02 08 2022

«Բոլշևի՞կ» եք, թո՞ւրք, թե՞ զուտ նիկոլական. Արգելված է հայերի մուտքը... Հայաստան

«Բոլշևի՞կ» եք, թո՞ւրք, թե՞ զուտ նիկոլական. Արգելված է հայերի մուտքը... Հայաստան

Եվ այսպես, օրերս արձանագրվեց հերթական դեպքը, երբ նիկոլական թրքահպատակ «իշխանությունների» ուղիղ հրահանգով արգելվում է հայ մարդու մուտքը Հայաստանի Հանրապետություն: Տեղին է ասել՝ առայժմ Հայաստանի Հանրապետություն, քանզի իշխանություն համարվող հակահայ խմբոնի «կառավարումն» ավելի շատ է զուգահեռվում թուրքական որևէ պրովինցիայի գավառական ղեկավարության գործունեության:

Հայաստան հայ մարդու մուտքն արգելելու դեպքը նշեցինք որպես հերթական: Բայց դա զուտ հերթական դեպք չէ, այլ միանգամայն կոնկրետ քաղաքականության դրսևորում: Նիկոլական ժանդարմերիան ու ֆաշիստական «ոստիկանությունը» ֆիքսել են արտերկրում հողատու-երկրաքանդի կամ Թուրքիայի դեմ բողոքի ցույցերին մասնակցած, նման ցույցեր նախաձեռնած հայ մարդկանց, կազմել է համապատասխան «սև ցուցակ», այն տրամադրել սահմանապահ ուժերին, որոնք էլ իրականացնում են թրքաբարո հրամանը՝ արգելելով ցուցակում գրանցված անձանց մուտքը Հայրենիք:

Ի դեպ, նախօրեին մի խայտառակ դեպք էլ եղավ, երբ արգելվեց ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ: Չնայած, դա երևի չի խանգարի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի խիստ ոգևորված լինել 2018-ի «խեղափոխությամբ», իսկ առայժմ նա կարող է «վայելել» իր անվան շուքի ներքո ու իր միջոցներով մարդամեջ մտած, քչից-շատից անուն ու պաշտոն հետ գցած նախկին կուսակից որոշ սուբյեկտների ուրացումը: Ինչևէ, չշեղվենք հայ մարդկանց, կոնկրետ՝ ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների մուտքը Հայաստան արգելելու նիկոլական թրքաբարո դրսևորումներից:

Սկզբունքորեն, դաշնակցականներից մշտապես «մրսել» են թուրքերը, բոլշևիկները, նոր ժամանակներում նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա էլ իր քաղաքական «պապայի» գիծն է բռնել Նիկոլ հողատու Փաշինյանը: Հիմա հայ մարդկանց Հայաստան մտնել արգելողներն ովքե՞ր են, թո՞ւրք, «բոլշևի՞կ», լևոնակա՞ն, թե՞ զուտ նիկոլական: Իրենք թող որոշեն՝ ո՛ր մեկն են, չնայած դրանց միջև էական տարբերություն չկա:

Ի դեպ, տարիներ առաջ, սատանան գիտե, թե ինչ փողերով «պալիտիկա անող» մի ճղճղան ու անդուր սուբյեկտ կար, գարաժների տափակ կտուրներին ցատկոտում էր ու ծղրտում, թե՝ դեմ է Հայաստանի ադրբեջանականացմանը: Կհիշեք: Դա ինչ ասել է, իրականում հակառակն է նկատի ունեցել: Այնպես որ, արտաքին ու թշնամական ուժերի և ապուշացած ու այդպես հիմարային նիրվանայի գրկում մնացած հայաստանաբնակների աջակցությամբ գալով իշխանության, նույն այդ ճղճղանն ամեն ինչ արեց և անում է՝ Հայաստանը ադրբեջանականացնելու համար: Բոլոր առումներով, սկսած ազգուտակին փող ու պաշտոն բաժանելուց, վերջացրած սրիկայագույն ոստիկանական-բռնատիրական ռեժիմ հաստատելով ու հայ մարդկանց մուտքը երկիր արգելելով:

Մինչև հիմա աշխարհի երկրներից միայն Ադրբեջանն էր, որ «սև ցուցակով», ու նաև առանց ցուցակի, արգելում էր հայ մարդկանց, անգամ սպորտսմենների մուտքը: Հիմա Ալիևին այդ հարցում միացել է նրա առաջ կզած ու նրան սպասարկող Նիկոլ Փաշինյանը:

Ըստ այնմ, Նիկոլ Փաշինյանի հակահայ ռեժիմը ձգտում է իր զզվելի շոշափուկները տարածել նաև Սփյուռքի վրա, այսպես ասենք՝ Սփյուռքն օտարել Հայաստանից: Դե, Սփյուռքի հանգանակած հարյուր միլիոն դոլարը գրպանելուց հետո, նաև նման մի «կռիսական» քայլ էր պետք, որպեսզի այնտեղ հանկարծ չմտածեն, թե՝ երբ ցանկանան, կարող են գալ Հայաստան: Զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանը, թերևս ցանկանում է ցույց տալ, թե ի՜նչ «հզոր» բռնապետ է և ի՜նչ կարգի ստորությունների է ընդունակ:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ