12 01 2023

Ծնողներին սպանողը դատավորին ասում է՝ խղճան իրեն, քանի որ... որբ է

Ծնողներին սպանողը դատավորին ասում է՝ խղճան իրեն, քանի որ... որբ է

Մի այդպիսի հինավուրց անեկդոտ կա: Դատում են մեկին, ով դաժանաբար սպանել է հորն ու մորը: Բանը հասնում է վերջին խոսքին, ծնողներին սպանողը ծուռվիզ նայում է դատավորին ու թե՝ խղճացեք ինձ, որբ տղա եմ...
Նիկոլ Փաշինյանը, իր սիրելի Ալիևի հետ զուգահեռած վերջին ասուլիսում, ի շարս այլ անհեթեթությունների, նման մի բան թույլ տվեց իրեն: Հայրենասիրության մոդելների, դրանց՝ ռենտգենով կամ ԴՆԹ անալիզով պարզելու մասին ճապաղ արտահայտությունների արանքում, ամեն գնով իր թույլ տված աններելի ոճիրներն արդարացնելու համար, ատամների արանքից նետեղ, թե՝ «գիտեինք, թե ուժեղ բանակ ունենք... գիտեինք, թե հուսալի դաշնակիցներ ունենք»:

Ասածի սլաքն այն բանին էր ուղղված, թե մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, ինքն, իբր, անզիջում դիրքորոշում էր վերցրել Արցախի հարցում, քանի որ գիտեր, թե «ուժեղ բանակ ունենք», մինչդեռ, ըստ նրա ասածի կոնտեքստի, պարզվեց, որ այդ բանակը թույլ էր ու  անզոր:

Ի՞նչ կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության վերաբերյալ: Առաջինը, զուտ բարոյականության տեսակետից, Նիկոլ Փաշինյանը պիղծ արտահայտություն է անում, ավելին՝ նա ուղղակիորեն անհարգալից, վիրավորական վերաբերմունք է դրսևորում 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորված, հաշմված, այդ պատերազմը վերապրած զինվորների ու սպաների նկատմամբ: Երկրորդ, փաստական առումով ուղղակիորեն ստում է:

Այո, մենք ուժեղ բանակ ենք ունեցել: Ու այնքան ուժեղ, որ նույնիսկ նիկոլական իշխանության կողմից 2018-2020 թթ. ընթացքում, երեք տարի շարունակ հետևողականորեն իրականացված քայքայիչ, հակաբանակային գործունեությունից հետո, այդ բանակն այնքան ուժ և ներուժ ունեցավ, որ ավելի քան մեկուկես ամիս դիմադրեց ադրբեջանաթուրքատեռորիստական ոհմակներին՝ թիկունքից «գերագույն հրամանատարության» մակարդակով միտումնավոր սխալ որոշումներով ու հրամաններով հասցվող հարվածների պայմաններում: Որևէ այլ բանակ նման պայմաններում 10 օր էլ չէր դիմանա: Մեր բանակը դիմադրեց 44 օր, նույնիսկ ավելին:

Եվ հիմա ելնել ու նման պիղծ հայտարարություն անել բանակի հասցեին կարող էր միայն այդ բանակն ու զոհված, կյանքի գնով թշնամուն դիմագրաված սպաներին ու զինվորներինն խորապես ատող, որևէ սրբություն չունեցող մեկը:

Երեք տարի շարունակ (նախքան պատերազմը, որ հենց ինքն էլ հրահրեց, ավելի ճիշտ՝ անհավասարակշիռ հայտարարություններով լեգիտիմացրեց թշնամու՝ պատերազմ սկսելու մշտական մղումը) բանակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի քայլերը եղել են փորձառու հրամանատարներին հեռացնելը, խոշոր ստորաբաժանումների հրամանատարներին անընդհատ փոփոխելը, ինչը, բնականաբար, վատ էր անդրադառնալու ամբողջ բանակի կազմակերպվածության աստիճանի վրա: Ո՞վ է ընդհանրապես դատողություններ անում բանակի մասին: Նա՞, ում եղած-չեղած պատկերացումները հանգում էին զինվորին «կլուբնիկով» կերակրելուն, իսկ մոբիլիզացիայի մասին պատկերացումն էլ այն էր, որ մարդիկ մահճակալների տակ պահակ սաղավարտներ ու զրահաբաճկոններ ունեն, պիտի թաղի տղերքով հավաքվեն, իրենց միջից հրամանատար ընտրեն և նետվեն մարտի (եթե չեք մոռացել, այդ անհեթեթությունները քաղված են Նիկոլ Փաշինյանի ելույթներից):

Կան զինվորականներ, դեռ բոլորը չէ, որ զոհվել կամ բանտարկված են, այնպես որ, կարող են և արտահայտվել: Ի վերջո, երևի ո՞չ բոլոր գեներալներն «բալետի պարողներ»:

Դաշնակիցների մասին: Լավ-վատ, այո, դաշնակիցներ ունեցել ենք, ու հետագայում էլ, երբ Հայաստանում վերականգնվի հայկական իշխանություն, կունենանք: Բայց մի հատ նայենք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ինչ արեց եղած կամ հնարավոր դաշնակիցների հետ:

Իշխանությունը զավթելուց անմիջապես հետո նիկոլական իշխանության կողմից քրեական գործեր հարուցվեցին, օրինակ, ռուսական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների դեմ: Ավելին, ուղղակիորեն նիկոլական իշխանությանը կցված որոշակի սուբյեկտներ բացեիբաց հայտարարում էին, որ անհրաժեշտ է կալանավորել Պուտինին, երբ նա այցելի այդ ժամանակ արդեն կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հա, նիկոլական իշխանության մեծագույն ձեռքբերում էր ՀԱՊԿ Գլքավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական պատրվակներով քաղաքական հալածանքներ իրականացնելու կապիկությունը: Էլի բաներ կարելի է նշել, բայց այդքանն էլ բավարար է, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ եղավ դաշնակիցը, հուսալիությամբ հանդերձ:

Դեռ չենք խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իր սատելիտ սուբյեկտների միջոցով բացահայտ պրոուկրաինական ելույթներ է ունենում, խրախուսում է Ռուսաստանի դեմ ակցիաներ, ցույցեր ու նման բաներ:  

Ո՞վ, եթե ոչ հենց Նիկոլ Փաշինյանն է միացել հակաչինական ալյանսին: Այնպես որ, Չինաստանն էլ դուրս եկավ հնարավոր դաշնակիցների ցանկից:

Մնաց Իրա՞նը: Դե, Նիկոլ Փաշինյանի հակաիրանական դրսևորումներն էլ անհայտ չեն:

Ի դեպ, Վրաստանը երբեք ՀՀ դաշնակիցների ցանկում չի եղել (գոնե վերջին 30 տարվա մեջ), բայց պատերազմի նախաշեմին Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակի ներկայացուցիչները հաջողացրեցին փչացնել հարաբերությունները նույնիսկ վրացական իշխանությունների հետ:

Ի՞նչ է ստացվում: Մեկը, ով ամեն ինչ արել է, որպեսզի բանակը թուլացնի ու խարխլի, ամեն ինչ արել է, որպեսզի որևէ նորմալ երկիր Հայաստանի գործող իշխանության հետ «գործ բռնելու» որևէ ցանկություն չունենա,  այսօր ելել ու ինչ-որ անհեթեթություններ է դուրս տալիս, թե՝ «գիտեինք՝ ուժեղ բանակ ունենք..., գիտեինք՝ հուսալի դաշնակիցներ ունենք»:

Ռենտգենը չգիտեմ, բայց Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, ու նրանց ընտրողները հաստատ ԴՆԹ անալիզ պետք է հանձնեն, իմանալու համար, թե ինչ ազգային կամ էթնիկ պատկանելություն ունեն:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ