12 07 2022

Փաշինյանի «կուրբան-բայրամը». Էրդողանին հեռախոսով է շնորհավորել, իսկ Ալիևի՞ն...

Փաշինյանի «կուրբան-բայրամը». Էրդողանին հեռախոսով է շնորհավորել, իսկ Ալիևի՞ն...

Պաշտոնական հաղորդագրությունը լռում է այն մասին, թե նախօրեին հատկապես ո՛ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը: Կան որոշակի ենթադրություններ այդ նախաձեռնության պահով, բայց դրանց մասին՝ հետո:

Առաջինն, ինչը շատերի ուշադրությունը միանգամից գրավեց ու խոցեց, այն է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին շնորհավորել է մահմեդականների տոնի՝ «Կուրբան-բայրամի» առթիվ (այս տարի այն հուլիսի 10-11-ին էր): Դե, հայատյաց Էրդողանն էլ, իբր տեսեք-տեսեք՝ քաղաքավարի է, գալիք Վարդավառի առթիվ է շնորհավորել: Դե, Էրդողանի շնորհավորած Վարդավառի ջուրը թույն ու լեղի կդառնա կամ էլ՝ «բայրակթար»:

Իսկ, այ, Փաշինյանի կողմից իր գործատու Էրդողանին շնորհավորելն իսկապես էլ հետաքրքիր դիտարկումների տեղիք է տալիս:

Նախ, ո՞ւմ է շնորհավորել Փաշինյանը: Այո, Փաշինյանը շնորհավորել է այն երկրի այն ղեկավարին, որը տարիներ շարունակ իրագործել է հակահայ ծրագրեր, շարունակում է Հայաստանի ոչնչացման ու հայության բնաջնջման քաղաքականություն վարել, որը իր գործընկեր Ալիևին ամեն հնարավոր ձևով աջակցել է Հայաստանի, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ, ավելին, Թուրքիան ակնհայտ ռազմական մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին, առավելապես հենց թուրքական ռազմական մասնակցության հետևանքով են (գումարած Նիկոլ Փաշինյանի՝ կանխամտածված անմիտ որոշումները) հազարավոր հայ զինվորականներ զոհվել: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է թշնամական պետության ղեկավարին, որի ձեռքերը մինչև արմունկները հայերի արյան մեջ են: Գուցե Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ կարելի է շնորհավորել, քանի որ կոնկրետ ինքն ու իր կողմնակիցները, ի տարբերություն Էրդողանի, մինչև կոկորդն են ընկղմված հայերի արյան մեջ:

Հարց է ծագում. Նիկոլ Փաշինյանը Էրդողանին անձամբ ի՞ր անունից է միայն շնորհավորել, միայն Էրդողանի՞ն է շնորհավորել, թե առհասարակ, «եղբայրական» ու «սիրելի» թուրքերին:

Հարց է ծագում նաև, թե հեռախոսով Էրդողանին շնորհավորելուց բացի, հնարավո՞ր է, որ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևին էլ է շնորհավորել Փաշինյան Նիկոլը: Հնարավոր է, որ շնորհավորել է, բայց «օպերատիվ հատուկ կապի» միջոցներով: Այլապես մի տեսակ անկապ ու անշնորհք բան է ստացվում. Ադրբեջանական կողմին պատերազմի համար «բայրակթար» ու իսլամական ջոկատներ, թուրքական բանակի սպաներ ու հատուկ ուժեր մատակարարող Էրդողանին շնորհավորել է, իսկ այդ ամենը անմիջականորեն հայության դեմ օգտագործած Իլհամ Ալիևին՝ ո՞չ: Այսինքն, ի՞նչ, Իլհամն, իբր, թշնամի է, դրա համար չի շնորհավորել, իսկ Էրդողանն, ուրեմն բարեկա՞մ է: Հասկանալի է, Նիկոլի ու նրա ՔՊ-ոների բարեկամը:

Վերադառնանք հեռախոսազրույցի նախաձեռնության հարցին: Պարզ ասած՝ ո՛վ է ում զանգահարել. Նիկո՞լը՝ Ռեջեփին, թե՞ Էրդողանը՝ Փաշինյանին: Առավել հավանական է թվում այն, որ Նիկոլ Փաշինյանն է զանգահարել Էրդողանին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը զանգի նախօրեին այցելել էր Արմավիրի մարզ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու՝ հիմնականում Թուրքիայի ու Ադրբեջանի համար Մարգարայից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին հետևելու համար: Իսկ դրանից հետո, դժվար չէ ենթադրել, որ ափալ-թափալ զանգահարել է գործատու Էրդողանին, զեկուցելու համար, թե՝ «Շեֆ, սաղ թամամ ա, շինարարությունը թափով անում ենք...»: Պատահական չէ, որ հաղորդագրության մեջ նշված է, որ հեռախոսագյալաջու ընթացքում Փաշինյանն ու Էրդողանը խոսել են հուլիսի 1-ի երկկողմ պայմանավորվածություններն արագորեն կատարելու մասին:

Հնարավոր է, Էրդողանի հետ նաև որոշ ճշտումներ են արվել, մասնավորապես, հայության մի նոր համակարգված կոտորած իրականացնելու հետ կապված: Ինպես հայտնի է, Հայաստանի իշխանությունը զավթած պրոթուրքական փաշինյանական ռեժիմը եռամսյա հավաքների անվան տակ, զորակոչի ծանուցագրեր է ուղարկում հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին: Այսինքն, ընդդիմության՝ զորակոչային տարիքի տղամարդկանց հավաքում են մեկ տեղում:

Չի կարելի բացառել, որ գալիք Վարդավառի առթիվ Էրդողանի շնորհավորանքը պարզ ազդանշան է՝ «Շանտղություն» պայմանական ռազմագործողության մեկնարկի համար: Համենայն դեպս, մինչ այս, մինչ այն, ադրբեջանական կողմը շարունակում է ուժեր ու զրահատեխնիկա կուտակել Հայաստանի հետ սահմանի, մասնավորապես՝ Վարդենիս-Սիսիան հատվածում: Հասկանալի է, թե՝ ինչ նպատակով:  

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ