25 04 2022

Իսկ ո՛ւմ է պետք նման իշխանությունը, իր պարագլուխ Փաշինյանով հանդերձ

Իսկ ո՛ւմ է պետք նման իշխանությունը, իր պարագլուխ Փաշինյանով հանդերձ

Հայաստանը, Արցախը աղետած Նիկոլ Փաշինյանն ու իր, այսպես ասենք՝ «քայլաթիմն» ըստ էության արդեն 4 տարի իշխանություն են:

Չորս տարին առավել քան բավարար ժամանակահատված է՝ ամփոփելու և հետևություն անելու համար: Դիտարկենք, թե չորս տարվա մեջ ի՞նչ «նվաճումների» է հասել Նիկոլ Փաշինյանը, որ փողոցային հուզումների գործիքակազմով 4 տարի առաջ զավթեց իշխանությունը:

Սկսենք նիկոլականների համար սկզբունքային մարսողական համակարգին մոտ նյութականից: Չորս տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի նվազեցրել էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, բնական գազի սակագները, ինչպես լոփո-լոփո խոստանում էր, այլև հակառակը՝ թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը, թե՛ խմելու ջուրը բնակչության, սպառողների համար ավելի են թանկացել, կարելի է ասել՝ շոշափելի:

Նույնը՝ բենզինի և ավտոմեքենաների լիցքավորման գազի մասին: Թանկացե՛լ են:

Թանկացել են կենսապահովման նվազագույն զամբյուղի բոլոր պարենային ապրանքները: Թանկացել է հացը, պանիրը, կարագը, ձեթը, միսը, ամեն ինչ: Իսկ բնակչության եկամուտները չեն աճել:

Ավելացել են աղքատություն ու գործազրկությունը: Ահռելի չափերի է հասել արտագաղթը:

Տնտեսությունը տենդահար վիճակում է հայտնվել այս 4 տարվա ընթացքում: Ոչ մի ռեալ ներդրում, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ, ոչ մի խոշոր կամ նկատելի աշխատատեղեր ապահովող ձեռնարկության գործարկում: Միայն մի «ասֆալտ փռել» է և «ֆեյքերի ֆաբրիկա»: Այսպես կոչված «միլիարդավոր դոլարների» ներդրումներ այդ չորս տարվա մեջ չկան ու չէին էլ կարող լինել, այն էլ մի իշխանության դեպքում, որը թքած ունի բանկային գաղտնիքի, սեփականության իրավունքի, օրենքների վրա: Մի իշխանություն, որը «ռեյդերական զավթումներ» է իրականացնում երկրում եղած քիչ թե շատ խոշոր ընկերությունների դեմ: Ո՞վ է գժվել նման երկրում ներդրումներ անել:

Այսպես կոչված «օլիգարխիկի» մասին: Նիկոլ Փաշինյանն ընդամենը իր «օլիգարխիան» է ձևավորել, որի ամենից ցայտուն ներկայացուցիչները նիկոլական պատգամավորներ Սուքիասյանն ու Արսենյանն են:

Ի դեպ, միլիարդների մասին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չորս տարվա մեջ էապես ավելացրել է Հայաստանի արտաքին պարտքը: Այն աստիճան, որ ամենևին զարմանալի չի լինի, եթե Հայաստանը հռչակվի սնանկ երկիր՝ միլիարդավոր դոլարների պարտքն էլ սերունդների վզին:

Այսպես կոչված «ժողովրդավարության ու ազատությունների» մասին. 2018-22 թվականներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «փողոցային-ժողովրդականից» արագորեն վերաճել է ընդգծված անձնիշխանական-բռնատիրականի, որի պայմաններում բազմապատիկ կրճատվել են սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակաբար աչքի է ընկել խոսքի ազատության, մամուլի ազատության դեմ բռնաճնշումներով, հակաժողովրդավարական օրենքներ սահմանելով, ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ հարձակումներով, այդ թվում՝ իշխանության կողմնակիցների «սև բրիգադների» միջոցով ֆիզիկական բռնություններ և ճնշման այլ եղանակներ կիրառելով:

Նորմա է դարձել ընտրությունների կեղծումը: Իսկ ՏԻՄ ընտրությունների դեպքում, եթե չի հաջողվել կեղծել և ընտրվել է ոչ նիկոլական, ապա գործի է դրվել ոստիկանական ու աած-ական տեռորի զինանոցը, այսպես ասենք՝ զոռով նիկոլական մեկին նշանակելու համար: Փայլուն նմուշ է Վեդիի դեպքը: Իսկ Վանաձորի դեպքում, ուղղակիորեն, պարտվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը պարզապես հրահանգեց կալանավորել ընտրված քաղաքապետին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն իրականացրել է քաղաքական հալածանքներ, մինչև հիմա կան բազմաթիվ մարդիկ, որոնք բանտարկված են քաղաքական մոտիվներով, այսինքն՝ քաղաքական բանտարկյալներ են: Սովորական բան է դարձել բանտարկությամբ խոշտանգումը:

Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 4 տարիների ընթացքում տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ առանցքային պաշտոնների եղած անձանց աղմկահարույց սպանություններ, որոնք հանրությանը ներկայացվել են որպես ինքնասպանություն, ամեն պարագայում, այդ դեպքերից և ոչ մեկի վերաբերյալ չի տրվել սպառիչ կամ քիչ թե շատ ճշմարտանման բացատրություն:

Անցած չորս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները հետևողականորեն կազմաքանդել են Հայաստանի ուժային կառույցները: Առաջնահերթ՝ կազմալուծել են բանակը: Նմանապես՝ ԱԱԾ-ն վերածվել է ընդամենը Նիկոլ Փաշինյանի անձնական ու կլանային շահերը սպասարկող «քաղաքական ժանդարմերիայի», իսկ ոստիկանությունը՝ նիկոլական իշռխանությանն սպասարկող կույր ու ողորմելի մահակի:

Հիմնականը. վերջին չորս տարվա ընթացքում ուղղակիորեն ոչնչացվել են Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության, բնակչությանը թշնամական ագրեսիայից պաշտպանելու եղած համակարգն ու հնարավորությունները:

Այս չորս տարվա նիկոլական իշխանավարծումը հանգեցրել է Արցախի Հանրապետության տարածքի 75-80 տոկոսի կորստին, Հայաստանի Հանրապետության տարածքի 40 և ավելի քառակուսի կիլոմետրի կորստին:

Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը հանգեցրել է Հայոց բանակի առավել մարտունակ ստորաբաժանումների մոտ 5000 զինվորների և սպաների կորստին, մի ամբողջ սերնդի երիտասարդություն է Նիկոլ Փաշինյանի կողմից մատնվել կոտորածի:

Ի լրումն, այս չորս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զրոյացրել է Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, որպես արտաքին-քաղաքական սուբյեկտ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նվաստացուցիչ «խաղեր է տալիս» Թուրքիայի և Ադրբեջանի հակահայ ու ֆաշիստական ռեժիմների հետ, և այդ «խաղերի» հետևանքը Հայաստանի թրքացումն ու ադրբեջանականացումն է:

Հարց է ծագում: Իսկ ո՛ում է պետք նման իշխանությունը, իր պարագլուխ Փաշինյանով հանդերձ:

Սա հռետորական հարց է իհարկե, քանզի պատասխանն ակնհայտ է. հայերիս, Հայաստանի քաղաքացիներիս այդ աղետաբեր ու գլխակեր իշխանությունը պետք չէ: Այն կարող է պետք լինել միայն Բաքվին, Անկարային, քանզի սպասարկում է թուրքական ու ադրբեջանական շահերն ու օրակարգերը: Եվ հա, մի քիչ էլ Մոսկվային է պետք Նիկոլ Փաշինյանը, որպես ժամանակին «Պուտինին չդիմավորող», իսկ հիմա Պուտինի տապչկաները լիզող:

Այնպես որ՝ մեզ այդ իշխանությունը պետք չէ: Իսկ անպետք բանը պետք է նետել աղբամանը, այլապես այդ ժանտահոտից արդեն շնչել չի լինում:

Ի գործ:

 

Արմեն Հակոբյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ