Նախօրեին Նիկոլ Փաշինյանը «բլբուլ էր կտրել»: Բայց ի՞նչ էր ուզում ասել կամ ի՛նչ ասաց իր երկարաշունչ դատարկախոսությամբ այն անձը, ով, անկասկած, թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն է ստեղծված մղձավանջային վիճակի, ինչի համար մի օր դեռ կանգնելու է ժողովրդի դաժան ու անողոք դատի առաջ: Պատասխան, այո, տալու է, անկախ այն բանից, այդ պահին ողջ լինի, թե ոչ: Ու թե՛ ինքն է պատասխան տալու, թե իր ազգուտակը, իր քաղաքական, այսպես ասած՝ շրջապատով հանդերձ: Բայց դա իր հերթին:
Նիկոլ Փաշինյանը, առնվազն հրապարակավ արտասանած երկարաշունչ ճառով ցույց տվեց, որ ինքը, փաստորեն, նոր-նոր իրեն համար պարզել է, որ Ալիևը… թուրք է: Այսինքն, մեկը, որին ոչ մի պարագայում չի կարելի վստահել, որի հետ ոչ մի պարագայում որևէ բան չի կարելի պայմանավորվել, որը հայատյաց է և արյունարբու, որին զսպված պահելու միակ եղանակը նրա քթարմատին կամ պոզամիջին, ինչպես հարկն է, հարվածելն է:
Ինչպիսի՜ հայտնագործություն, չէ՞, Նիկոլ Փաշինյանի ու թուրքի հետ ախպերանալու մուղամներ երգող նիկոլականների համար: Պարզվում է (հետաքրքիր է, թե ում համար)՝ Ալիևը ուզում է զավթել Սյունիքը, ուզում է ցեղասպանության ենթարկել Արցախի հայությանը: Չի՜ կարող պատահել…
Իսկ եթե ավելի լուրջ, չնայած գրեթե անհնար է նման ստախոսին լուրջ վերաբերվել, ապա Նիկոլ Փաշինյանի՝ հանկարծակի վրա հասած ցուցադրական «պայծառացումը», չհաշված արդեն «հայրենասիրական նոտաներով» ճառելը առավել քան մտահոգիչ, եթե չասվի՝ ահազդու են: Եթե Նիկոլ Փաշինյանը «հայրենասիրական նոտաների» վրա է ճառում, կարելի է գրեթե չկասկածել, որ թշնամու հետ արդեն նախնական բանավոր ու «վերելակային» պայմանավորվածություն ունի՝ Հայաստանի ու հայության գլխին մի նոր աղետ բերելու նպատակով:
Չէ՞ որ սա նա է, ով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ծղրտում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ինչի թաքնված նպատակը, ինչպես կյանքը ցույց տվեց, Արցախը թուրքին, թշնամուն հանձնելն էր: Մի բան, որ մեծամասամբ իրագործել է արդեն:
Հիմնականը. Նիկոլ Փաշինյանը, գրեթե ամեն նախադասությունը մեկ, վկայակոչում էր իր ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունը, թե՝ «այնտեղ այսպիսի բան չկա գրած, անպիսի բան չկա գրած…»: Իբր, տեսեք՝ Ալիևը պայմանավորվածույթուններ է խախտում, ստորարգած անգամ կապիտուլյացիոն հայտարարությունը բանի տեղ չի դնում: Ինչպիսի՜ անակնկալ: Ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞…
Իրավիճակի ամբողջ դառնությունը, զավեշտն ու ողբերգությունն այն է, որ Ալիևից բողոքում է… նրան հաղթող դարձրած Նիկոլ Փաշինյանը: Բողոքում է այն Նիկոլ Փաշինյանը, ով նույն Ալիևի հետ «ինչ պետք էր, էն էլ բանակցում» էր, ով Ալիևին համարում է «կիրթ և կառուցողական»:
Եթե մեկն առհասարակ, կարծում է, թե Ալիևը կիրթ ու կառուցողական է, ապա նա կա վերջացած սրիկա է կամ վերջացած ապուշ: Իսկ նա, ով կարծում է, թե կարող է թշնամուց խաղաղություն մուրալ, առավել ևս՝ դա անել ազգի ու պետության գլխին աղետ բերած Նիկոլ Փաշինյանի միջոցով, նա պարզապես անբուժելի և անուղղելի, ինքներդ որոշեք, թե՝ ինչ է:
Ամենից կարևորը. այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանն էլի բարբաջում է… խաղաղության օրակարգի մասին:
Գիտեք, անկախ այն բանից, թե այս պահին ինչ ճառեր է արտասանում Նիկոլ Փաշինյանը, ցուցադրաբար ինչ է ասում Ալիևին կամ որևէ մեկին, նրա իշխանավարման շարունակությունը կարող է միմիայն ողբերգական հետևանքներ ունենալ:
Այն ամենը, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018-2020 թվականներին՝ պետության կառավարման, բանակի թուլացման ու կազմաքանդման, հասարակության «սպիտակասևացման», բանակցությունների տապալման և միտումնավոր փակուղի տանելու առումներով, ավելին են, քան՝ պարզապես սխալը: Դրանք հանցագործություններ են: Իսկ այն ամենը, ինչ նա շարունակեց անել իր «դասավորած» կապիտուլյացիայից հետո, արդեն հանցագործություն էլ չէ, այլ աններելի ոճիր:
Պետք է վերջնականապես բանականությունից հրաժարված լինել՝ կարծելու համար, թե նման մեկը կարող է «խաղաղություն բերել» կամ «խաղաղության օրակարգ» առաջ տանել:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ցանկարատի «ժողովրդավարական» փշալարապատումը վկա, լուծում է հնարավորինս իր իշխանությունը, նույնն է, թե՝ իր ֆիզիկական գոյությունը հնարավորինս երկարաձգելու, ապա եթե կարող է՝ անպատիժ ճողոպրելու խնդիրը: Ողջ հարցն այն է, թե ի՛նչ խնդիր են լուծում կամ ցանկանում լուծել մյուս բոլորը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը