25 05 2022

Ինչերի՞ է ըստ էության համաձայնել և ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը

Ինչերի՞ է ըստ էության համաձայնել և ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը

Բրյուսելյան վերջին տխրահռչակ հանդիպումը, որ 2020-ի 9.11-ի «անակնկալ» կապիտուլյացիայի հերթական ցնցող արարը կարելի է համարել, եկավ արձանագրելու ակնհայտը. Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձնավորությունն այլևս Հայաստանի վարչապետը չի:
«Ո՞նց թե՝ Հայաստանի վարչապետը չի, բա ո՞վ է»,- միգուցե կհարցնեն անտեղյակ կամ այդպիսին ձևացող որոշ հայրենակիցներ: Արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը, ՔՊ կոչվող իր խմբով հանդերձ, Հայաստանում ադրբեջանական գործերի հավատարմատարն է, ձեռքի հետ էլ՝ թուրքական հյուպատոս: Մինչ այս էլ, մեր բազմաթիվ հայրենակիցներ, մի շարք քաղաքական գործիչներ, մեկնաբաններ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած «իշխանության» մասին խոսելիս, հավելում էին՝ թրքահպատակ, օտարահպատակ բնորոշումները: Սակայն բրյուսելյան վերջին հանդիպումը բացարձակապես մերկացրեց սահմռկեցնող իրականությունը, միաժամանակ արձանագրվեց սոսկական հպատակության կարգավիճակից Նիկոլ Փաշինյանի անցումը արդեն Ադրբեջանի գործերի հավատարմատարի կարգավիճակի:

Իսկ կարո՞ղ է որևէ մեկը նշել տվյալ հանդիպմամբ արձանագրված որևէ թեզ կամ մոտեցում, որևէ քայլ, որն ուղղակիորեն ու լիարժեքորեն չի արտացոլում բացառապես ու մի՛միայն Ալիևի ու ադրբեջանական հակահայ ռեժիմի շահերը, դեռ ցեղասպան Թուրքիայի հետաքրքրությունների բավարարումը չհաշված:
Հիմնականը. Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել՝ պաշտոնապես ու, որ ամենից վատն է՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, բացարձակապես հրաժարվել է Արցախից, ավելին՝ համաձայնել է, որ «եվրոձյաձյաների» ժպիտների ֆոնի վրա, Ալիևը կոտորածի ու բնաջնջման մատնի Արցախի բնիկ հայությանը: Թե ի՞նչ է նշանակում «էթնիկ հայ բնակչության իրավունքներ»... Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում, հազիվ թե իմաստ ունի բացատրել մի ժողովրդի այն ներկայացուցիչներին, որոնք Հրանտ Մաթևոսյանի ասածի տարբերակով՝ անհիշողություն անասուններ չեն և շատ լավ տեղյակ են թե՛ Հայոց ցեղասպանության իրողությունների, թե՛ Շուշիի հայության ջարդերի, Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերի, Մարաղայի ու մնացած վայրագությունների մասին: Դեռ բզի նման Հայաստանի սիրտը խրված, ընդամենը մի քանի տասնամյակում (1920-80թթ.) հայաթափված ու թրքացված Նախիջևանի մասին էլ չենք խոսում:

Ինչերի՞ է ըստ էության համաձայնել և ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:
Նա համաձայնել և ընդունել է, որ՝

ա) Արցախը, որպես ինքնիշխան, պետական միավոր (թող որ միջազգայնորեն չճանաչված) այլևս գոյություն չունի և ընդամենը... այնտեղ կան ինչ-որ էթնիկ հայեր, որոնք ունեն ինչ-որ իրավունքներ, ասենք՝ մազերը կապույտ ներկած կասկածելի նանարիկի իրավունքները և էլի ինչ-որ նման բան:

Բ) Նիկոլ Փաշինյանը, Արցախի հարցն արդեն փակած համարելով, իր քիրվա Ալիևի հետ ձեռնմուխ է եղել Սյունիքը, զուգահեռ՝ Տավուշը թուրքերին հանձնելու գործընթացը եզրափակիչ ընթացքի մեջ դնելուն: Այսպես կոչված «միջանցքների» հարցը հենց դա է: Ըստ որում, պետք է նկատել նաև, որ այսօր, անգամ նույն Նիկոլի հեռացման համար պայքարող հայրենակիցներից շատերը նորմալ տեղեկատվություն չունեն այն մասին, թե իրականում ի՛նչ է կատարվում Սյունիքում:
Գ). Նիկոլ Փաշինյանը գործնականում սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եղած մի ամբողջ շարք բնակավայրեր ևս հանձնել թուրքերին, տվյալ դեպքում՝ Ալիևին: Ըստ որում, խոսքը այնպիսի բնակավայրերի մասին է, որոնք գտնվում են Հայաստանը Վրաստանին կապող, ինչպես նաև՝ Երևանը Սյունիքին և Իրանին կապող ռազմավարական նշանակության մայրուղիների վրա: Այդ գյուղերը թշնամուն նվիրելը հենց այն է, ինչը նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքը կտոր-կտրոր անել: Միաժամանակ, այդպիսով թշնամուն տրամադրվում են կարճ ժամանակ անց Հայաստանից մնացած մանր կտորների վրա հարձակվելու նպաստավոր դիրքեր կամ ուժի գործադրման սպառնալիքով այդ կտորներն էլ կլանելու իրական հնարավորություն:

Եվ մեկը, ում ինչ-որ «խաղաղասերներ» դեռ ՀՀ վարչապետ են համարում, մեկը, որ իր ամեն քայլով միայն այն է անում, որ սպասարկում է ադրբեջանական ու թուրքական շահերը, նա ո՞վ է, եթե ոչ՝ հենց ադրբեջանաթուրքական գործերի հավատարմատար:

Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ոչնչացնում է Հայաստանը, որպես պետական միավոր, և վերացնում է հայությանը՝ որպես պետականություն ունեցող ժողովուրդ: Սա, մեր մեջ ասած, ավելին է, քան պարզապես պետական դավաճանությունը:

Նրա զազրախոս կողմնակիցները, իհարկե, կարող են ցանկացած անհեթեթություն դուրս տալ այդ ամենին դիմադրող հայերի հասցեին, բայց դա արդեն էական չէ, քանի որ թուրքը կոտորելիս ու երեխաներին մորթելիս չի հարցնելու, թե ով էր նիկոլական, ով՝ հականիկոլական, ով էր կարմիր կամ սև բերետ դրած «ենիչերի», իսկ ով իրեն էշի տեղ դրած՝ «քաղաքականությունը կեղտոտ բան է, դրանով ես չեմ զբաղվում» ասող «18 թվի թավշիստ»:

 

Արմեն Հակոբյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ