիսկ դժվար է միանգամից նկարագրել կամ բնորոշել այն իրականությունն ու միջավայրը, որի մեջ հայտնվել ենք բոլորս՝ մեր երկրից ու երբեմնի հասարակությունից մնացած բեկորներով: Դա սոսկ ցինիզմի ու անբարոյականության թշվառահանդե՞ս է, թե՞ մահ գուժող գիշակերների խրախճանք:

Իսկ ուրիշ ի՞նչ բնորոշում կարելի է տալ այն ամենին, ինչ կատարվում է շագրենի կաշու պես սեղմվող մեր երկրում: Ինչպե՞ս բնորոշել այն վայրենի իրադրությունը, երբ Հայաստանի իշխանություն համարվող խմբակը, առանց մի կրակոցի թշնամուն է նվիրում ժամանակին ազգի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրված հայկական սարերն ու ձորերը, որոնցով, էլի ժամանակին, ազգովի հանգանակած միջոցներով կառուցվել էր Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Դե, իսկ ո՞վ չէր հասկանում, որ այդքանից հետո թուրքը հենց այն է անելու, ինչ արդեն համարյա երկու ամիս անում է, այն է՝ Արցախի մնացորդների շրջափակումը, Արցախի հայությանը Հայաստանի հետ կապի հնարավոր բոլոր միջոցներից զրկելը:

Միգուցե իսկապես կայի՞ն այն աստիճանի «երջանիկ ապուշներ», որոնք անկեղծորեն հավատում էին, որ մարդակեր թուրքերն ինչ-որ պայման են պահելու, կամ այս կամ այն օտար ուժերը, բարեկամ համարվեն, թե ոչ՝ կյանք չեն խնայելու... հայերի համար «կյանքի ճանապարհ» ապահովելու համար: Չգիտեմ, եթե կային էլ այդ աստիճանի դյուրահավատ, խոսակցականով ասած՝ ծայրահեղ հարիֆներ, ապա՝ թերևս միայն նիկոլական իշխանության կազմում: Այն իշխանության, որը թուրքին եղբայր է համարում ու ոչ թշնամի, այն իշխանության, որը գործնականում սպասարկում է թուրքական ու ադրբեջանական թուրքերի շահերը, որոնցից առաջնայինը Հայաստանի ու հայության վերացումն է:

Իսկ հիմա ուշադիր նայեք Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ականների՝ պարարտացած, փայլ ստացած, բոխաղակալած դեմքերին, հիմնականում՝ անճաշակ, բայց բրենդային հագուկապին, գերթանկարժեք «պադավատներին» ու դրանց բոլորի պահվածքին, տաշի-տուշի կեցվածքին: Մի՞թե դրանք բոլորով ու առանձին-առանձին վերցրած, թեկուզ մի չնչին չափով նման են անձանց, ում հետաքրքրում է ստեղծված աղետային իրավիճակը:
Ո՛չ, ոչ մի կերպ նման չեն: Իրենց ոչ մի բանից չի երեևում, որ թեկուզ մի փոքր չափով հաղորդակից են այս դժոխային իրականությանը, որի ձևավորման հիմնական, եթե ոչ՝ միակ «ճարտարապետներն» են:

Հունվարի 19-ին, որպես զինվորների կացարան հարմարեցված ինչ-որ կիսավեր, գոմանման շինության մեջ ողջ-ողջ այրվեց հայոց բանակի 15 զինվորական: Հասկանո՞ւմ եք, 15 ընտանիք մեկեն դժբախտացավ, 15 մատաղ կյանք ընդհատվեց:

Ու ի՞նչ են անում երկրի ղեկավար համարվողը կամ նրա ենթակա պաշտպանության նախարար համարվողը, առաջին հանդիպած ծառից իրենք իրենց կախո՞ւմ են, սո՞ւգ են հայտարարում, չգիտեմ, ամեն ինչ մի կողմ դրած, իրենց գերթանկարժեք պադավատներով (որոնց արժանի էլ չեն) սլանում են դեպքի վա՞յր: Չէ՜ մի...
Իրենց հավաքույթում, որին «կառավարության նիստ» են անվանում, դերասանություն են անում, թե՝ ինչպես է ողբերգությունը եղել, մի խոսքով՝ բլա-բլա-բլա...

Դեռ չենք խոսում այն մասին, որ մի երկու օր սոցցանցերի հիմնական խոսելիքն էր դարձել. իջևաններում տաշի-տուշի անելը այն նույն ժամանակ, երբ քո իսկ խայտառակ կառավարման հետևանքով զոհվածների հարազատները հրդեհից հետո հայտնաբերված մնացորդների ԴՆԹ անալիզի արդյունքներին են սպասում, որ իրենց զավակի աճյունը հողին հանձնեն: Ու այդքանից հետո դուք ինքներդ ձեզ դեռ մա՞րդ եք համարում...

Հետո, ասես մի ինչ-որ հրահանգով, «մոռանում են» այն, որ կատարվածը հետևանքն է այն բանի, որ իրենց նստատեղը պաշտպանող ոստիկանությանը 5 միլիարդ և ավելի պարգևավճարել են, այն, որ «նոր տարվա լուսերի վրա» ահռելի գումարներ են ծախսել, այն, որ իրենց պադավատների վրա միլիոններ է, որ ծախսում են՝ գործնականում ոչինչ չանելով բանակի համար: Բանակը և բանակում մեր զինվորներն ուղղակի խայտառակ վատ պայմաններում են գիշեր լուսացնում, և դա, կարելի է չկասկածել, արվում է միտումնավոր, արվում է նրանց կողմից, ովքեր «կլուբնիկ»-ի մասին հեքիաթներ էին պատմում և «մայկա-տռուսիկ» խաղացնում:

Եվ, ի դեպ, սխալ է կարծել, թե սովորական մարդիկ անտարբեր են դարձել ու անհաղորդ: Համենայն դեպս, 99 տոկոսը այն մարդկանց, ում հետ այս մի քանի օրերին առիթ է եղել շփվել կամ պարզապես կողքից հետևել, լինի տրանսպորտում, խանութում կամ  փողոցում, երկրորդ-երրորդ արտահայտությունից հետո անցնում էին հունվարի 19-ի ողբերգության թեմային: Ու մեծ մասը բավականին հստակ ու կոնկրետ էր արտահայտվում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Պապիկյանի, թե՛ քպ-ի հասցեին, սակայն «տեխնիկական պատճառներով» ձեռնպահ կմնանք այդ արտահայտությունները մեջբերելուց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ