02 06 2022

Հետո՞ ի՞նչ, որ բեռնատարները Լարսում խցանման մեջ են, ՀՀ նախագահի վրացական օրակարգը պատմամշակութային էր

Հետո՞ ի՞նչ, որ բեռնատարները Լարսում խցանման մեջ են, ՀՀ նախագահի վրացական օրակարգը պատմամշակութային էր

Հայ արտադրողները, արտահանողները փաստի առջև են կանգնած: Դեռևս ապրիլ ամսից հայկական, ռուսական և բելառուսական բեռնատարները չեն կարողանում ժամանակին Վերին Լարսով ՌԴ մտնել։ Վրացական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում  հայ, ռուս և բելառուսական մեքենաների համար: Այս հարցով նախօրեին մի շարք գործարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության մոտ, հանդիպել էին կառավարության ներկայացուցչի հետ, բայց որևէ հուսադրող պատասխան չէին լսել:

Ասել են՝ խնդիրը ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմում է, այլ՝ վրացական կողմում է։ Փորձում են վրացիների հետ ինչ-որ կերպ լուծել, բայց դեռ ոչ մի լուծում չեն ստացել։

Էկոնոմիկայի նախարարն էլ լրագրողներին ասել էր, որ օրվա մեջ մի քանի ժամ այս խնդրով է զբաղված: Ասել էր, որ մի 10 օրից էլ կգնա տեղում խնդրին ծանոթանալու։ Ավելին, նա անգամ տնտեսական վնասների մասին էր խոսել՝ ասելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր կլիենր, եթե Լարսի խցանումը չլիներ:

Քիչ դեպքերից է, որ Քերոբյանի հետ դժվար է չհամաձայնել, տվյալ դեպքում՝ միայն գործարարն ու արտադրողը չի տուժում, այլ նաև պետությունը: Ուրիշ հարց է, իհարկե, թե շուրջ երկու ամիս տևող խնդիրը ինչու լուծում չի ստանում, երբ պաշտոնյաններն իրենց պնդմամբ առավոտից երեկո այդ խնդրով են զբաղված:

Դե, իհարկե, պետության գլխի մասին էլ չմոռանանք: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան էր: Խաչատուրյանը Վրաստանում հանդիպեց նախագաին, վարչապետին, նախարարների, խորհրդարանի ղեկավարին: Առաջին հայացքից գուցե կթվա հիանալի հնարավորություն խնդրի մասին հենց տեղում խոսելու համար: Բայց իրականությունը մի փոքր, ավելի շուտ բոլորովին այլ է:

Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև եղած հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Հետո վերադարձել է Հայաստան, իսկ հարյուրավոր հայկական բեռնատարներ շարունակել են մնալ խցանման մեջ Լարսում:

Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը, ով Քերոբյանի վերլուծությունների կարիքը չունի, հասկանալու համար խնդրի էությունը, որևէ խոսք չի ասել Լարսում տիրող իրավիճակի մասին: Արդյունքում բյուջեից գումար ծախսվեց, որ Վահագն Խաչատուրյանը գնա և Վրաստանում պատմությունը հիշի և կարևորի:

Չնայած Վահագնխաչատուրյանական տրամաբանությամբ տվյալ հարցին հավանաբար կպատասխաներ՝ է հետո ի՞նչ, որ խցանման մեջ են, ինչպես ասում էր, է հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են:

Հարկ է նաև հավելել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Եվ նորից ոչ մի խոսք այդքան կարևոր հարցի մասին:

Տաթև Միրզոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ