29 03 2022

Փաշինյանի ԱԽ-ը… յաթաղանը սեփական ձեռքով Հայաստանի վզին դրած՝ խաղաղություն են մուրում

Փաշինյանի ԱԽ-ը… յաթաղանը սեփական ձեռքով Հայաստանի վզին դրած՝ խաղաղություն են մուրում

Անտեղյակ դիտորդին կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանի հիմնարկներից «անվտանգության խորհուրդը» և դրա մասնակիցները վերջապես լեթարգիական քնից ելել են ու հայտնաբերել ակնհայտ իրողություններ: Մասնավորապես, կարող է թվալ, որ թուրքին սիրաշահող Փաշինյանն ու նրա գործակիցները հանկարծակի իմացել են, որ իրենց սիրելի Ալիևն ու առհասարակ ադրբեջանական իշխանությունը ցանկանում է Արցախի հայությանը բնաջնջել և էթնիկ զտումներ անել (ինչպիսի՜ նորություն, չէ՞): Կամ, ասենք, հանկարծակի, այն էլ՝ ԱԽ նիստից մի կես ժամ առաջ տեղեկացել են, որ Թուրքիան, իրենց սիրելի Էրդողանի պապերը ներառյալ, հայերի ցեղասպանություն են իրականացրել, իսկ Ռեջեփն էլ շարունակում է իր պապերի հանցագործությունը՝ նպատակ ունենալով այն վերջնագծին հասցնել: Այն է՝ վերացնել Հայաստանն ու հայությանն առհասարակ:

Հետաքրքիր է, տեսնես «պատմության մասնագետ» Միրզոյան Արարատը անգալստուկ Չավուշօղլուի հետ գրկախառնվելիս գիտե՞ր այդ մասին, թե՞ նա էլ իր պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանից ԱԽ վերջին նիստում տեղեկացավ, որ ա) Թուրքիան ցեղասպանություն իրականացրած պետություն է, և ամենակարևորը՝ բ) «…որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ» (մեջբերում ԱԽ նիստի մասին հաղորդագրությունից):

Հա, ի՛նչն է հետաքրքիր ու զավեշտական միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ԱԽ-ն ադրբեջանական նկրտումների վերաբերյալ նման հետևությունների հանգել են, ինչպես նշված է՝ «իրադրության վերլուծություն» կատարելով: Նրանք, փաստորեն, կարողանում են վերլուծել: Այստեղ բանալի բառը, այնուամենայնիվ, «իրադրությունն» է:

Բանն այն է, որ այդ «իրադրությունը», որն, ըստ իրենց, վերլուծել են Փաշինյանն & co.-ն, ախր, հենց իրենք էլ հետևողականորեն ու կանխամտածված ստեղծել են: Իշխանության գալով՝ 2018-2020 թվականներին հիմք են ապահովել ադրբեջանաթուրքական տանդեմին՝ Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու և պարտության մատնելու համար:

Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից, երբ Փաշինյանը, կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելով արձանագրեց ամբողջ կյանքի իր գլխավոր երազանքը՝ տապալել հայությանն ու մատնել պարտության (դե նա պարտությունների ու սխալների պաշտամունք ունի, ինչպես խոստովանել է, անգամ՝ ոտանավորներով), մի խոսքով, առ այսօր նույն Փաշինյանն ու նրա խմբավորումը ամեն ինչ անում են, կարելի է ասել՝ կաշվից դուրս են գալիս (Սուքիասյան Խաչատուրն ու ոչ միայն նա վկա), որպեսզի Հայաստանում սպասարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը:

Իրե՛նք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (նաև՝ նրանց ձայն տվող անխտիր բոլորը, նաև «ոչնչի համար» զոհված տղաների այն ծնողները, որոնք Աննայի հետ քեֆի սեղան նստած, երջանկությունից ուղղակի շողում էին) միանգամայն կանխամտածված, թշնամուն են հանձնել ամենը, ինչ հնարավոր էր հանձնել:

Ու... շարունակում են խոսել «խաղաղության օրակարգից» Ձեր «օրակարգը» ի սկզբանե նեխած է և դրանից արյան ու նոր զոհերի հոտ է գալիս: Ու, հո՛պ, Փաշինյանի ԱԽ-ն նախօրեին նշում է. «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»:

Զի՛լ է, չէ՞: Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբավորումը, պատկերավոր ասած, գիտե՞ք, թե ինչ է արել. թուրքի յաթաղանն իրենց ձեռքով բերել են, հարմարեցրել Հայաստանի վզին ու խաղաղություն են մուրում: Խաղաղության մուրացկաններ են: Անթրաշ:

Թուրքի պատկերացրած «խաղաղությունը» մորթված հայն է: Իհարկե, նիկոլականներին դա չի սպառնում, նրանք չէ՞ որ սիրում են թուրքերին ու Թուրքիան: Ահավասիկ, կարկառուն նիկոլական մեծահարուստն է ասում, թե՝ «հարևանություն կանենք»...

Մի՞թե հնարավոր չէ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ հարևան լինել: Գիտեք, հնարավո՛ր է: Բայց միայն այն դեպքում, երբ Հայաստանը ունի մարտունակ բանակ, նորմալ տնտեսություն, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված սերունդներ, գնչուական աշխարհընկալումից մաքրված հասարակություն, կայուն պետություն, բանիմաց ու գործունակ ղեկավարություն, որ ղեկավարները ապուշ-ապուշ հայտարարություններ չի անում, ու թշնամուն գիքորաբար «էստի համեցեք» չի կանչում:

Կարճ ասած, խաղաղություն չեն մուրում, հաստատում են: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ուղղակիորեն փոշիացրել, խժռել, մսխել են խաղաղություն հաստատելու և խաղաղ ապրելու Հայաստանի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները՝ ռազմական, տեխնիկական, տնտեսական, քաղաքական, արտաքին-քաղաքական մարդկային, բարոյական բոլոր ռեսուրսները:  

Ու հիմա, որ ԱԽ-ն հայտարարում է. «...միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար», թող մի հատ հայելու մեջ նայեն: Կոլեկտիվ: Եթե հանկարծ հայելին նրանց դեմքերն արտացոլի (եթե), միգուցե կնայեն իրենց աչքերի արտացոլանքին ու... կինքնաոչնչանան: Չէ՛, ամոթից չէ, այլ՝ պարզապես, ինքնաոչնչանան, էլի, հերի՛ք է, որքան ոչնչացնեն:

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նշած «միջազգային զսպման մեխանիզմների»-ն, ապա մինչև դրանք գործարկեն, մանավանդ, ՔՊ-նիկոլական իշխանության պայմաններում, վերջիններիս սիրելի թուրքերը արդեն Արցախի մնացորդները ոչնչացրած կլինեն, եթե ոչ՝ խիտ շրջապատման մեջ առնված Սյունիքն էլ՝ հետը:

Հարցը շատ պարզ է. Հայաստանն ուզո՞ւմ է իրականում գոնե ինչ-որ ապագա ունենալ: Եթե այո, ապա պետք է Փաշինյանին ու նրա խմբակին ամենակոշտ ձևով հեռացնի պետության ղեկից՝ համարժեք պատասխանատվության առաջ կանգնեցնելով ու առհավետ մերժելով նրանց: Դա է մնացյալ քայլերի, գործողությունների, հնարավորությունների անկյունաքարային ու անվիճելի պայմանը: Մնացյալը, այդ թվում՝ «հիմա դրա ժամանակը չէ, համախմբվենք...» ու նման, չգիտես, թե է՛լ ինչ «թեզերը» կամ մանիպուլյացիա են, կամ էլ ինքնախաբեություն:

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ