18 10 2022

«Դուխով», կանխամտածված սխալների կործանիչ, հողատու «ստրատեգոսը»

«Դուխով», կանխամտածված սխալների կործանիչ, հողատու «ստրատեգոսը»

Եթե վերնագրի թվարկումից հետո չկռահողներ մնացին, հատուկ նրանց համար պարզ ու կոնկրետ նշենք, որ խոսքը «ժողվարչապետ» ու Հայաստանի վերջապետ Նիկոլ Փաշինյանի մասին է: Վերջինս վերջերս «Ֆեյսբուքից» արտագաղթել է «Թվիթեր» ու այնտեղ է իր գերհանճարեղ գրառումներն անում:

Ահա նախօրեին էլ նա գրել էր, թե, թե՝ Ադրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի սեփական խախտումները: Եվ դրանից, բոլոր ժամանակների մեծագույն քանքար, ազգի «ամենափրկիչ», անհայրենիքների կուռք Նիկոլ Փաշինյանը աներկբա հետևության է հանգել. «Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար»: Չէ, հասկանալի է, որ նրա գրառման մեխը վերջին նախադասությունն է, առ այն, թե՝ «հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են մշտական միջազգային մեխանիզմներ»:

Մեծ հարցական է, իհարկե, թե այդ ում են երբևէ թշնամական ագրեսիայից պաշտպանել «մշտական միջազգային մեխանիզմները», ո՞ր երկրի սահմանների անվտանգությունն են դրանք ապահովել ու որքա՞ն հուսալի: Բայց դրանք դեռ մի կողմ: Պարզից էլ պարզ է, որ անվտանգային սպառնալիքները չեզոքացնելը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի ու նրա արևմտյան ու թուրքական հրահանգիչների համար սոսկ պատրվակ է, որի հեռահար թիրախներից մեկը այստեղից ռուսական ռազմական ներկայության դուրսմղումն է՝ Ռուսաստանի ու նաև Իրանի հետ հարաբերությունները հնարավորինս էլ ավելի վատացնելու հաշվարկով: Բայց դա թող վերլուծեն զանազան աշխարհաքաղաքագետ-փորձագետները, որոնց հացին վայիս լինելու ցանկություն չունենք:

Շատ ավելի հետաքրքիր է նայվում մեծն «ստրատեգոս» Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, թե՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի խախտումները, այդպիսով հող է նախապատրաստում կամ պատրվակ է ստեղծում՝ «Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիա սկսելու համար»:

Տողերիս հեղինակի պատանեկության տարիներին այդպիսի սարկաստիկ ֆրազ կար, որ կիրառվում էր որևէ ակնհայտ բան չափազանց ուշ հասկացողների հասցեին. «Էս ե՞րբ նոր եկար»: Հիմա սրանն է: Նիկոլ, էս ե՞րբ նոր եկար:

Չէ, անկարելի է չհիանալ Նիկոլ Փաշինյանի խորաթափանցությամբ: Ախր ինչպե՜ս գլխի ընկավ, ո՜նց նկատեց, որ Ադրբեջանը, հրադադարի ռեժիմի խախտումների մասին խոսելով, Հայաստանի դեմ նոր ագրեսիայի պատրվակ է ստեղծում: Հազար իմաստուն, որ խելք-խելքի տային, երբեք չէին կռահի:

Հարց. իսկ վերջին, շուրջ 30 տարվա մեջ այդ ե՞րբ ադրբեջանական հակահայ իշխանավորները այդ նպատակները չեն հետապնդել: Մի՛շտ է ադրբեջանական կողմը գործել այդ մարտավարությամբ: Հետևաբար, քանի՞ ղուրուշ արժեն «դուխապետի» վերոհիշյալ հայտարարությունները:

Ավելին, այն բանից հետո, երբ ինչ-ինչ ուժեր Հայաստանում իշխանազավթման միջոցով վարչապետի աթոռին գամեցին «ոչնչիզմի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին, ադրբեջանական կողմն ինչ-որ պատրվակներ փնտրելու անհրաժեշտություն էլ չունի: Եվ չունի այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ինքը և նրա կողմից իրականացվող քանդարարական «քաղաքականությունը» տեղով մեկ արդեն պատրվակ են՝ ցանկացած ագրեսորի համար: Է՛լ ավելին, Նիկոլ Փաշինյանն ու իր քանդարարները գրեթե ամենօրյա ռեժիմով անում են ամեն ինչ, որ Ադրբեջանի իշխող հակահայ կլանը, գումարած՝ ցեղասպան և ոճրագործ Թուրքիան, ավելի մեծ ախորժակ դրսևորեն՝ Հայաստանի ոչնչացման ու հայության բնաջնջման իրենց ծրագրերն իրականացնելու հարցում:

Էլի մեկ հարց. Նիկոլ Փաշինյանն այդ ե՞րբ է «հրադադարի ռեժիմ» հաստատելու փաստաթուղթ ստորագրել, ի՞նչ հրադադարի ռեժիմի մասին է խոսքն առհասարակ: Գուցե 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությո՞ւնը նկատի ունի, թե՞ 2021-ին Ալիևի հետ կնքած ինչ-ինչ համաձայնություններ, Բրյուսելո՞ւմ է նման ռեժիմ սահմանվել, թե՞ Պրահայի այս վերջին խայտառակիչ ու նվաստացուցիչ, մահացու «խաղաղության» մասին հայտարարությամբ:

Հիմարության պես է հնչում նաև «ռազմական նոր ագրեսիա»-ի մասին Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը: Այնպիսի տպավորություն է, որ դա ոչ թե որևէ երկրի վարչապետ է գրել, այլ թերուս մի կիսաժուռնալիստ: Ի՞նչ «նոր ագրեսիայի» մասին է խոսքը, երբ, օրինակ, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի սկսած հարձակումն ու ռազմական ագրեսիայի այդ դրսևորումը տակավին ընթացքի մեջ է:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարությամբ ցույց տվեց ևս մեկ ծանրակշիռ պատճառ, թե իրենից Հայաստանն ազատելը ինչո՛ւ է կենսական անհրաժեշտություն: Չնայած, Հայաստանը կարծես գերադասում է մահը:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ