Այս օրերին, ինչպես հայտնի է, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի գլխավորած բազմամարդ պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա, ավելի ստույգ՝ տուրիստական առումով հանրահայտ Բալի կղզի, է՛լ ավելի ստույգ՝ այդ կղզու հարավային մասում գտնվող Նուսա Դուա, որն էլ իր հերթին, հայտնի է որպես զբոսաշրջային կենտրոն՝ շքեղ հյուրանոցներով և նմանօրինակ այլ «թաշախուստով»:
Բայց հանկարծ ուրիշ բան չկարծեք, Ալեն Սիմոնյանն ու նրա գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունն այնտեղ մեկնել են ոչ թե Բալի կղզու վայելքներին ծանոթանալու, այլ՝ աշխատելու նպատակով: Դա գործուղում է: Համենայն դեպս, պաշտոնական վարկածով ու նույն Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ այդպես է ձևակերպված. «Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար...»: Վերջիվերջո, հո չէին ասելո՞ւ, թե՝ տեսանք գարունը չի գալիս, ելանք-գնացինք Բալի...
Հրապարակված և սկանդալային ուշադրության կենտրոնում հայտնված փաստաթղթի համաձայն, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանից բացի, պատվիրակության կազմում են հետևյալ անձիք. ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը (դե, ինչպե՞ս կարելի է նման պատասխանատու գործուղման մեկնել առանց աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի), ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և ԱԺ լրատվականի (իրականում երկար անվանում է) լուսանկարիչ-օպերատորը:
Ինչ վերաբերում է լուսանկարչին, ապա նա հաստատ աշխատանքային գործուղման է մեկնել, քանի որ կասկածից վեր է, որ Ալեն Սիմոնյանը բոլ-բոլ կլուսանկարվի, ի վերջո, պե՞տք է թարմացնի նախագահականի մեծ պատուհանների մոտ արված սիլուետային նկարը և ոչ միայն: Ի դեպ, ըստ հրապարակված փաստաթղթի՝ վեհաժողովը մարտի 18-23-ին է լինելու, բայց պատվիրակության ղեկավարի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործուղումը մարտի 18-26-ն է նշված, այլ գործուղյալներինը՝ մինչև ամսի 23-ը, 24-ը, 25-ը: Այսինքն՝ տարբեր օրերի են նրանց գործուղումներն ավարտվելու, ինչը մի տեսակ անհեթեթ է նայվում, կամ էլ պատվիրակության մյուս մասը Ինդոնեզիայում ուրիշ գերկարևոր պետական (անպայմա՛ն պետական) գործեր ունի:
Հեգնանքը՝ հեգնանք, բայց այս ինդոնեզական գործուղումը պաշտոնապես արձանագրված ծաղր է Հայաստանի ու Արցախի, ընդհանրապես, հանրության և ընտրողների հանդեպ: Հարցն այն չէ միայն, թե ինչի վրա են ծախսվում պետական միջոցները: Հենց նման թունդ-աշխատանքային գործուղումների համար պետբյուջեից ԱԺ-ին հատկացումներ արվել են: Հարցն այն չէ միայն, թե այդ միջոցառմանը՝ Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելը Հայաստանի համար ինչպիսի կարևորություն ունի կամ չունի, ինչ է տալու կամ չի տալու նույն՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած իշխանության մեղքով ծվատված մեր երկրին ու հասարակությանը:
Այդ ամենը, իհարկե, արժե քննել, բայց կա այս եղելության ոչ պակաս կարևոր քաղաքական ու բարոյական կողմը:
Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելով պետություն է: Խորհրդարանի ղեկավարն, ըստ այնմ, պետության առանցքային դեմքերից մեկն է: Ու մի իրավիճակում, երբ Հայաստանն ուղղակիորեն գտնվում է բազմաթիվ արտաքին սպառնալիքների ու անգործունակ կառավարման հետևանքով ստեղծված լրջագույն խնդիրների անմիջական ազդեցության տակ, մի իրավիճակում, երբ թշնամին, ի դեմս ադրբեջանական թուրքերի, սիստեմավորված հարձակումներ է իրականացնում Արցախի բեկորների վրա մնացած հայերի վրա, Արցախի հայաթափման ագրեսիվ քայլերի է դիմում, երբ մեր երկիրն ուղղակիորեն ու առանց չափազանցության՝ ծվատված է և արնահոսում է, ԱԺ նախագահ համարվող անձը, այ այսպես, մի 10 հոգի էլ հետևը գցած, մեկնում է Ինդոնեզիա, տուրիստական Բալի կղզի, Միջխորհրդարանական միության քողի տակ «տաք երկրներում» ֆռֆռալու...
Սա այնպիսի աղաղակող խայտառակություն է, որ նույնիսկ հավելյալ մեկնաբանելու անհրաժեշտություն չկա:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը մի «պարտայգենոսսե» (կուսակցական ընկեր, գերմ.) ունի, որը ժամանակին բացականչում էր. «Է՞ս չեք...»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը