13 04 2022

Այսքան արյուն-արցունք թափելուց հետո «կոկորդիլոսի արցունքներդ» ո՞ւմ են պետք

Այսքան արյուն-արցունք թափելուց հետո «կոկորդիլոսի արցունքներդ» ո՞ւմ են պետք

Ապրիլի 13-ին, «Ավագ չորեքշաբթի», այսինքն՝ այն օրը, երբ Հուդան մատնեց Հիսուսին, մի բան էր կատարվում Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճում, որ և՛ խորհրդանշական է, և՛ եղկելի միաժամանակ: Այո, ելույթ էր ունենում Արցախն աղետի մատնած, հազարավոր հայ զինվորականների զոհվելու համար անմիջական պատասխանատվություն կրող և անձամբ մեղավոր Նիկոլ Վովայի Փաշինյանը:

Չնայած, դա պարզապես ելույթ չէր, այլ տարբեր ժամանակներում նրա ասած զանազան ստերի, կեղծախոսությունների հերթական կրկնողություն:

Վերցնենք թեկուզ այն ամենաանմեղ թվացող սուտը, թե Հայաստանը դեռ 1992-ին, ԱՊՀ-ին անդամակցելիս, իբր, արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա մի սուտ է, որը հրապարակավ, փաստական տվյալների հիման վրա ու ոչ այնքան վաղուց, հերթական անգամ, ի դեպ, հերքվել՝ ներկայացվելով, թե ԱՊՀ-ին անդամակցելիս ինչ նախապայմաններ ու վերապահումներ է պաշտոնապես արել ՀՀ-ն։ 

Բայց, հիմնականներից մեկը: Նիկոլ Փաշինյանը այսօր ձև էր բռնել, թե ինքը տվայտանքների մեջ էր ընկել, քանի որ ո՞նց կանգներ ու ժողովրդին ասեր, որ միջազգային հանրությունը պահանջում է հանձնել 7 շրջանները… Իբր, տեսեք-տեսեք, իրեն համար դա բարդ էր, որ ինքը իրեն մեղավոր է զգում, որ 2018-19 թվականներին չի կանգնել ու դա ասել ժողովրդին:

Մի րոպե, էլի, ո՞վ է սա ասում, առհասարակ: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞, որ նախքան փողոցային եղանակով իշխանությունն ապօրինի զավթելը, մի 20 տարի շարունակ, իր անձնական թերթոնում հենց միայն այն էր օրումեջ գրում, որ դրանք Ադրբեջանից խլված, օկուպացված շրջաններ են, որ դրանք ադրբեջանական հողեր են: Այդ ի՜նչ էր պատահել, որ մի 20 տարի ադրբեջանական քարոզչաքաղաքական շահերը սպասարկած Նիկոլ Փաշինյանն ու, ի դեպ, ներառյալ իր տիկինն ու հիմա ԱԺ-ում դեպուտատացած «ՀԺ» այլ աշխատակիցներ, մեկ էլ հանկարծ տվայտվում էին՝ հայտնե՞լ ժողովրդին, թե դրսից ասում են՝ «յոթ շրջանները հանձնեք», թե՞ չհայտնել:

Սա ո՞ր Նիկոլ Փաշինյանն է, արդյոք այն նույն Նիկո՞լը չէ, որ իրեն մեջտեղից պատառոտում էր, թե՝ «Շուշին ադրբեջանական քաղաք է», թե՝ Գորիսի վերջին գյուղից դեպի արևելք արդեն ադրբեջանական տարածք է: Ի՞նչ է, նրա այդ արտահայտություններից ո՞ր մեկից հետո է որևէ մեկը նրան մի բան արել, որ 2018-19-ին, իբր երկմտում էր՝ ասե՞լ, թե՞ չասել ժողովրդին:

Ժողովուրդն ու հասարակությունն էլ, իբր, չգիտեի՞ն: Ինչպես չգիտեին, երբ բոլոր նախկիններն էլ, տարբեր ձևակերպումներով բանակցային տարբեր առիթներով բազմիցս նշել են, որ Արցախի խնդրի շուրջ հիմնական քննարկումները այն են, որ փոխզիջում լինի՝ տարածքների (որոշ մասի) վերադարձ՝ Արցախի հայության ինքնորոշման ճանաչման ու անվտանգության, միջազգային երաշխիքների դիմաց: Ասում ու Նիկոլի կարգի «լրագրողների» կողմից սուր քննադատության տարափի տակ էին հայտնվում, բայց ասում էին, չէին թաքցնում:

Իսկ ի՛նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա գնաց Արցախ, Վերածննդի հրապարակում կանգնեց ու ծղրտաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», դրանով ազդանշան տվեց Ալիևին, որ սկսի հարձակումը, իսկ հիմա էլ Փաշինյանը կանգնել ու ԱԺ ամբիոնից «կոկորդիլոսի արցունքներ» է թափում:

Քանի՞ ղուրուշ արժեն նրա թափած «կոկորդիլոսի արցունքները», հազարավոր մեր զինվորականների արյունը թափելուց, պատերազմն արագացնելուց, Արցախը աղետի մատնելուց, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ կործանման ընթացքի մեջ մխրճելուց հետո:

Չկա, չի՛ լինելու ո՛չ Արցախ, ո՛չ Հայաստան, ո՛չ էլ կենսունակ հայություն՝ սեփական երկրում, քանի դեռ վարչապետ է համարվում Նիկոլ Փաշինյանը: Մինչև նա ու նրա սպասարկուների խումբը չհեռացվի իշխանությունից, չձերբակալվի ու չկանգնեցվի դատի առաջ, այս մահվան երթից դուրս գալու ո՛չ մի տարբերակ չկա: Փրկվելու, ոտքի կանգնելու, հայ ու Հայաստան մնալու բոլոր քայլերը սկսվում են միակ մեկնակետից՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբոնի անհապաղ հեռացում: Առանց դրա՝ ցանկացած քայլ անիմաստ է:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ